Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետությունը թեւակոխել է մի փուլ, որն ամենաօրհասականն է Հայաստանի անկախ պետականության պատմության ընթացքում. լրագրողներին այսօր ասաց ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
«Հայտարարելով, որ ՀՀ-ն մտնում է Մաքսային միություն, Սերժ Սարգսյանն, ըստ էության, մանդատ տվեց Ռուսաստանին` կառավարելու Հայաստանը»,- նշեց նա:
Շահնազարյանը մեկ անգամ եւս ընդգծեց, որ Մաքսային միությանն անդամակցությունը հակասահմանադրական է, սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը, իսկ առանց ինքնիշխանության անկախ պետականություն գոյություն չունի: Սա, վստահեցնում է Շահնազարյանը, նպաստելու է, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի տարածք` չնայած այսօր Հայաստանը փաստացի ռուսական տիրապետության տակ է: Բանախոսի հավաստմամբ` ԱԺ-ում ներկայացված ուժերը պետք է պահանջեին Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը, այլ ոչ թե հրաժարականը, իսկ նվազագույնը պետք է ստեղծեին համապատասխան հանձնաժողով, որը պատրաստեր այդ պաշտոնանկության հարցերը:
«ԱԺ-ն, բացառությամբ մի քանի պատգամավորների, վերահսկվում է Ռուսաստանի կողմից. Մի մասը` Սերժ Սարգսյանի միջոցով, իսկ մի մասն էլ` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, Ռոբերտ Քոչարյանի միջոցով: Մենք ունենք քրեաօլիգարխիկ իշխանություն եւ նույնպիսի ընդդիմություն` հանձինս Քոչարյանի վերահսկողության տակ գտնվող ուժերի: Ես մեկ անգամ ասել եմ, որ երբ ԲՀԿ-ն դարձավ ընդդիմություն, մենք ունենք նաեւ ոչ լեգիտիմ ընդդիմություն»,- հայտարարեց Դավիթ Շահնազարյանը` վստահեցնելով, թե ընդդիմությունը գտնվում է նույն արժեհամակարգային բարոյահոգեբանական մակարդակում, ինչ իշխանությունները, ու եթե իշխանությունները սեպտեմբերի 3-ին` ռուսական ճնշման ներքո, դարձան պրոռուսական, ապա ընդդիմությունն ի սկզբանե պրոռուսական էր:
Այնուհետեւ բանախոսը պարզաբանեց, թե ինչու են որոշ, իր խոսքերով` այսպես ասած, ընդդիմադիր ուժերը պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ըստ այդմ` դրանով փորձ է արվում հասարակության ու լրատվամիջոցների ուշադությունը շեղել Ռուսաստանի կողմից իրականացվող գործընթացներից` մեր հակառակորդին հարձակողական զենք մատայկարարելու, աշխարհաքաղաքական եւ այլ հարցերից: Իսկ Հայաստանի ազգային անվտանգությունը, ինչպես նշում է Դավիթ Շահնազարյանը, որը, որպես փաստարկ, ներկայացվում է երկրի քաղաքական համակարգի կողմից որպես հիմնավորում ՄՄ անդամակցության համար, ոչ այլ ինչ է, եթե ոչ Ռուսաստանի անվտանգության հարց: Իսկ ԱԺ-ն դարձել է մի գործիք, հավաստիացնում է ԱԱԾ նախկին ղեկավարը, որով փորձ է արվում իրավական ձեւակերպում տալ այն երեւույթին, որ մեր երկիրը ինքնիշխան երկիր չէ, ինչը հնարավոր չէ ՀՀ Սահմանադրությամբ:
Դավիթ Շահնազարյանը նույն կարծիքն ունի նաեւ որոշ արտախորհրդարանական ուժերի մասին` դրանք նույնպես վերահսկվում են Ռուսաստանի կողմից, ազատամարտիկներն էլ ընկել են այդ ուժերի ազդեցության տակ: Բանախոսը կոչ արեց ազատամարտիկներին` պահանջել ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլ պաշտոնանկությունը, ինչը կնշանակի, որ Հայաստանը քաղաքական ուղեգիծ է փոխում: Իսկ հրաժարական պահանջելը, ըստ Շահնազարյանի, նշանակում է, որ պրոռուսական ուժերի տարբեր թեւեր ընդամենը պայքարում են կոռուպցիոն լծակների համար:
Այնպես որ, համոզմունք ունի ԱԱԾ նախկին ղեկավարը, այսօր ՀՀ միակ արտաքին մարտահրավերը Ռուսաստանն է ու նրա իրականացրած քաղաքականությունը: Հայաստանի սահմանները մինչ սեպտեմբերի 3-ը, ինչպես նշեց բանախոսը, ռազմաքաղաքական սահմաններ էին Ռուսաստանի համար: Իսկ հիմա Ռուսաստանը փորձ է անում դրանց որակը փոխել` վերածելով սահմանները տնտեսական, մշակութային, քաղաքակրթական սահմանների:
«Ռուսաստանը միշտ եղել է կայսրություն` ցարական կայսրություն, սովետական կայսրություն, ռուսական կայսրություն: Ռուսաստանը երբեք չի հարգել Հայաստանի արտաքին եւ ներքին ինքնիշխանությունը»,- շեշտեց Դավիթ Շահնազարյանը:
Այս ամենի դեմն առնելու համար Դավիթ Շահնազարյանը դեղատոմսեր էլ ունի. նախ` պետք է իրավական ճանապարհով խոչընդոտել այս գործարքի իրավաբանորեն ձեւակերպմանը ԱԺ-ի կողմից: Իսկ եթե ԱԺ-ն քվեարկի ՄՄ-ին Հայաստանի անդամակցության օգտին, ապա այդ դեպքում պետք է մինչեւ Մարդու իրավունքների եվրոպայկան դատարան հասնել, քանի որ այդ դեպքում խախտվում է ՀՀ Սահմանադրությունը, եւ ստացվում է, որ Ռուսաստանն օկուպացրել է Հայաստանը: «Իսկ օկուպանտների դեմ պայքարում են բոլոր մեթոդներով…»,- նշեց Շահնազարյանը:
Նրա առաջարկած ելքերից մեկն էլ այն է, որ պետք է ձեւավորվի քաղաքացիական դիմադրություն ու պայքար մղվի Հայաստանի` Ռուսաստանի մարզ դառնալու գործընթացի դեմ: Իսկ Եվրոպան, ինչպես ներկայացրեց Դավիթ Շահնազարյանը, Հայաստանի ինքնիշխանությանը չեն սպառնում, եւ պետք է դրվի` «կա’մ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրում, կա’մ Սերժ Սարգսյանի պաշտոնանկություն» հարցը: