կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-18 14:15
Տնտեսական

Բնությունը նավթից թանկարժեք հանածո է նվիրաբերել Հայաստանին

Բնությունը նավթից թանկարժեք հանածո է նվիրաբերել Հայաստանին

Հայաստանի ընդերքը հարուստ է մետաղական եւ ոչ մետաղական օգտակար հանածոներով: Դրանց մի մասն արդյունահանվում է, իսկ մյուս մասի համար տարվում են բազմաբնույթ աշխատանքներ` արդյունահանման գործընթացը հնարավորինս արագ կազմակերպելու համար: Այդ բոլոր օգտակար հանածոների արդյունահանման տեխնոլոգիական գործընթացը պայմանավորված է ստորգետնյա ապարների մեծածավալ արդյունահանման, մեխանիկական մանրացման, հարստացման եւ մասամբ մշակման հետ:

 

Հանքարդյունահանման գոյություն ունեցող տեխնոլոգիական գործընթացները խիստ էներգատար են եւ բացասական են անդրադառնում շրջակա միջավայրի վրա: Կարելի է պնդել, որ եթե արդյունահանման վերջնական արդյունքը չի արտադրվում հանրապետությունում եւ չի ծառայում բարձր շահութաբերության արտադրանքի արտադրությանը, այլ բավարարվում ենք լոկ կիսաֆաբրիկատների ստացմամբ, ապա ճիշտ կլինի հնարավորինս սահմանափակել այդ տիպի արտադրությունների ծավալները` արտաքին պարտքերի հետ միասին այդ հարստությունները կտակելով մեր սերունդներին:

 

Միջազգային շուկայում օգտակար հանածոների մեջ իրենց շահութաբերությամբ ուրույն տեղ են գրավում նավթը եւ այրվող գազերը, որոնք հիմնականում ծառայում են էներգետիկ նպատակների համար եւ շատ ավելի փոքր ծավալներով օգտագործվում են որպես հումք քիմիական արդյունաբերության մեջ: Այսինքն` դրանց շուկայական բարձր գինը հիմնականում պայմանավորված է էներգետիկ նպատակների համար դրանց պահանջարկի ծավալով: Իզուր չէ, որ զարգացած երկրներն ահռելի միջոցներ են ծախսում այլընտրանքային ճանապարհով էլեկտրական էներգիա ստանալու եւ ստացման տեխնոլոգիաները կատարագործելու վրա (տարեկան մոտ 50 մլրդ դոլար):

 

Այլընտրանքային էներգիայի աղբյուրների մեջ (արեւ, քամի, ծովային մակընթացություն եւ տեղատվություն, կենսավառելանյութ եւ այլն) մատչելիությամբ (գեոթերմալ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը արեւայինից չորս անգամ ավելի ցածր է), բնապահպանական անվտանգությամբ, արտաքին եղանակային պայմաններից անկախ լինելու առանձնահատկությամբ եւ ջերմային էներգիան էլեկտրականի փոխակերպելու տեխնոլոգիական գործընթացի պարզությամբ գեոթերմալ էլեկտրակայանները ունեն իրենց ուրույն տեղը: Նման էլեկտրակայաններ ներկայումս շահագործվում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իտալիայում, Իսլանդյայում եւ այլուր` ընդհանուր առմամբ, ապահովելով մոտ 17 000 մեգավատտ հզորություն:

 

Բոլոր գործող գեոթերմալ էլեկտրակայաններն աշխատում են գեյզերային աղբյուրների ստորգետնյա ջերմային էներգիայով, որը, ինչպես հայտնի է, մագմատիկ ծագում ունի: Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի տարածքը հարուստ է այս տիպի էներգիայի պաշարներով: Հանգած հրաբուխների մեծ քանակությունը մեր երկրում (մոտավորապես 550) վկայում է ընդերքում հետմագմատիկ զանգվածների գոյության մասին, որոնք, կախված տարիքից եւ զանգվածի չափերից, օժտված են որոշակի ջերմային էներգիայով: Հայաստանի ընդերքում հիմնականում հանդիպում է բազալտա-գրանիտային ծագմամբ համեմատաբար ծանր մագմա, որը պարունակում է 5%-ից ոչ ավելի հեղուկ, եւ քանի որ մագմային զանգվածներին հարակից տարածքներում բացակայում են ստորգետնյա ջրային մեծ տարողություն ունեցող ավազաններ, մենք չունենք արդյունաբերական նշանակության գեյզերային աղբյուրներ: Սակայն հետազոտությունների արդյունքները եւ մեր կողմից կատարված տեսական հաշվարկները թույլ են տալիս գնահատել ստորգետնյա մատչելի ջերմային պաշարների մեծությունը: Մատչելի են համարվում ջերմային դաշտերը, որոնք գտնվում են մինչեւ 5 կմ խորության վրա, թեեւ ներկայումս մեծ թվով նավթի եւ գազի հորատանցքեր են գործում, որոնց խորությունն անցնում է 7500 մետրից, օրինակ` Ավստրիայում գործող բնական գազի հորատանցքն ունի 8553 մ խորություն, իսկ ԱՄՆ Օկլահոմայի նահանգում գործողը` 9583 մ խորություն:

 

Հայաստանի ջերմային ակտիվ գոտիներում, որոնց տարածքը գնահատվում է մոտ 3000 քառակուսի կմ, գոյություն ունեն մատչելի ջերմային պաշարներ, որոնց մեծությունը համարժեք է 600 միլիարդ բարել նավթի ծավալին: Ընդ որում` այդ ջերմային էներգիայի օգտագործումը չի պահանջում թթվածնի լրացուցիչ ծախս, որն այդ քանակության նավթի համար կկազմեր 25x1012 խորանարդ մետր նորմալ ճնշման պայմաններում գտնվող օդ: Ստացվում է, որ մենք պատկանում ենք երկրագնդի ամենահարուստ եւ ամենաէժան, էկոլոգիապես մաքուր էներգետիկ պաշարներ ունեցող երկրներին (երկրագնդում նավթի հաստատված պաշարները գնահատվում են մոտ մեկ տրիլիոն բարել) եւ, չգիտես` ինչու, նավթ ենք փնտրում այնտեղ, որտեղ նախախնամությունը նավթին փոխարինող ավելի թանկարժեք հանածո է մեզ տվել: Անհասկանալի է, որ, ունենալով այսպիսի հզոր էներգետիկ պաշարներ, մենք այս սուղ պայմաններում բարձր գներով ներկրում ենք էներգետիկ միջոցներ եւ դեռ մեր սեյսմիկ ակտիվ տարածքում «խիզախորեն» օգտվում միջուկային էներգիա, որից շատ ավելի վատ էներգետիկ պայմաններում գտնվող եւ շատ ավելի զարգացած երկրներ ամեն կերպ հրաժարվում են:

 

Տրամաբանական է, որ այսպիսի հզոր եւ էկոլոգիապես մաքուր էներգետիկ պաշարների տիրապետող երկիրը հնարավոր ամեն ինչ պիտի անի այդ հարստությունները երկրի հզորացմանը եւ բնակչության բարգավաճմանը ծառայեցնելու համար:

 

Մեր կողմից նախագծվել եւ արտոնագրվել է սարքավորում, որը հնարավորություն է տալիս կորզելու ստորգետնյա չոր ապարների ջերմությունը` փոխակերպելով այն էլեկտրական էներգիայի: Սարքի աշխատանքը հիմնված է նավթի եւ գազի արդյունահանման համար հորատվող հորատանցքերի օգտագործման վրա: Որոշակի կոնստրուկտիվ փոփոխությունները թույլ են տալիս փակ միակոնտուր համակարգում հորատանցքի շրջակայքի ստորգետնյա ջերմային էներգիան վերածել էլեկտրականի: Մեկ հորատանցքի վրա տեղադրված սարքավորումը հնարավորություն է տալիս մինչեւ 4-4.5 կմ խորություն ունեցող հորատանցքից ստանալ 2-3 մեգավատտ հզորության էլեկտրական էներգիա: Եթե օգտագործվում է ճյուղավորված հորատանցքերի համակարգ, ապա արտադրվող էլեկտրաէներգիայի հզորությունը կբազմապատկվի համակարգի մեջ մտնող հորատանցքերի թվով: Այսինքն` մեկ բազմահորատանցք կայանը կարող է ապահովել մինչեւ 50 մեգավատտ հզորություն:

 

Հարկ է նշել, որ գոյություն ունեցող ստորգետնյա ջերմային դաշտերը կարող են ապահովել կայանին անհրաժեշտ ջերմության մատակարարումն անընդմեջ` մինչեւ 200 տարի: Իհարկե, ժամանակի ընթացքում  կայանի հզորությունը աստիճանաբար կնվազի` 200 տարվա վերջում կազմելով նախնական հզորության մոտ կեսը: Սարքավորման փակ միակոնտուր համակարգն ապահովում է դրա աշխատանքի էկոլոգիական մաքրությունը, իսկ սարքավորման վերգետնյա մասի զբաղեցրած փոքր մակերեսը (3 մեգավատտ հզորություն ունեցող կայանի համար այն կազմում է մոտ 40 քառակուսի մետր) հնարավորություն է տալիս, անգամ մեծ հզորություններ ստանալու դեպքում, չզբաղեցնել վերգետնյա մեծ տարածքներ: Էլեկտրակայանի ծախսածածկման ժամկետը, էլեկտրական էներգիայի մեկ կիլովատտ/ժամը հինգ ցենտով վաճառելու դեպքում, կազմում է 5-6 տարի:

 

Պատկերացնելու համար, թե դա ինչ կարող է տալ հանրապետությանը դիտարկենք ստացված արդյունքը, եթե հանրապետության ջերմային ակտիվ տարածքի մեկ երրորդն օգտագործենք առաջարկվող եղանակով էլեկտրական էներգիա ստանալու համար: Ստացվող էլեկտրաէներգիայի գումարային հզորությունը առաջին երեսուն տարիներին կկազմի 20 հազար մեգավատտ եւ գործող սակագների դեպքում տարեկան կստեղծի ութ ու կես միլիարդ ԱՄՆ դոլարի արդյունք, որը գերազանցում է հանրապետության տնտեսության ցանկացած ճյուղի համախառն արտադրանքը: Որոշակի հզորության կայանների համակարգ կառուցելու դեպքում կարելի է ոչ միայն բնակչությանը անհրաժեշտ քանակի էլեկտաէներգիայի մատակարարումն իրագործել սիմվոլիկ գներով, այլեւ հանքարդյունաբերության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման միջոցով ապահովել արտադրանքի վերջնական արդյունքի ստացումը եւ լուծել հանրապետության առաջ ծառացած տնտեսական ու սոցիալական հիմնական հարցերը:

 

Լեւոն ՄՈՒՐԱԴՅԱՆ