կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-12 11:59
Առանց Կատեգորիա

Էրդողանը Հայաստանին պատմական շանս է նվիրաբերել

Էրդողանը Հայաստանին պատմական շանս է նվիրաբերել

Էրդողանը Հայաստանին Իսրայելի հետ սերտ հարաբերություններ զարգացնելու պատմական շանս է նվիրել. IzRus պորտալին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին խորհրդական, Heritage Foundation-ի հետխորհրդային տարածքի ամենահեղինակավոր մասնագետ Արիել Կոենը:

«Թուրքերն իրենց ձեռքով վատացրին հարաբերությունները տարածաշրջանային միակ կայուն գործընկերոջ հետ, ընդ որում` դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ «զրո խնդիր հարեւանների հետ» տխրահռչակ քաղաքականությունը դարձել է չար կատակ: Թուրքերի սահմանի ամբողջ պարագծով խնդիրներ են` Իրանի, Իրաքի քրդերի, Սիրիայի հետ, վրացիների հետ` Աբխազիայի պատճառով: Իսրայելին վրա ցեխ շպրտելու փոխարեն թուրքական իշխանություններին հարկ է նայել հայելու մեջ` հասկանալու համար, թե ով է մեղավոր կատարվածում»,- նշել է նա:

Կոենը հավելել է, որ նույնիսկ առանց հրեական լոբբիի ճնշման թուրքերի դիրքերը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում թուլանում են: «Ցեղասպանության ճանաչումը Կոնգրեսի կողմից ժամանակի հարց է: Իսկ երբ դա տեղի ունենա, հնարավորություն կլինի թուրքական իշխանություններին հայերին փոխհատուցում տրամադրելու պահանջներ ներկայացնել»,- ասել է փորձագետը` հավելելով, որ այս հարցում որպես դաշնակից Իսրայելին կորցնելով` Թուրքիան կարող է ուժեղ տնտեսական հարված ստանալ:

«Այսօր Հայաստանը եզակի պատմական շանս ունի` Երուսաղեմի հետ հարաբերություններ զարգացնելու: Սակայն նա պետք է հասկանա, որ չի կարող մաքսիմալիստական դիրքերում լինել: Իսրայելը չի ցանկանա խզել հարաբերությունները Ադրբեջանի հետ, դա նրան ձեռնտու չէ: Այդ պատճառով` միայն ըմբռնում եւ հանդուրժողականություն ցուցաբերելով` Երեւանը կկարողանա հասնել հաշտեցման ու լավ կապերի հաստատման»,- ասել է Կոենը: