Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արցախը… Արցախում ես ինձ զգում էի մի ժամանակակից պետությունում, որտեղ ժողովուրդը շատ մտերիմ է, ընկերական, իսկ բնությունը` ժողովրդի պես մաքուր»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Պլասիդո Դոմինգո-կրտսերը:
Երեկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Դոմինգոյի եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը, որը կազմակերպել էր Mezzo փրոդաքշընը:
Դոմինգոն նշեց, որ համերգին հնչեցին իր նոր «Latidos» /«Սրտի զարկեր»/ ձայնասկավառակում տեղ գտած 11 երգերը` լատինաամերիկյան սիրային բալլադներ, ջազ… Ի դեպ, նա տեղեկացրեց, որ մինչեւ տարեվերջ տեղի կունենա ձայնասկավառակի շնորհանդեսը:
«Ես շատ եմ հարգում Ազնավուրին եւ որոշել էի անպայման հայ հանդիսատեսի համար նրա գործերից մեկը կատարել. հնչեց «Լա Բոհեմը», որը, եթե չեմ սխալվում, հայերը շատ են սիրում»,- ասաց Դոմինգոն:
Նա նշեց նաեւ, որ հայաստանյան միջավայրը եւ մթնոլորտը շատ սիրեց եւ իրեն հարմար էր զգում մեր երկրում:
Խոսելով երիտասարդական նվագախմբի մասին` Դոմինգոն իր հիացմունքը հայտնեց երաժիշտների եւ Սերգեյ Սմբատյանի հանդեպ` ասելով, թե նվագախումբը դեռ կապացուցի, որ երկար ճանապարհ ունի անցնելու:
«Հիանալի ստեղծագործություններ հնչեցին, հիանալի համերգասրահ ունեք ու հիանալի հանդիսատես: Ֆանտաստիկ նվագախումբ է եւ հրաշալի երաժիշտներ: Զգացվում է, թե ինչ սիրով ու էնտուզիազմով է Սերգեյ Սմբատյանն իր գործն անում: Հրաշալի է, որ նման նվագախումբ ու երկիր ունեք»,- ասաց Դոմինգոն:
Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ համերգը յուրահատուկ էր` իր ոճով, ֆորմատով, հաղորդած էներգիայով, հանդիսատեսով եւ նվագախմբի ոգեւորվածությամբ: Ըստ նրա` հաճախ, դասական երաժշտություն ասելով, շատ բարդ բան ենք պատկերացնում, դրա համար էլ նմանատիպ համերգների կարիք ունենք, համերգներ, որոնք մարդկանց մեջ հետաքրքիր էմոցիաներ են առաջացում եւ մարդկանց դասական համերգի բերում:
«Նման համերգներն անհրաժեշտ են, որ այս ոգեւորվածությունն առաջանա թե՛ երիտասարդների եւ թե՛ հանդիսատեսի մեջ. հանդիսատեսը կհասկանա, որ դասականն այնքան էլ «վախենալու» չէ, եւ կամաց-կամաց կինտեգրվի այս արվեստին»,- ասաց Սմբատյանը:
Համերգի ոճը նորություն էր նվագախմբի համար, սակայն, ըստ Սմբատյանի, իրենց համար չկան օրենքներ, թե` միայն Մոցարտ կամ Բեթհովեն պետք է կատարեն. «Համերգը ցույց տվեց որ նվագախումբը մեկ օրվա ընթացքում կատարեց երաժշտություն, որը նախկինում չէր փորձել, այսինքն` ունենք ամեն ինչ` հասնելու լավագույնին»: