կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-26 22:27
Առանց Կատեգորիա

ԱԶԳ. Ավստրիայում` 4,4 եվրո, Հայաստանում` 12,5 եվրո

ԱԶԳ. Ավստրիայում` 4,4 եվրո, Հայաստանում` 12,5 եվրո

Հայաստանի հանրության վերջին տարիների մտահոգություններից մեկը պանրի գինն է: Երբեմնի սիրված «Հաց ու պանիր, կեր ու բանիր» ասացվածքն այսօր արդեն այն ազդեցությունը չունի, որն առկա էր անգամ մի 8-10 տարի առաջ:

Հայկական արտադրության այս կաթնամթերքի հարցում գնից առավել մտահոգում է պանրի որակը. «Լոռի» ու «Չանախ» պանիրներին նախապատվություն տվողները դժվարությամբ թե դժկամությամբ վճարում են իրենց առաջարկվող գները, փոխարենը ձեռք են բերում անգամ 2-3 տարի առաջվա այս արտադրանքների հետ գրեթե կապ չունեցող պանիրներ:

Պանրի գին, որակ, քանակ հասկացություններին առավել անմիջականորեն են շփվում եվրոպացիները, ովքեր սովորություն ունեն այն օգտագործել թե՛ նախաճաշին, թե՛ ընթրիքին, թե՛ երեկոյան ճաշելիս: Սեղանին սովորաբար հայտնվում է մեկից ավելի տեսականիով, շատ դեպքերում այլ ուտեստներից առավել քանակով ու սեղանակիցներից յուրաքանչյուրի համար առանձնացված ափսեներով: Ավստրիացիներն այս առումով բացառություն չեն:

Երկրի 2-րդ` 300 հազար բնակչությամբ Գրաց քաղաքի առեւտրային ցանցում կարելի է հանդիպել տեղական արտադրության բազմապիսի արտադրատեսակների, որոնք բոլորն էլ բարձր յուղայնություն ունեն: Դրանք հիմնականում անալի են, փափուկից մինչեւ չոր տեսքով: Ավստրիացիներն առանձնակի ոգեւորությամբ են նշում, որ իրենց սպառած պանիրները պատրաստվում են միայն անարատ կաթից, որի հսկայական քանակներ արտադրվում են քաղաքամերձ ֆերմերային տնտեսություններում:

Անշուշտ, հաճելի է արձանագրել, որ հենց Ավստրիայից Հայաստանի Հանրապետություն ներկրվեց մինչեւ 12000 լիտր տարեկան կաթնատվություն երաշխավորող կովերի որոշակի գլխաքանակ: Երբ 4 տարի առաջ սկսվեց կառավարական այս ծրագիրը, խոստումներ հնչեցին, որ դա կնպաստի երկրում կաթի արտադրության ավելացմանը, որն էլ իր հերթին կայունություն կհաղորդի կաթնամթերքների որակի ու գնային հարցերում: Առաջինի առումով տեսանելի ոչինչ էլ չստացվեց, իսկ ահա գները փոփոխվեցինՙ 320 դրամ արժեցող կաթի լիտրը դարձավ 360 դրամ: Այս գնից աննշան բարձր է կաթի լիտրի արժեքը Գրացի սուպերմարկետներում, բայց պետք է նկատի ունենալ, որ այստեղ գնի մեջ զգալի է հարկվող մասը, որը երբեմն հասնում է 40-60 տոկոսի:

Ավստրիայի տնտեսության 320 մլրդ դոլար ՀՆԱ-ի պարագայում բյուջեն կազմում է 190 մլրդ դոլար: Այս միջոցները երկրի իշխանությունները ծառայեցնում են բնակչության սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը, այլեւայլ նպատակների, որոնք անմիջականորեն նպաստում են ավստրիացիների ու ներգաղթյալների կյանքի պարբերական բարելավմանը:

Բայց վերադառնանք պանրին: Դեռեւս ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերից էլ առաջ հայ գործարար մեկը Տավուշի մարզում անասնապահական ֆերմա հիմնեց եւ խոստացավ ներկրված շվեյցարական կովերի կաթով հանրահայտ «Մոցարելա» պանրի մատչելի գնի արտադրություն ծավալել: Հանրությունը բարի գործունեություն մաղթեց նրան ու սպասումների տրվեց:

Իսկ հիմա ծանոթացեք այս պանրի գներին Հայաստանում եւ Ավստրիայում: ՀՀ-ում արտադրված 200 գրամ կշռող փաթեթը Երեւանի իր ցածր գները հիշեցնող սուպերմարկետներից մեկում գնահատված է 1315 դրամ, արտարժույթի վերածած` մոտ 2,5 եվրո, 1 կգ-ի պարագայումՙ 6600 դրամ կամ 12,5 եվրո: Հարեւանությամբ ցուցադրված դանիական արտադրության «Մոցարելա»-ի 1 կգ-ը գնահատված է 10400 դրամ, մոտ 20 եվրո: Իսկ հիմա ծանոթացեք նույն արտադրանքի 1 կգ-ի գներին Գրացում. այն սկսվում է 4,4 եվրոյից, Գերմանիայից ներմուծվածը վաճառվում է 6,2 եվրոյով: Թե ինչպես է ավստրիացիներին հաջողվում նման գներ սահմանելով առեւտրի հիմնական խնդիր համարվող շահույթ ապահովել, թերեւս տարօրինակ է հնչում:

Պարոնայք ՀՀ տնտեսագետներ ու իշխանավորներ, էկոնոմիկայի ու գյուղատնտեսության նախարարությունների որակավորված մասնագետներ, հակամենաշնորհայիններ ու վիճակագիրներ, բարի եղեք ուսումնասիրել խնդիրն ու հայ հանրությանը մատչելի պատասխան տալ: Նախաձեռնելով ամերիկյան ու եվրոպական շուկաները հայ հանրությանը ներկայացնելը, բոլորովին նպատակ չենք հետապնդում դրանք այնպիսի գրավչությամբ ցուցադրել, որ հայաստանցիները տեղերում օգտվեն դրանցից: Քավ լիցի. բայց դառն իրողություն է, որ ամսեամիս են հայկական համայնքներ կազմավորվում աշխարհի բարեկեցիկ քաղաքներում, գալիս են Սիրիայից ու Իրաքից, Եգիպտոսից ու Թուրքիայից:

Վերջին այս երկիրը աղաջրի մեջ պահվող պանրի եվրոպական հիմնական մատակարարն է: Այն կարծես մեծ պահանջարկ չի վայելում, ոչ այն պատճառով որ վաճառվում է 1 կգ-ը 7,5-8 եվրոյով. դրանից օգտվում են հիմնականում իրենց ազգակիցներն ու փոքր թվով այլազգիներ: Պարզապես եվրոպացիները նախապատվությունը տալիս են իրենց մոտ արտադրվածներին, չդժգոհելով անգամ դրանց բարձր գներից: Այնպես որ արտահանումների օգնությամբ ՀՀ տնտեսությունը հզորացնելու ջատագովները լուրջ խնդիրներ ունեն լուծելու: Նախ հարկավոր է էապես բարձրացնել հայկական պանիրների որակը, գոնե մասամբ գրավիչ դարձնել երկիր ժամանող զբոսաշրջիկների համար:

Պակաս կարեւոր չէ արտահանվելիք պանրատեսակների գինը. դժվար թե եվրոպացի պանրասերները իրենց դրամապանակները բացեն 15-20 եվրո արժեցող հայկական պանիրների համար, որպիսի գին ուրվագծվում է հայրենական որոշ գործարարների ելույթներում: Կարեւորագույն հարցերից է նաեւ Եվրոպայում ամրագրված չափորոշիչների ապահովումը, երբ պահանջվում է օգտագործված հումքի վերաբերյալ մանրակրկիտ տեղեկատվության տրամադրում: Թե ինչից է մինչ այսօր պատրաստվում հայաստանյան կաթնամթերքի հիմնական մասը, մենք արդեն գիտենք:

Հարցեր, հարցեր, որոնք նախ լուծումներ են պահանջում տեղում, երբ իրողությունը ցավալիորեն հեռու է հայաստանյան հանրության ակնկալիքներից: Փոխարենը լսում ենք քաղաքակիրթ առեւտրի մասին հավաստիացումներ, հաճախորդների հավատարմության խոստումներ, որպիսիք տարօրինակ համարելը մեր առեւտրային ցանցի գործունեության համար մեղմ գնահատական կարելի է որակել: