կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-30 18:20
Հասարակություն

Սպասումների մեջ

Սպասումների մեջ

Ներկայացնում ենք անցյալ տարի Yerkir.am կայքում հրապարակված` Վահան Հովհաննիսյանի «Սպասումների մեջ» հոդվածը:  

Մարդկության պատմությունը պարզեցված կարելի է ներկայացնել որպես հարստության կուտակման և դրա հետագա վերաբաշխման պատմություն: Կուտակելու ձգտումը բնական է և անխուսափելի՝ այդպիսին է թե' առանձին մարդու, թե', ընդհանրապես, մարդկության բնույթը: Այս իմաստով պետք է ընդունենք, որ Ֆրանսիական հեղափոխության «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» հանրահայտ և հրաշալի կարգախոսում արդեն իսկ որոշ հակասություններ կան: Բանն այն է, որ ազատությունը հենց այն ուժն է, որը մեզ անխուսափելիորեն դրդում է կուտակման: Իսկ կուտակումը եւ ոմանց հարստացումն անխուսափելիորեն տեղի են ունենում մյուսների աղքատացման հաշվին, այնպես որ` հավասարությունն ու եղբայրությունը ֆրանսիական բանաձևում ստիպված են լինում մի կողմ քաշվել ազատության ճնշման տակ:

 

Ավելին՝ մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ հիմնարար փաստաթղթերում և շատ պետությունների սահմանադրություններում ամրագրված հավաստիացումները, թե բոլոր մարդիկ ծնվում են հավասար ու ազատ, նույնպես դժվար է ընդունել որպես բացարձակ ճշմարտություն: Մենք ծնվում ենք տարբեր հասարակություններում, սոցիալական խմբերում և ընտանիքներում, որոնք տարբերվում են իրենց եկամուտներով, մշակույթի և կրթության մակարդակով, ավանդույթներով, մտավոր, բարոյական և ֆիզիկական ունակություններով և այլն: Հավասար ենք միայն Աստծո առաջ, իսկ միմյանց միջեւ, այսինքն` մարդկային հասարակության ներսում, մեր անհավասարությունն ու անազատությունը պարզապես աչքի են զարնում: Եվ քանի որ կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ գոյապայքար, ակնհայտ է, որ այդ պայքարին ոմանք ավելի լավ են հարմարված, քան մյուսները: Եվ եթե ավելի լավ հարմարվածներին լիակատար ազատություն տրվի, այսինքն` եթե նրանց թույլատրվի ամբողջովին իրացնել իրենց առավելությունները, այդ ժամանակ հավասարությունն ու եղբայրությունը կվերածվեն դատարկ խոսքերի:

 

Մյուս կողմից՝ իրական կյանքում հավասարություն հաստատելու, այսինքն` ըստ էության, այն արհեստականորեն ներդնելու բոլոր փորձերը հանգեցնում են ազատության այնպիսի սահմանափակումների, որ հասարակության զարգացումը պարզապես կանգ է առնում: Նման կործանարար լճացման առավել պատկերավոր օրինակը Խորհրդային Միությունն է, սակայն պատմությանը հայտնի են նաև ուրիշ օրինակներ:

 

Սակայն վերադառնանք հարստության կուտակման ու բաշխման խնդրին: Ահա թե ինչպես է դա սովորաբար կատարվում. սոցիումի ներսում ինչ-որ խումբ, հետագայում` դասակարգ կամ խավ, ամբողջապես կիրառելով իր նախ` բնական, ապա՝ արհեստականորեն հաստատված բոլոր հնարավորությունները, խելամտության բոլոր սահմաններն անցնող հարստություն է կուտակում: Հասարակական հավասարակշռությունը խախտվում է: Հասարակության մեջ կուտակվում է դժգոհության կրիտիկական զանգված, որը ելք է փնտրում: Ինչ-որ պահի ատելության ներուժը հասնում է պայթյունավտանգ աստիճանի: Հարստության վերաբաշխումը դառնում է անխուսափելի:

 

Նման իրավիճակների զարգացման միայն երեք սցենար կա: Դրանք վերլուծենք պատմության օրինակներով:

 

Հին Հունաստան, Աթենք, մ.թ.ա. 6-րդ դարի սկիզբ: Աղքատների և հարուստների միջև անդունդն աննախադեպ խորության է հասնում: Հարուստ հողատեր ազնվականության ձեռքին կենտրոնացած պետական իշխանությունը բնակչությանը ծայրաստիճան աղքատության է հասցրել, ինչը հղի է արյունահեղ ընդվզմամբ: Բայց աթենացիների բախտը բերում է. այդ օրհասական ժամանակներում արքոնտ է դառնում Սոլոնը, որի բարեփոխումները դարձել են իմաստության դասական օրինակ և Աթենքի բարգավաճման հիմքը: Սոլոնը բարեփոխեց ամեն ինչ՝ դատարաններից մինչև հարկային համակարգ, սեփականության իրավունքից մինչև կրթություն: Նրա բարեփոխումներից լիովին գոհ էին քչերը, բողոքում ու դժգոհում էին շատերը՝ թե' հարուստները, թե' աղքատները: Բայց դժգոհողները միատեսակ, հավասարաչափ էին դժգոհ, ինչպես մարդիկ դժգոհ են լինում իրական արդարության հիմքից՝ անաչառությունից: Այդուհանդերձ, Սոլոնը հասավ գլխավոր նպատակին՝ արյունահեղ քաղաքացիական պատերազմից հաջողվեց խուսափել:

 

Մեկ այլ օրինակ: Հռոմ՝ մ.թ.ա. 2-րդ դարակես: Պատրիկների ընտանիքների ձեռքում հարստության կուտակումը հասել է հասարակական կայունության համար վտանգավոր մակարդակի: Տրիբուն Տիբերիոս Գրակքոսը փորձում է անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել, բայց բախվում է Սենատի կատաղի դիմադրությանը, որում գերակշռում են աղքատ պլեբեյների խռովությունների նկատմամբ ավելի կոշտ մեթոդներ կիրառելու կողմնակիցները: Դրա արդյունքը գրեթե հարյուր տարի շարունակվող խռովություններն էին, արյունահեղ քաղաքացիական պատերազմները, բռնագրավումները և քաղաքական սպանությունները, որոնք երբեմն վտանգում էին անգամ Հռոմի գոյությունը: Խաղաղությունն ու ներքին համերաշխությունը վերականգնվեցին միայն կայսերական կառավարման ձևի հաստատումից հետո՝ Օկտավիանոսի օրոք:

 

Այս երկու օրինակները ցույց են տալիս, թե ինչ սցենարներով կարող են զարգանալ իրադարձություններն այն հասարակություններում, որտեղ հասունացել է կուտակված հարստության վերաբաշխման անհրաժեշտությունը: Այդ երկու սցենարների զարգացման տասնյակ այլ օրինակներ կարելի է բերել՝ Եվրոպայի բողոքական ռեֆորմացիայից մինչև Ռուսաստանի բոլշևիկյան հեղաշրջում:

 

Ոչ մի կասկած չկա, որ Հայաստանը մոտեցել է այդ կետին. մի քանի տասնյակ ընտանիքներ պաշտոնապես կամ քողարկված վերահսկում են երկրի գրեթե ամբողջ տնտեսական ներուժը: Ընդ որում` հասարակության՝ եռման կետին մոտենալու պատճառը ոչ այնքան փոքրամասնության կուտակած անթիվ-անհամար հարստություններն են (աղքատ երկրում օբյեկտիվ պատճառներով դա դժվար հասանելի է), որքան բնակչության ճնշող մեծամասնության ծայրաստիճան աղքատացումը, որն արդեն սկսել է արտացոլվել մարդկանց արտաքինի և մտածողության մեջ: Կկարողանա՞ Հայաստանի իշխանությունն իր մեջ ուժ գտնել կուտակածը ոչ հարկադրաբար, բայց վճռականորեն ու օրինականորեն վերաբաշխելու համար՝ հաշվի առնելով հասարակական կարիքները և ազգային անվտանգությունը, թե՞ կվախենա գլուխն ավազներից հանել: Գուցե երրորդ սցենարի հավանականության մասին հիշեցո՞ւմը նրան կօգնի ավելի վճռական լինել:

 

Այո, բարեկամնե'ր, պատմությունը, ցավոք, մեզ հիշեցնում է նաև երրորդ հնարավոր սցենարի մասին: Այնտեղ, որտեղ ճիշտ ժամանակին Սոլոնի մոդելը կյանքի կոչող իմաստուններ չեն լինում, կուտակվածի վերաբաշխման հասունացած գործընթացին անխուսափելիորեն խառնվում է երրորդ՝ միանգամայն օտար ու թշնամական ուժը: Այդ ժամանակ գալիս են հակառակորդի բանակները, որպեսզի անհրաժեշտ վերաբաշխումը սովորական կողոպուտի վերածեն: Իսկ դառնացած ու հասարակական հարստություններից անմասն մնացած ժողովուրդը ոտքի չի կանգնում՝ երկիրը պաշտպանելու համար: Պատմության, հատկապես` հայոց պատմության մեջ դրա օրինակներն անհամար են: Ուզում ենք ևս մե՞կն ավելացնել:

 

Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ