կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-10 17:28
Հասարակություն

Փառք Աստծո, ես ոչ մի շարժվող բանի վրա չեմ կրակել. Փաշինյան

Փառք Աստծո, ես ոչ մի շարժվող բանի վրա չեմ կրակել. Փաշինյան

ՀՀ կառավարությունն առաջարկում է կրիտիկական վիճակում գտնվող կովկասյան ընձառյուծի որսի, ոչնչացման դեպքում պատճառված վնասի տուգանքը սահմանել 100 մլն դրամ՝ ներկայում գործող 3 մլն դրամի փոխարեն: Այս մասին նախագիծը ՀՀ կառավարության մայիսի 10-ի նիստում ներկայացրեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նա հայտնեց նաև, որ այս պահին հաշվառված է մոտ 8-12 կովկասյան ընձառյուծ: 

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետությունում 3-5 տարով առհասարակ արգելել որսը: «Եկեք որսը 3-5 տարով արգելենք Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի կենդանական պոպուլյացիան վերականգնվի: Նախկինում լինելով շատ ակտիվ որսորդ՝ ես մոտ 6-7 տարի է` չեմ գնացել որսի և միշտ այդ մասին խոսում եմ: Եկեք այդ նախաձեռնությամբ հանդես գանք, առհասարակ արգելենք որսը, և որ այն արգելելը լինի ոչ միայն այս օրենքներով, այլև, օրինակ, որսորդական փամփուշտների ներմուծման ժամանակավոր արգելք սահմանենք, որովհետև գնում ու անկանոն որս են անում»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, թե դրա նման մի բան պիտի արվի: «Այդ գաղափարը շատ ճիշտ ու լավ գաղափար է, բայց պետք է լուրջ ուսումնասիրենք և խնդրին բազմակողմանի նայենք: Երևի կան կենդանատեսակներ, որոնց պոպուլյացիան այդքան էլ վատ վիճակում չի գտնվում, օրինակ՝ թռչնի հետ կապված: Եկեք մասնագիտական ուսումնասիրություն անենք: Պարոն Վանեցյանի մտահոգությունը ես հասկանում եմ, որ եթե սողանցքներ են լինում զենքով անտառ մտնելու, շատ դեպքերում ինչ պատահում է, ինչ դեմները դուրս է գալիս, խփում են: Ամեն շարժվող բանի վրա կրակելու կուլտուրան գոյություն ունի, և ես գիտեմ դա՝  իմ ծննդավայրում տիրող տրամաբանության և մտածողության առումով: Փառք Աստծո, ես ոչ մի կենդանու, ոչ մի շարժվող բանի վրա չեմ կրակել, բայց այստեղ խնդիր կա»,- նշեց նա: