Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շաբաթներ առաջ տեղեկատվություն ստացանք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում անասուններ են արածեցնում: Թեման մամուլում չարծարծեցինք, Facebook սոցիալական ցանցում գրառված տեղեկատվությունը ընդամենը արտատպեցին մի քանի էլեկտրոնային լրատվամիջոցներ: Այնուհետեւ արձագանքեցին մի քանի բնապահպանական կազմակերպություններ, միջազգային կառույցներ (Կովկասի բնության հիմնադրամ) եւ ակտիվիստներ, որից հետո քննարկում ծավալվեց նույն սոցիալական ցանցում, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որպեսզի ինքներս լինենք տեղում եւ հասկանանք, թե իրականում ինչ է կատարվում վերոհիշյալ պահպանվող տարածքում:
Միանգամից նշեմ, որ արգելոցի տարածքի սահմանները այնպիսի գծագրություն ունեն, որ անգամ այնտեղ տարիներ շարունակ աշխատող աշխատակիցը չի կարող կողմնորոշվել, թե իրականում որտեղով են անցնում պետական արգելոցի եւ համայնքային տարածքների սահմանները:
Կառավարության պաշտոնական կայքում տեղադրված՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 թթ. կառավարման պլան»-ը ուսումնասիրելով՝ նույնպես ոչինչ չի հաջողվում հասկանալ, սակայն փաստաթղթում զետեղված մի քանի քարտեզներից պարզ է դառնում, որ իրականում դեպի պահպանվող տարածք խորամուխ են լինում սեպանման տարածքներ, որոնք հարեւան համայնքները վարձակալության հիմունքով հանձնում են տավարածների եւ ոչխարաբույծների՝ անասունների արածեցման համար:
Խնդիրներ
1. Այս պահպանվող տարածքում կան սահմանների եւ սահմանազատման հետ կապված խնդիրներ, ընդ որում՝ սահմանազատում կատարվել է դեռեւս խորհրդային տարիներին, եւ սահմանների «փշրանքներ» մի քանի տեղ պահպանվել են՝ սահմանասյուների տեսքով:
2. Խնդրիներից մեկը վերաբերում է պահպանվող եւ համայնքային հողերի միջեւ առկա պահպանման (բուֆերային) գոտուն, այն գտնվում են համայնքային հողերում, որտեղ էլ հիմնականում արածեցնում են անասուններին:
Առաջարկներ
1. Պետք է վերանայել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմանները եւ զերծ մնալ նմանատիպ սեպանման տարածքներից, որոնք ներկայումս մխրճված են պահպանվող տարածքի մեջ:
2. Քայլեր ձեռնարկել, որպեսզի վիճահարույց տարածքների կատեգորիան փոխվի՝ համայնքային հողերից դառնան պահպանվող հողեր:
3. Արգելոց մտնող բոլոր ճանապարհներին տեղադրել պահակակետեր:
4. Արգելոցում աշխատող տեսուչներին ապահովել ձիերով, որոնք, որպես փոխադրամիջոց, թե՛ էժան են, թե՛ արդյունավետ, եւ այլն:
Գալուստ ՆԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի