կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-25 15:03
Քաղաքական

Արթուր Բաղդասարյանը խոստովանեց, որ Սերժ Սարգսյանն ՕԵԿ-ին բանի տեղ չի դրել

Արթուր Բաղդասարյանը խոստովանեց, որ Սերժ Սարգսյանն ՕԵԿ-ին բանի տեղ չի դրել

Այսօր լրագրողների հետ զրույցում ՕԵԿ առաջնորդը խոստովանեց, որ կոալիցիայից դուրս են գալիս, որովհետև ցանկանում են «վերջապես ազատություն, ազատություն ու առողջություն»:

 

Նրա այս խոստովանությունից հետո ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը անգամ ծափահարեց՝ դրանով իր լիակատար համաձայնությունը հայտնելով, որ մինչ այժմ կոալիցիայի կազմում իրենք ազատ չեն եղել:

 

Արթուր Բաղդասարյանը խոստովանեց նաև, որ, կոալիցիա մտնելով, ՕԵԿ-ը ունեցել է վարկանիշի մեծ անկում, բայց համաձայնել են կոալիցիա մտնել երկու նպատակով` որպեսզի երկիրը խուսափի արյունահեղությունից, և որպեսզի կարողանան կյանքի կոչել ՕԵԿ-ի ծրագրերը: Այնինչ` այս տարիների ընթացքում, ըստ ՕԵԿ-ի, 36 նախագծեր չեն ընդունվել: Երբ Դաշնակցությունը կոալիցիայի անդամ էր, շրջանառության մեջ էր «իշխող կոալցիայի անդամ» արտահայտությունը, այնինչ` այսքան տարիների ընթացքում, ՕԵԿ-ի հետ կապված, նման արտահայտություն չի հնչել:

 

Հարցին` Սերժ Սարգսյանը այս տարիների ընթացքում ՕԵԿ-ին բանի տեղ չի՞ դրել, նա պատասխանեց, որ չի վիրավորվում դրանից, որովհետև Սերժ Սարգսյանի հետ ընկերությունն առանձին հարց է, բայց, այո, քաղաքական առումով դա այդպես է եղել:

 

«Լինելու ենք ընդդիմություն, լինելու ենք համառ, սկզբունքային ու պատասխանատու մեր ժողովրդի համար: Կոալիցիա մտել էինք ժողովրդի համար, դուրս ենք գալիս ժողովրդի համար, թող դա ամպագոռգոռ չհնչի»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

 

Yerkir.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ այսքան տարիների ընթացքում չեն հնչեցրել իրենց հիմնական դժգոհությունը, որ ՕԵԿ-ը չի մասնակցում որոշումների կայացմանը, նա նշեց, որ իր հարցազրույցներում այդ դժգոհությունն արտահայտվել է: