Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ արտահերթ նիստում ներկայացվել է ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հեղինակած` «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Ելույթով հանդես եկավ գեներալ-պատգամավորը, ինչը մեծ ոգեւորություն առաջացրեց ԱԺ-ում:
Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ շատ տղաներ կան, նաեւ ՀՅԴ-ից, որ իր հետ կռվել են, բայց չեն գրանցվել, կարգավիճակ չունեն, զենքերը ժամանակին ստացել, հետո հետ են հանձնել: «Խոսքը չի գնում երկրապահի անձնակազմի մասին, գնում ա երկրապահ կամավորականների մասին, կամավորականության մասին»,- հայտարարեց նա եւ տեղեկացրեց, որ, օրինակ, իրեն շատ վատ է զգում, երբ «Մազի պես տղեն» (Արմեն Մազմանյան) գալիս եւ իրենից լիազորագիր է ուզում:
Գրիգորյանը հայտարարեց, որ ինչ էլ անեն ազատամարտիկների համար, մեկ է` քիչ է: «Ախր, երկրապան Մանվելի սեփականությունը չի, սաղ Հայաստանի Հանրապետությանն ա: Երկրի պաշտպանությունը ոչ մեկի սեփականությունը չի, դա ՀՀ-ինն ա: Նույն այդ կամավորականը Լեւոն Տեր-Պետրոսյանն ա, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Աբրահամյան Հովիկն ա, վարչապետը, ովքեր էս երկրի բոլոր կառուցվածքներում են, միայն զինվորը չի, որ, եթե կրակել ա, կամավորական ա: Ստեղ մի պարզ խնդիր կա, սիրելինե'րս, սաղ, ինչ կա էս երկրում` շարժվող եւ անշարժ, ՀՀ-ինն ա»,- հայտարարեց նա:
Ըստ գեներալի` օրինակ, մեկ ամիս անց բոլորը փոխվելու են, նաեւ` վարչապետը, հետո` չթշնամանալու կոչ արեց ու ասաց. «Վաղը, մյուս օրը տղա, աղջիկ ունեք, իրար հետ պսակելու եք, բարեկամանաք»:
Գրիգորյանի այս արտահայտությանը մեծ ուրախությամբ արձագանքեց ԱԺ նախագահը եւ նշեց, որ մարդիկ ժամանակի ընթացքում են փոխվում: Մանվել Գրիգորյանն այնքան էր ոգեւորվել իր իսկ ելույթով, որ ԱԺ ամբիոնից հեռացավ ԱԺ նախագահի հորդորից հետո միայն` հայտարարելով. «Լավ, քու խաթեր եմ գնում»:
Օրենքի նախագիծն ընդունվեց ձայների` 99 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ, որից հետո երկար ծափահարություններ հնչեցին:
Ուշագրավ է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանը` Մանվել Գրիգորյանի եղբորորդին, ԱԺ դահլիճ մտավ միայն գեներալ-պատգամավորի ելույթից հետո: