կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-12 21:17
Իրավական

Ստորագրում եմ Կիպրոսի դատախազի յուրաքանչյուր խոսքի տակ. Դավիթ Հարությունյան

Ստորագրում եմ Կիպրոսի դատախազի յուրաքանչյուր խոսքի տակ. Դավիթ Հարությունյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում նախքան ՀՀԿ ԳՄ նիստի մեկնարկը վստահեցրեց, որ ԱԺ նախագահի եւ վարչապետի հարաբերությունները լարված չեն, ինչպես ներկայացնում է մամուլը:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե, ըստ որոշ լուրերի, վերլուծությունների այդ հակասությունn առաջացել է Սերժ Սարգսյանի իրավահաջորդը լինելու հետ կապված, ԱԺ պատգամավորը հակադարձեց. «Նման հակասություններ չկան: Ես կարծում եմ, որ շատ վաղ է այդ հարցը քննարկել: Ի վերջո, մի մոռացեք, որ ընտրություններն այս տարի են եղել, եւ դա ամենեւին չի նշանակում, որ մենք այսօր պետք է մտածենք: Առջեւում մենք ժամանակ ունենք, լուրջ անելիքներ կան, դժվար է լինելու, եւ կարծում եմ, որ այս տարիներին մենք պետք է առաջին հերթին աշխատենք, իսկ իշխող կուսակցությունը, որպես կանոն, նման հարցերի անդրադառնում է շատ ավելի ուշ»:

 

Հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանն այդպես էլ չանդրադարձավ օֆշորային սկանդալին, Հարությունյանը պատասխանեց, որ այստեղ տարօրինակ ոչինչ չկա, հետո հավելեց. «Հարցը, կարծես թե, հայտնվել է դատախազության տիրույթում, իսկ երբ ցանկացած հարց գտնվում է դատախազության տիրույթում, կարծում եմ, որ որեւէ լուրջ քաղաքական գործիչ զերծ կմնար նման հարցին անդրադառնալուց: Երբ որ դատախազությունը հանդես գա հայտարարությամբ եւ իր գնահատականներով, կարծում եմ, որ քաղաքական գործիչները կունենան պատեհ պահը` իրենց դիրքորոշումը հայտնելու»:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշել է, որ իրավունք չունի չհավատալու Կիպրոսի դատախազի հայտարարությանը, ինքը ե՞ւս կարող է նման հայտարարություն անել, Դ. Հարությունյանն ասաց. «Իհարկե, ես իրավունք չունեմ չհավատալու Կիպրոսի դատախազի ասածներին, սակայն ուշադրություն դարձրեք՝ Կիպրոսի դատախազը վերջում ասաց մի կարեւոր նախադասություն` որեւէ կոնկրետ գործի վերաբերյալ կարծիք հայտնելու համար ես պետք է ծանոթ լինեմ գործի նյութերին, ուրեմն Կիպրոսի դատախազին ես չհավատալու որեւէ հիմք չունեմ, բայց միաժամանակ ստորագրում եմ Կիպրոսի դատախազի յուրաքանչյուր խոսքի տակ, որ որեւէ կոնկրետ գործի վերաբերյալ եզրակացություն տալու համար պետք է ծանոթանալ տվյալ գործին»:

 

Մեր ճշտող հարցին` հավատո՞ւմ եք վարչապետին, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Նախեւառաջ ասեմ, որ ես վարչապետին հավատում եմ, յուրաքանչյուր գործի պայմաններում անհրաժեշտ է ծանոթանալ գործի բոլոր հանգամանքներին, գործը դատախազությունում է, եւ այն բոլոր գործերին համարժեք գնահատական է տրվելու»: