կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-18 10:06
Հասարակություն

Արմավիր-Երեւան երթուղին կաթվածահար է եղել

Արմավիր-Երեւան երթուղին կաթվածահար է եղել

Արդեն տեւական ժամանակ է, ինչ Արմավիր-Երեւան երթուղին սպասարկող թիվ 207 համարի միկրոավտոբուսները անկանոն են աշխատում: Ավտոկայարաններում մշտապես մարդկային կուտակումներ են:

 

Նախկինում «ԳԱԶելները» շարժվում էին ուղեւորների հավաքվելուն պես, մանավանդ` առավոտյան ու երեկոյան` աշխատանքի կամ համալսարաններ գնալ-վերադառնալու ժամերին, երթուղայինները շարժվում էին մեկ-երկու րոպեն մեկ: Այնինչ մի քանի օր է՝ մեքենաների պակաս կա:

 

Մեզ ահազանգած արմավիրցիները փաստում են, որ երթուղայիններն այս ընթացքում եկամտաբեր գործով են զբաղված. բերքահավաքի այս շրջանում գյուղացիները «ԳԱԶելների» վարորդներին շահավետ պայմաններով առաջարկում են դաշտից բերք տեղափոխել: Վարորդներն էլ գծից դուրս են գալիս եւ միջմարզային երթեւեկությունը սպասարկելու փոխարեն սպասարկում այգեգործներին: Բացի այդ` արմավիրցի ոչ փոքրաթիվ գյուղացիներ աշխատում են Արարատի մարզում՝ գործարանային հողերում, եւ երթուղայիններն ամեն առավոտ նրանց տեղափոխում են աշխատանքի, իսկ երեկոյան` հետ վերադարձնում, եւ այդ ամբողջ ընթացքում ավտոկայարաններում կուտակումներ են:

 

Նշենք, որ 207-ը նույն երթուղին է, որի վրա արդեն երկար ժամանակ աչք ունի ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանը, ում ազգականները մեկ անգամ չէ, որ փակել են վարորդների ճանապարհը՝ ստիպելով հրաժարվել մեքենան վարել՝ գիծը հանձնելով իրենց:

 

Այս ամենի արդյունքում միակ տուժողը ուղեւորն է, որ ցանկանում է մեկնել Արմավիր կամ Արմավիրից: