կարևոր
439 դիտում, 3 ժամ առաջ - 2025-02-05 16:45
Հասարակություն

Ինչո՞ւ ընդամենը 1 ամիս, ջավախահայերը պետք է անժամկետ երթևեկեն ՀՀ-ում. արձագանք՝ ՆԳՆ-ին

Ինչո՞ւ ընդամենը 1 ամիս, ջավախահայերը պետք է անժամկետ երթևեկեն ՀՀ-ում. արձագանք՝ ՆԳՆ-ին

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է ՆԳՆ հայտարարությանը՝ նշելով պատասխանը չի փարատում մտահոգությունները և հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր է լուծելու մեկ ամսյա ժամկետի սահմանումը։

«Երեկ ֆեյսբուքյան գրառմամբ բարձրաձայնել էի, որ երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը ՀՀ տարածքում պարեկների կողմից զանգվածաբար տուգանվում են։

Նշել էի, որ սա անարդարացի մոտեցում է․ հայկական վարորդական վկայականի բացակայությունը չպետք է հիմք հանդիսանա ջավախահայերին տուգանելու համար։

Դիմել էի ՀՀ Ներքին գործերի նախարարությանը և պետական պատկան մարմիններին՝ նշված հարցին լուծում տալու, ջավախահայությանը ՀՀ տարածքում ապօրինի կերպով տուգանելու գործընթացը շուտափույթ դադարեցնելու պահանջով:

Ի պատասխան իմ հրապարակմանը՝ այսօր ՆԳՆ-ից հայտնեցին, որ այս պահին իրենց կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական նախաձեռնություն, որով երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում։

Պատասխանը, ցավոք, չի փարատում մեր մտահոգությունները։ Հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր է լուծելու մեկ ամսյա ժամկետի սահմանումը։ Եթե հնարավոր է այլ երկրի վարորդական վկայականով երթևեկել 1 ամիս, ինչո՞ւ հնարավոր չէ անժամկետ երթևեկության թույլատրումը։

Շարունակելու եմ հետամուտ լինել խնդրին, որպեսզի ջավախահայերը, որոնք ունեն վրացական անձնագրեր և վարորդական վկայականներ, ՀՀ-ում կարողանան երթևեկել առանց որևէ խոչընդոտի»։

Հիշեցնենք՝ երեկ Գառնիկ Դանիելյանը բարձրաձայնել էր, որ երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը ՀՀ տարածքում պարեկների կողմից տուգանվում են, և ընդգծել էր, որ դա անարդարացի մոտեցում է։

Ավելի վաղ էլ, ի պատասխան Գառնիկ Դանիելյանի հայտարարության, ՆԳՆ-ն հայտնել էր, որ այս պահին իրենց կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական նախաձեռնություն, որով երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում։