կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-27 15:55
Քաղաքական

Nouvelles d’Armenie-ի անդրադարձը Սերժ Սարգսյանի անցկացրած կոնսուլտացիաներին

Nouvelles d’Armenie-ի անդրադարձը Սերժ Սարգսյանի անցկացրած կոնսուլտացիաներին

Ֆրանսիայում լույս տեսնող Les nouvelles d’Armenie պարբերականն այսօր անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ընդդիմադիր կուսակցությունների քննարկումներին: «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած` սահմանադրական վիճելի բարեփոխումների դեմ բողոքներից մի քանի ամիս անց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երեկ հայտարարեց, որ սկզբունքորեն պատրաստ է աջակցել դրանց»,- գրում է ամսագիրը:

Ըստ հոդվածագրի` Հայաստանի խորհրդարանի երկրորդ խոշոր խմբավորումը, որը մինչ վերջերս գլխավորում էր գործարար Գագիկ Ծառուկյանը, հստակորեն հայտնել է իր դիրքորոշումը Սարգսյանի հետ հանդիպումից հետո: «Դա արդյունավետ հանդիպում էր, եւ ես կարծում եմ, որ մենք կշարունակենք առաջ շարժվել»,- ասել է ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանը:

Ըստ նրա` ընդդիմությունն այլեւս չի կարծում, որ նախագահը պատրաստ է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել` իր իշխանությունը երկարաձգելու համար:

Ամսագրի կայքում նշվում է, որ բոլորովին վերջերս` փետրվարին, ԲՀԿ-ն, հատկապես` Ծառուկյանը, առավել արմատական ընդդիմության հետ կտրականապես դեմ էին սահմանադրական բարեփոխումներին: Ծառուկյանը հատուկ համաժողով կազմակերպեց այդ հարցով եւ սպառնում էր տապալել Սարգսյանին բողոքի ակցիաներով, եթե նախագիծը հաստատվի: Ծառուկյանի հրաժարականից հետո ԲՀԿ-ն զգալիորեն նվազեցրեց Սարգսյանի քննդատությունը` միաժամանակ հայտարարելով, որ մնում է որպես ընդդիմություն:

Նշվում է, որ երեկ Սարգսյանը հանդիպել է նաեւ «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ կուսակցությունների հետ: Պարբերականն ընդգծում է, որ ՀՅԴ-ն, ըստ էության,  միակ ուժն է եղել, որ ի սկզբանե կողմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին: «Օրինաց երկիրը» ոչ միանշանակ դիրքորոշում ունի: