կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-01 14:01
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանը` Սերժ Սարգսյանի անցկացրած քննարկման մասին

Հովիկ Աբրահամյանը` Սերժ Սարգսյանի անցկացրած քննարկման մասին

Շաբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած քննարկմանն այսօր ԱԺ-ում մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

 

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչու ներկա չէր այդ խորհրդակցությանը, Աբրահամյանը պատասխանեց, որ իրեն թեեւ հրավիրել էին, բայց քանի որ երկրում չէր, չի մասնակցել: ԱԺ նախագահը հայտարարեց, որ նախագահի գնահատականի հետ միշտ համամիտ է, հետո անդրադարձավ ՎՊ հաշվետվության վերաբերյալ իր ելույթին ԱԺ-ում:

 

«Ես հայտնել եմ իմ կարծիքը, իմ տպավորությունը` հաշվետվության ներկայացման գործընթացի հետ կապված: Իմ ելույթը եղել է երկու մասից` տպավորություն հաշվետվությունից եւ գնահատական հաշվետվությունից հետո: Պետք է ե'ւ առաջին ելույթը նայեք, ե'ւ` երկրորդը: Մենք ուղարկել ենք հաշվետվությունը գլխավոր դատախազություն, գլխավոր դատախազությունը կքննի եւ կտա եզրակացություն, մենք էլ որոշում կկայացնենք»,- հայտարարեց ԱԺ նախագահը եւ եւս մեկ անգամ կոչ արեց ուշադիր կարդալ իր ելույթները, ուր շատ հստակ տրված են գնահատականներ եւ ներկայացված են միասին արդյունավետ աշխատելու առաջարկություններ:

 

Լրագրողների դիտարկմանը, թե իրեն դժվար օրեր են սպասվում, քանի որ առաջիկայում նախագահը ԱԺ մեծամասնության հետ խորհրդակցություն է նախատեսում, Աբրահամյանը պատասխանեց, որ համաձայն չէ այդ գնահատականին, նաեւ նշեց, որ դրա վերաբերյալ կարծիք հայտնել չի ցանկանում, ու խորհուրդ տվեց սպասել:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե ինքն է՞լ է կարծում, որ ՎՊ նախագահի գլխին սեւ ամպեր են կուտակվել, եւ որ նա չի շարունակի երկրորդ ժամկետով պաշտոնավարել, Աբրահամյանն արձագանքեց. «Ես իրավունք չունեմ կարծիքներով ուղղորդվել»:

 

ԱԺ նախագահը հորդորեց մեղավորներ կամ այլ խնդիրներ չփնտրել: «Պետք է այնպես անել, որ բյուջեի գումարները ծախսվեն արդյունավետ»,- հայտարարեց նա:

 

Ի դեպ, լրագրողների դիտարկմանը, թե հիմա էլ, եթե ելույթ ունենալու լիներ, նույն ելույթով հանդես կգա՞ր, Աբրահամյանը դրական պատասխան տվեց:

 

Ուշագրավ է, որ ԱԺ նախագահի տրամադրությունը բավականին բարձր էր: