Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարությունն առաջարկում է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքի 1-ին հոդվածից հանել «հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ)» բառերը: Այսպիսով` կառավարությունն առաջարկում է վերը նշված օրերը սահմանել աշխատանքային:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է կառավարության այս առաջարկը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Թադևոս Ավետիսյանը: Նա նշեց, որ նախագծի ընդունումը միտված է պետության սոցիալական-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը:
«Աշխատանքային օրենսգրքով ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, և այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է աշխատավարձը: Սրան գումարենք 16 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ եւ հիշատակի օրեր, ստացվում է 36 վճարվող հանգստյան օր»,- ասաց նա և հավելեց, որ տարվա կտրվածքով ստացվում է, որ մենք ունենում ենք ընդամենը 222 աշխատանքային օր:
Ըստ փոխնախարարի` միջազգային պրակտիկայում դա նվազագույն աշխատանքային օրերն են: «Նախագծի ընդունումը կնպաստի հայկական տոնացույցում միայն ավանդական հայկական տոների առկայությանը և պետական մակարդակով նշելուն, կապահովի պետության սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը»,- նշեց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համար զարմանալի են կառավարության կողմից ներկայացվող ակտերի հիմնավորումները: «Շատ զարմանահարույց է կառավարության կողմից ներկայացվող ակտերի հիմնավորումը, դրանք սկսել են նմանվել ազատ թեմաներով շարադրանքների: Ի՞նչ է նշանակում այն հիմնավորումը, թե կապահովվի պետության սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը: Երեք ոչ աշխատանքային օրերի հանումն ի՞նչ կապ ունի դրա հետ»,- հեգնեց պատգամավորը:
Փոխնախարարը համաձայնեց պատգամավորի դիտարկմանը, որ հիմնավորման հետ կապված խնդիր կա:
Գևորգ Պետրոսյանն էլ հակադարձեց. «Ես չգիտեմ` ով է որոշել հանգուցյալներին անհանգստացնել, բայց դա աբսուրդ է: Կանանց տոնը ի՞նչ կապ ունի այս ամենի հետ, ոչ կանանց զոհաբերում ենք, ոչ մատուցում ենք աստվածներին: Խնդրում եմ, ձեր հիմնավորումները չլինեն ազատ թեմայով շարադրություն, անհարկի չանհանգստացնենք մեր հանգուցյալներին»:
Նշենք, որ կառավարության հիմնավորման մեջ գրված է. «Մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանը հավաստում է, որ «տոնը» բնիկ հայերեն բառ է և նշանակում է հասարակական հանդես, հանդիսավոր օր: Հեռավոր անցյալում տոն է կոչվել աստվածներին մատուցած զոհը, զոհաբերվող կենդանին, որևէ հանդիսության նվիրված խնջույքը: Ժամանակների հետ տոնի իմաստը սեղմվել է, կայունացել և ստացել նշանավոր դեպքի կամ իրադարձության առիթով տեղի ունեցող հանդիսություն կամ հանդիսավոր օր իմաստը: Ազգային են կոչվում վաղնջական ժամանակներում ծնունդ առած տոները: Օրինակ` մի քանի հազար տարվա հնություն ունեն Նավասարդյան տոները, որ հայ ժողովուրդը հանդիսավորապես նշում էր Բագրեւանդ գավառում, Արածանի գետի ափին: Այն նաեւ պետական տոն էր, որովհետեւ հայոց պետությունը հոգ էր տանում, որ այդ տոնը նշվի պատշաճ մակարդակով: Պատմության քառուղիներում հայ ժողովուրդը պահպանել է ազգային, պետական ու եկեղեցական մի շարք տոներ: Դրանցում արտացոլվում են ազգային նկարագիրը, հայկական ոգուն բնորոշ դրսևորումները»:
Պատգամավորը Աճառյանին էլ նկատի ուներ, երբ նշեց, թե չգիտի` ով է անհանգստացրել հանգուցյալներին:
ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն առաջարկեց հետաձգել նախագծի քննարկումը` հաշվի առնելով հիմնավորման հետ կապված խնդիրները և հետաքրքրությունը հարցի նկատմամբ: Նախագծի քննարկումը հետաձգվեց: