Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստան մտնող եւ այստեղից Իրան գնացող պարսկական մեքենաները կանգնեցնելով՝ Ադրբեջանը հաջորդ քայլն է անում Հայաստանի շրջափակումը խորացնելու, սնուցման ուղիներից կտրելու, բարդացնելու Հայաստանի կապը Իրանի հետ,-Yerkir.am-ին հայտնեց ռազմական վերլուծաբան, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։
Նրա խոսքով՝ այս զարգացումները շատ սպասելի էին։ Այս սցենարի մասին, ըստ Վրթանեսյանի, զգուշացվել է նոյեմբերի կապիտուլյացիայի հայտարարությունից հետո եւ խորհրդարանական ընտրություններից առաջ։
«Ըստ իրանցիների վկայությունների՝ ադրբեջանցիները կանգնեցնում են մեքենան, փող են ուզում, հարցնում են՝ Երեւանում ի՞նչ գործ ունեն, ինչո՞ւ են գնում կամ ի՞նչ էին անում Երեւանում, զննում են մեքենաները, բեռներն են ստուգում»,- նշեց վերլուծաբանը։
Հայաստանի իշխանությունը, Վրթանեսյանի խոսքով, պնդում է, որ այդ տարածքն ադրբեջանական է, բայց իրականում թշնամին Հայաստանի տարածք է մտել հերթական անգամ եւ ճնշումներով շարունակում է իր քաղաքականությունը։
«Հայաստանի ներկայիս իշխանությունները պնդում են, որ դա Ադրբեջանի տարածքն է,բայց դա Ադրբեջանի տարածքը չի, քանի որ հենց նույն Ադրբեջանը պնդում է, որ քանի դեռ սահմանազատում արված չի, չի կարելի ասել, թե որ տարածքում է, ուստի արդարացումը, թե դա, իբր, ադրբեջանական տարածք է, քննադատությունից խուսափելու ձեւ է։ Քանի դեռ սահմանազատում չի արվել, ծիծաղելի է նույնիսկ խոսել ադրբեջանական տարածք լինելու մասին»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։
Ռազմական փորձագետը նկատում է՝ եթե խոսում ենք Արցախի ճանաչման մասին, ապա այդ հատվածը կարող է լինել Արցախի, բայց ոչ՝ Ադրբեջանի տարածք։
«Սա անմիջական կապ ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի երկարաժամկետ ծրագրերի հետ։ Այն է՝ Հայաստան անունով պետություն աշխարհում եւ աշխարհի քաղաքական քարտեզում գոյություն չունենա»,-Yerkir.am-ին հայտնեց ռազմական վերլուծաբան, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։
Հայաստանի իշխանությունը շատ է խոսում Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավներից, բայց մեր երկրի տարածքում այլ երկրներին պատկանող հատվածներ չկան։ Փաշինյանական պնդումները, թե Հայաստանում կան անկլավներ, սուտ են եւ ընդամենը թշնամուն հաճոյանալու քայլեր։
«Քանի դեռ սահմանազատման խնդիր՝ դեմարկացիա, դելիմիտացիա չի եղել, քանի դեռ որոշված չէ՝ որ տարածքը ումն է, խոսել ինչ-որ անկլավների մասին, անիմաստ է։ Նիկոլ Փաշինյանը ինչ ասես, երբ ասես հայտարարում է։ Նրա հայտարարությունները չեն կարող որեւէ բանի հիմք լինել»,-նշեց Կարեն Վրթանեսյանը։