կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-17 16:28
Առանց Կատեգորիա

Ինչ կարող է սովորել Չեխիայի վարչապետը Հայաստանից

Ինչ կարող է սովորել Չեխիայի վարչապետը Հայաստանից

Չեխիայի վարչապետ Պյոտր Նեչասը հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարել էր` ելույթ ունենալով հեռուստատեսային բրիֆինգի ժամանակ` իր գլխավորած Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության անդամների հետ հանդիպումից հետո: Հրաժարականը պայմանավորված էր նախորդ շաբաթ ոստիկանության կողմից իրականացված` աննախադեպ մասշտաբի հակակոռուպցիոն օպերացիայով, որի արդյունքում ձերբակալվել էին վարչապետի գլխավոր օգնականը և իշխող կուսակցությունը ներկայացնող մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանք մեղադրվում են պատգամավորներին կաշառելու, քաղաքացիներին, մասնավորապես` վարչապետի կնոջը, անօրինական կերպով գաղտնալսելու մեջ: Թեեւ առայժմ չի հաստատվել, որ այդ ամենում ներգրավված է եղել նաև վարչապետն անձամբ, սակայն Նեչասը հրաժարական է տվել` իր որոշումը պատճառաբանելով ունեցած «քաղաքական պատասխանատվությամբ»:

 

Իր հերթին, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պնդել է, թե կառավարությունը պետք է հրաժարական տա, քանի որ «դատախազի և ոստիկանության եզրակացությունները հիմնված են անհերքելի փաստերի վրա»:

 

Այն պատճառները, իրավիճակը, որոնց ազդեցությամբ Չեխիայի վարչապետը և կառավարությունը հրաժարական են տալիս, ընդամենը նյուանսներով է տարբերվում Հայաստանում առկա իրավիճակից: Որոշ պարամետրերով Չեխիայում առկա իրադրությունը նույնիսկ մի փոքր ավելի մեղմ է: Նախ` եթե այդ երկիրը կոռուպցիոն սկանդալից ցնցվեց ընդամենը մեկ շաբաթ, Հայաստանը արդեն 5 տարի գտնվում է քրոնիկ, պերմանենտ ցնցումների մեջ: Երկրորդ` այնտեղ գոնե ոչ թե վարչապետն է մեղադրվում կոռուպցիայի ու պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, այլ նրա անմիջական շրջապատը, որն, իհարկե, զուտ բարոյական ու քաղաքական պատասխանատվության տեսակետից, վարչապետի պատասխանատվությունը չի նվազեցնում ու արդարացման միջոց չէ: Մինչդեռ Հայաստանում հանգեցինք ընդհուպ մի վիճակի, երբ առնվազն հիմնավոր կասկածներ հնչեցին վարչապետի կողմից անձամբ փողերի լվացման մեքենայություններում այս կամ այն կերպ ներգրավված լինելու կապակցությամբ: Բայց ահա Չեխիայում վարչապետը հրաժարական է տալիս, իսկ Հայաստանում` ոչ: Ընդհակառակը` չնայած տարիներ շարունակ վարչապետի հասցեին ուղղված տարատեսակ մեղադրանքներին, նա նույնիսկ վերանշանակվում է, այսինքն` արժանանում յուրատեսակ քաջալերանքի:

 

Բացի սրանցից` Չեխիան Հայաստանից տարբերվում է ևս երեք բանով: Նախ` ի տարբերություն Հայաստանի, որտեղ ոստիկանության ղեկավարը նախագահական ընտրություններից առաջ իրեն նախագահի թիմի ներկայացուցիչ է համարում, յուրաքանչյուր նոր աղմկոտ «սամասուդային» հանցագործությունից հետո ճոռոմ հայտարարություններ հնչեցնում, Չեխիայի ոստիկանությունը համարձակություն ունի վարչապետի օգնականին ձերբակալելուց առաջ չնայել պրեզիդենտի, մեր ընկալմամբ` «շեֆի» քիմքին, կամ թույլտվություն հայցել վարչապետից: Իսկ դա նշանակում է, որ եթե, օրինակ, կիպրոսյան հայտնի օֆշորային սկանդալը լիներ ԵՄ անդամ այդ երկրում, դատախազությունը գործը չէր փոխանցի ոստիկանությանը, իսկ վերջինս էլ բերանը ջուր չէր առնի ու անգործությունը դարձներ իր հիմնական գործողությունը:

 

Երկրորդ` Չեխիայում գործում է նախագահի ինստիտուտ, որի պարտականությունն է ապահովել պետական իշխանության բոլոր ճյուղերի հավասարակշռությունը, բնականոն գործունեությունը: Զեմանի հայտարարությունը դրա ուղղակի դրսևորումն է: Մինչդեռ Հայաստանի նախագահը առաջին հերթին թիմի ղեկավար է, իսկ թիմը ողջ կառավարման համակարգն է` իշխանության բոլոր ճյուղերի համախումբը` միմյանց մեջ ներծծված ու կարծրացած, ու որտեղ գործում է ոչ թե պատրականությունների ու իրավունքների համակարգը, այլ «մերոնքական-ձերոնքական» տարբերակման մշակույթը: Այստեղ նախագահը ոչ մի խոսք անգամ չի ասում, երբ սեփական թիմի անդամ, մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձի ընտանիքի ներգրավմամբ, նրա տան մոտ մահվան ելքով «ռազբորկաներ» են տեղի ունենում:

 

Չեխիայի համեմատ` Հայաստանի տարբերությունը նաև այն է, որ այդ երկրի իշխանությունը միջազգային կազմակերպությունների, երկրների կողմից երկրի երեսին նետված թուքը` պետական լծակները կուսակցականացնելու և յուրացնելու մեղադրանքների տեսքով, թերևս, չէր ընդունի երկնքից թափվող զովացուցիչ անձրևի նման:

 

Եվ վերջապես երրորդ` Չեխիայում դատախազությունն ու ոստիկանությունը պետական պաշտոնյաների նկատմամբ մեղադրանքները չեն կառուցում նախագահի նստավայրից ստացվող հրահանգներով, նոմենկլատուրայի նախասիրություններով ու «յուրայիններին» պաշտպանելու կամ անհրաժեշտության դեպքում «փուռը տալու» կանխակալ տրամաբանությամբ: Եթե այդպես լիներ, ապա ոչ թե վարչապետը, այլ այդ երկրի գլխավոր դատախազն ու ոստիկանապետը պետք է պաշոնանկ արվեին` վարչապետին սկանդալի մեջ ներքաշելու «ինքնագործունեության» և հանդգնության համար: Նման բաները Հայաստանում երբեք չեն ներվում:

 

Չեխիան Եվրամիության անդամ երկիր է, անցել է պետական կառավարման ինստիտուտների կայացման բավական երկար ու ոչ հեշտ ճանապարհ: Բայց այդ երկիրն այդպես էլ չի կարողացել յուրացնել այդ ինստիտուտները սեփական երկարակեցությանը, վերարտադրմանը ծառայեցնելուն կոչված պարզագույն «ճշմարտություններ», հասարակ տեխնոլոգիաներ: Օրինակ` որ պետք է ոչ թե այնպիսի պատգամավորներ բերել խորհրդարան, որոնց ինչ-որ բան անել դրդելու համար ստիպված լինես կաշառք առաջարկել, այլ միանգամից ձեռնասունների ու զոմբիների, որոնք ընդամենը դեմքի միմիկայից հասկանում են` ինչ ու ինչպիսի արագությամբ է պետք է անել: Այլ կերպ ասած` պետք է ոչ թե խորհրդարան ստեղծել, այլ կառավարության կամակատար, համհարզ: Եվ այս տեսանկյունից Նեչասը և նրա թիմը Հայաստանից ահագին բան ունեն սովորելու: Հիմա արդեն դրա համար բավականաչափ ժամանակ կունենան: Մնում է ցանկությունը...

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ