կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-28 14:03
Առանց Կատեգորիա

Կատականի` հարսանեկան թեմաներով

Կատականի` հարսանեկան թեմաներով

Էպիզոդիկ

Թուրքիայում ծրագրել են հայ աղջկա և ադրբեջանցի տղայի սիրավեպի մասին սերիալ նկարահանել: Գլխավոր դերերում հանդես են գալու թուրքական սերիալների աստղերը: Անտարակույս, սերիալն ավարտվելու է ժանրի պահանջով՝ սիրող սրտերը հասնում են իրենց մուրազին՝ ամուսնանում են: Ասում են՝ հարսանիքի արարողությունը նկարահանվելու է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում, իսկ արարողությանը, որպես մեծ փորձառություն ունեցող կերպար, չնայած էպիզոդիկ դերում, ներկա է լինելու նախագահ Սարգսյանը: 

 

Տաղավար քեֆեր

Առաջիկայում, ասում են, ՀՀԿ կանոնադրության մեջ գլոբալ փոփոխություններ տեղի կունենան: Մասնավորապես` կուսակցության հաղթանակներին նվիրված  քեֆերին ու հարսանիքներին, որոնց պարտադիր մասնակցում է կուսակցության նախագահը, պիտի հաջորդեն խումհարի ազատ օրերը` ՀՀԿ-ի «մեռելոցները», որովհետև այդ օրերին կուսակցական էլիտան սովորաբար մեռած է ու թաղած չէ:

 

Գահնամակ

ՀՀԿ-ի կանոնադրական մեկ  այլ փոփոխությամբ` նախատեսվում է կանոնադրորեն սահմանել, թե կուսակցական քեֆերի կամ հարսանիքների ժամանակ պաշտոնյաներն առաջնորդի կողքին ի՛նչ կարգով են նստելու: Նույնիսկ առանձին հոդվածով սահմանվելու է, թե քեֆի ամենաեռուն պահին առաջնորդական-ավանդական պարի ժամանակ ու՛մ է պատշաճ լինել պարբաշին: (Լուրեր կան, որ ուզում են դա ցմահ վերապահել Կարեն Ավագանին` չնայած նա չեմուչում է անում, իբր՝ Աշոտյանն ավելի արժանավոր է): Ասում են՝ որպես իրավունքի մեծ գիտակ՝ ՀՀԿ-ի գահնամակն ու վերոհիշյալ հոդվածը կազմելու գործը վստահված է Հրայր Թովմասյանին. տղերքն ուզում են, որ «սաղ արդար ըլնի»

 

Էրոտիկ կենաց

ՀՀԿ էլիտար հարսանիքներում, Գալուստ Գրիգորիչի նվիրական ջանքերի շնորհիվ, արդեն ավանդույթ է ձևավորվել՝ հարս ու փեսայի կենացից հետո երկրորդը խմում են նախագահի կենացը: Ասում են՝  զույգերի համար դա ամենաերանելի կենացն է, որովհետև հենց այդ պահից է բացվում մեղրամսի հաշվարկը: