կարևոր
4084 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-03 16:46
Քաղաքական

Ադրբեջանն իր համար շատ լուրջ ռազմավարական խնդիրներ է լուծում, որը վտանգում է Հայաստանի լինելիությունը. Տիրան Խաչատրյան

Տավուշի հայ-ադրբեջանական սահմանի երբեմնի հզոր բնագծին այսօր փոխարինում են բետոնե սյուները․ մի կողմում՝ ARM, մյուս կողմում՝ AZ գրությամբ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, նման սյուների տեղադրումն ու այս սահմանազատումը պատմական իրողություն են, այսպիսի սահմանն ապալեգիտիմացնում է Ադրբեջանի հնարավոր նոր հարձակումը եւ մեզ համար խաղաղություն է ապահովում։ Թեեւ ոչ մի հարձակվող երկրի սահմանային սյունը եւ անգամ հզոր պաշտպանական դիրքերը հետ չեն պահում հարձակվելու մտադրություններից: Բացի այդ, որքան մարդիկ շատ են խոսում այն մասին, որ սա սահմանազատում չէ, այլ՝ միակողմանի զիջումներ, իշխանություններն այնքան շատ են պնդում, թե Տավուշի հատվածում սահմանազատում են իրականացրել եւ դա շարունակելու են մյուս հատվածներում, որ ունենանք սահման, ինչը չենք ունեցել, փաստորեն, տասնամյակներ շարունակ: Մինչդեռ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանը կարծում է, որ դա ոչ թե սահմանազատում է, այլ միակողմանի հողերի հանձնում, որի ավարտը դեռ չի երեւում։

«Եթե այս իշխանության մեջ կան մարդիկ, որ դա համարում են սահմանազատում, իրենք իրենց հակասում են։ Իրենք էլ են հասկացել, որ դա իրականում սահմանազատում չէ, ասում են՝ սահմանների վերարտադրություն է, վերակառուցում է եւ այլն։ Ով պատկերացում ունի այդ գործընթացներից, հասկանում է, որ զիջումների գործընթաց է։ Սահմանազատման համար հիմքեր ստեղծված չեն, մինչ այդ պետք է ունենան միջազգային պահանջներին համապատասխան փաստաթղթերի փաթեթ։ Չկա, չի արվել դա, օդի մեջ գործընթացներ են գնում, պահանջներ են դրվում ՀՀ իշխանությունների առաջ, անունն էլ դնում են այն, ինչ ուզում են։ Դրանք միակողմանի անհասկանալի զիջումներ են։ Ես չեմ տեսնում, որ դա լավ բանի կարող է հանգեցնել»,- ասում է նա։

Քաղաքագետները պնդում են, որ այս տեմպերով գնալու դեպքում հաջորդ սահմանազատվող հատվածներից էլ ենք թշնամուն ինչ-որ տարածքներ զիջելու, ինչպես Տավուշում հանձնեցինք 4 գյուղերը, սակայն մեզ պատկանող հողերը չստացանք: Հաջորդը հարվածի տակ է լինելու Տիգրանաշենը, որն Ադրբեջանը պահանջում է անկլավների վերադարձի անվան տակ: Սակայն այստեղ էլ մեր անկլավների մասին խոսք չի գնում, իսկ մեր Արծվաշենի տարածքն ադրբեջանական անկլավների գումարային տարածքին համարժեք է, եւ ժամանակին Նիկոլ Փաշինյանը խոսում էր դրանք փոխանակելու մասին: Տիգրանաշենի մասին խոսակցությունները հատկապես խորացան, երբ մայիսի 9-ին սահմանազատման հարցերով հանձնաժողովների հերթական հանդիպումից հետո Մուստաֆաեւի գրասենյակից հայտարարեցին․ «Սահմանների դելիմիտացիայի ընթացքում կորոշվի Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս էքսկլավային գյուղերի ազատման հարցը»։

Ըստ Մուստաֆաեւի գրասենյակի, դրանք են՝ Տավուշում գտնվող Յուխարի Ասքիփարա, Սոֆուլու, Բարխուդարլու, ինչպես նաեւ Նախիջեւանին սահմանակից Քյարքի (հայկական անվանումը՝ Տիգրանաշեն) բնակավայրերը։ Այն, որ Տիգրանաշենը հանձնելու են, երեւում է անգամ սահմանամերձ տարածքներում բնակարան կառուցելու ծրագրի ցանկից, որտեղ ներառված են բոլոր սահմանամերձ գյուղերը, բացի Տիգրանաշենից, ինչը խոսում է այն մասին, որ ՀՀ կառավարությունն արդեն այս գյուղը «հանձնել» է: Իսկ Տիգրանաշենի հանձնմամբ վտանգվում է միջպետական ճանապարհը, եւ գյուղը վերցրած ադրբեջանցիները նաեւ ճանապարհ են ուզելու` դեպի Տիգրանաշեն:

Տիրան Խաչատրյանը պնդում է՝ միայն Տիգրանաշենը չէ վտանգված։ «Սեղանին դրված են մեզ համար ոչ ցանկալի նաեւ այլ պահանջներ։ Ինչո՞ւ չենք խոսում միջանցքի պահանջի մասին, այն տարածքների մասին, որ այսօր գտնվում են Ադրբեջանի իշխանության ենթակայության տակ։ Վերջին հաշվով, այսօր Ադրբեջանն իր համար շատ լուրջ ռազմավարական խնդիրներ է լուծում, որը վտանգում է Հայաստանի լինելիությունը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում