կարևոր
2419 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-19 12:30
Քաղաքական

Ոչնչից այս հիստերիան խոսում է մեկ բանի մասին. երկվա հավաքի ուղերձը տեղ է հասել. Քրիստինե Վարդանյանը` իշխանության արձագանքի մասին

Ոչնչից այս հիստերիան խոսում է մեկ բանի մասին. երկվա հավաքի ուղերձը տեղ է հասել. Քրիստինե Վարդանյանը` իշխանության արձագանքի մասին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Պարզվում է` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով անցկացված երեկվա մարդաշատ հավաքի հետ ՔՊ-ականներն ընդամենը մեկ խնդիր ունեն. քաղաքացիների պատրաստած տասնյակ, եթե ոչ հարյուրավոր պաստառներից մեկի վրա վրիպակ է եղել:

Ու հիմա ՔՊ-ականներն՝ իրար հերթ չտալով, չես էլ հասկանում, ծաղրո՞ւմ են քաղաքացիներին, իրենց են հանգստացնո՞ւմ, խմբային թերապիա են իրականացնո՞ւմ:

Իհարկե, աբսուրդ է երկրում բոլոր ոլորտներում ճգնաժամ ստեղծածների այս պահվածքը, աբսուրդի զգացողությունը սրվում է, երբ հիշում ես ծաղրողների շեֆի ելույթները միջազգային ամբիոններից, կամ ֆեյսբուքյան հրապարակումները, կամ օրինակ Աշտարակը Արմավիրի մարզկենտրոն ներկայացնելը, երբ տեսնում ես, որ ծաղրողներից մեկը Հաղարծինի վանքը Գոշավանքից չտարբերող Արփի Դավոյանն է, կամ մարդու ականջներ ու լեզու կտրել սպառնացող Արթուր Հովհաննիսյանը, երբ հիշում ես ԱԺ վերջին քառօրյան, որտեղ տգիտության հաղթարշավ էր ու պայքար բարձրագույն կրթություն ունեցողների դեմ՝ պնդումով, որ պատասխանատու պաշտոններ զբաղեցնողների համար ամենևին էլ հարկավոր չէ բարձրագույն կրթություն ունենալը:

Բայց ոչնչից այս հիստերիան խոսում է մեկ բանի մասին. երկվա հավաքի ուղերձը տեղ է հասել: Իրենց էլ է պետք հասկանալ` բա ինչի՞ն անդրադառնային, արդեն չեն էլ վիճարկում, որ բանտերը լցրել են տասնյակ քաղբանտարկյալներով, ապօրինի հետապնդում են ցանկացած ընդդիմախոսի. թե բա` պաստառի վրա վրիպակ կա, բեմից հնչած երգերը դուրներս չի գալիս, մարդիկ շատ են, «подъезд-ը կեղտոտ ա, Հիտլերը տեղում չի»:

Լավ չի, օրենք ընդունեք, որ ցանկացած ընդդիմադիր հավաքի ծրագիրն ու պոստերները պետք է հաստատվեն ՔՊ վարչության նիստով:

Իսկ իրականում երեկվա հավաքի ուղերձը շատ պարզ էր. անարդարությունները, եկեղեցու վրա հարձակումները ծնում են հակազդեցություն ու միավորում շատերին, և ոչ թե ինչ-որ պաստառ, այլ հենց այս միտքն է ալեկոծել ՔՊ-ականների հոգիները:

Ուրեմն, այս առիթով կարելի է շնորհավորել և' հավաքի կազմակերպիչներին, և' ամբողջ ընդդիմադիր դաշտին»: