կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-20 13:08
Տնտեսական

5 միլիոն եվրո` մետրոյի վերակառուցման համար

5 միլիոն եվրո` մետրոյի վերակառուցման համար

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց ՀՀ եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2013 թվականի մայիսի 2-ին Երեւանում եւ մայիսի 10-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում - երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը:

 

Պայմանագրով նախատեսվում է Եվրոպական ներդրումային բանկից ծրագրի համաֆինանսավորման համար ներգրավել 5.000.000 եվրո գումարի չափով վարկ «Երեւանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի» երկրորդ փուլի իրականացման համար:

 

Ծրագրի նպատակն է ֆինանսավորել գերակա կապիտալ ներդրումներ` Երեւան քաղաքի մետրոյի համակարգը վերակառուցելու համար: Մասնավորապես` նվազեցնել ջրի ներհոսքը մետրոյի թունելներ:

 

վյալ ներդրումները Հայաստանի մայրաքաղաքում հանրային տրանսպորտի մատուցած ծառայությունների բարելավմանն ուղղված ու հանրային տրանսպորտի բարեփոխման միջոցառումների մասն են կազմում: Ծրագիրը հիմնականում նպատակամղված է օգնելու ցածր եկամուտ ունեցող սոցիալական խմբերին, որոնք ներկայումս օգտվում են մետրոյի համակարգից:

 

Ծրագիրը բաղկացած է 5 բաղադրիչից, որոնցից առաջին երկուսով նախատեսվում է իրականացնել գործող դրենաժային թունելների վերակառուցում և ընդլայնում` լուծելու համար մետրոպոլիտենի ջրահեռացման խնդիրը: Նախատեսվում է գործող դրենաժային թունելը երկարացնել և այն հասցնել մինչև Հանրապետության հրապարակ, որը կապահովի ամբողջ տարածքի համար ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցում և զգալիորեն կբարելավի թունելների շահագործման պայմանները:

 

Երրորդ բաղադրիչով նախատեսվում մետրոյի թունելների վերակառուցում. կիրականացվեն աշխատանքներ, որոնք նպատակաուղղված են գործող թունելների տեխնիկական վիճակի առողջացմանը և թունելների շահագործման ժամկետի երկարացմանը:

 

Ծրագրի չորրորդ բաղադրիչով նախատեսվում է կայարանների եւ ծառայողական շինությունների բարելավում: Նախատեսվում է իրականացնել կայարանների եւ ծառայողական շինությունների բարելավում էկոլոգիական եւ սոցիալական միջոցառումների ծրագրի շրջանակներում:

 

Հինգերորդ բաղադրիչով պետք է իրականացվի մետրոյի վագոնների վերանորոգում եւ արդիականացում. նախատեսվում է շարունակել ծրագրի առաջին փուլով սկսված` վագոնների վերանորոգման եւ արդիականացման գործընթացը` համալրելով դրանք եւս 7, իսկ հնարավորության դեպքում` 8 նորացված վագոններով:

 

Ծրագրի ավարտը նախատեսված է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը: