կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-11 12:57
Առանց Կատեգորիա

Ջավախահայերը կորցնում են կապը Հայաստանի հետ

Ջավախահայերը կորցնում են կապը Հայաստանի հետ

Օրեր առաջ մի խումբ ջավախահայեր փակել էին Բավրայի մաքսային անցակետի ճանապարհը: Նրանք պահանջում էին մաքսային ռեժիմով ժամանակավոր ներմուծման սկզբունքը վերանայել: Նշենք, որ Հայաստան մտնելու համար ջավախահայերը  պարտավորվում են օրական մի քանի անգամ վճարել` և' մուտքի, և' ելքի համար:

 

Խնդրի առնչությամբ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսակետ հայտնեց Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը: Ըստ նրա` երբ Վրաստանի իշխանությունները  որևէ ոտնձգություն են կատարում վիրահայերի նկատմամբ, հայկական կողմը մեծ աղմուկ է բարձրացնում, քննադատում, սակայն  ավելի մտահոգիչ է ջավախահայերի նկատմամբ Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը:

 

«Մենք սովորել ենք արդեն, որ ջավախահայերի նկատմամբ մեր իշխանությունները  սխալ  որոշուներ կայացնեն, սակայն ժամանակն է հասկանալ մեր սխալները, այլապես մենք շատ բան կկորցնենք»,- ասաց նա և հավելեց, որ հայկական կողմի ընդունած ցանկացած որոշում վիրահայերը կարող են շահարկել. «Հայաստանում բախվելով անօրինականությունների` ջավախահայերը գերադասում են իրենց խնդիրները լուծել Վրաստանում և հետզհետե կորցնում են կապը Հայաստանի հետ»:

 

Ալվրցյանի խոսքով` մենք այսօր չունենք արտաքին քաղաքականություն Ջավախքի հարցովտ և չենք կարողանում վերջնական հայեցակարգ մշակել այս հարցի վերաբերյալ: Նա թվեց մի քանի հրատապ խնդիրներ, որոնք Հայաստանը պետք է Վրաստանի հետ համատեղ լուծի, այն է` համատեղ համալսարանի բացում,  հայկական եկեղեցիների խնդիրը, հայոց լեզվի կարգավիճակի հստակեցում, համատեղ տնտեսական միջոցառումների անցկացում, Ջավախքում հայկական մամուլի ազատ տարածում, մշակութային կյանքի աշխուժացում և այն:

 

Ըստ նրա` ջավախահայերի նկատմամբ լարվածությունը, որը ժամանակին սերմանել էր Սահակաշվիլին, թուլացել է, և նշված խնդիրները լուծելու համար  ստեղծված են անհրաժեշտ նախադրյալները: