կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-10 18:42
Առանց Կատեգորիա

Ձեռնտո՞ւ է Ալիևը Հայաստանին

Ձեռնտո՞ւ է Ալիևը Հայաստանին

Երեք օր առաջ itar-tass լրատվական գործակալությունը, հղում կատարելով դիվանագիտական անանուն աղբյուրների, տեղեկատվություն տարածեց, որ տապալվել է մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունը: Ըստ որոշ ոչ պաշտոնական տեղեկությունների` նախագահների հանդիպումը նախատեսված էր անցկացնել հունիսի 12-ին Զալցբուրգում:

 

Ո'չ ՄԽ համանախագահները, ո'չ պաշտոնական Երևանն ու Բաքուն երբեք չեն մեկնաբանել, հաստատել կամ հերքել այս տեղեկատվությունը, թեև իրականում դրան ուղղված աշխատանքներ տարվել են: Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է, թե միջնորդները շարունակում են նախապատրաստել երկու նախագահների հանդիպումը: Հունիսի 7-ին Լոնդոնում միջնորդները հանդիպել են երկու երկրների արտգործնախարարների հետ` հենց նախագահի մակարդակով հանդիպման անցկացման հարցում համաձայնության գալու համար: Ըստ Մամեդյարովի` հունիսի վերջին նրանք նախատեսում են ևս մեկ անգամ նման հանդիպում ունենալ:

 

Ակնհայտ է, որ ՄԽ համանախագահները և ադրբեջանական կողմը վերջին շրջանում նկատելի հետևողականություն են հանդես բերում նախագահների մակարդակով բանակցությունների հերթական ռաունդն անցկացնելու հարցում: Չի կարելի բացառել, որ դա պայմանավորված է ՄԽ համանախագահների մոտ ի հայտ եկած` բանակցություններում բեկում մտցնելու հույսերով: Թերևս պատահական չէր Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի` օրերս արած այն հայտարարությունը, թե հակամարտության կարգավորման հարցում նոր հնարավորություններ են ի հայտ եկել: Դեսպանը չի մանրամասնել, թե ինչ հնարավորությունների մասին է խոսքը:

 

Մյուս կողմից` խիստ ուշագրավ էր Ադրբեջանի նավթային ընկերության նախագահ Աբդուլաևի արած հայտարարությունը, թե Ադրբեջանը կարող է Հայաստանին գազ մատակակարել, եթե Երևանն այդ խնդրանքով դիմի իրենց: Մեկնաբանելով այս հայտարարությունը` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը նշել էր, թե «կարող է» ձևակերպումը բազմիմաստ է և նշանակում է, որ նման խնդրանքը Բաքուն կարող է բավարարել հայկական կողմից համապատասխան զիջումների պարագայում: Այլ կերպ ասած` Բաքուն խայծ է նետում Արևմուտքին, թե ինչպես կարող են օգտակար լինել Հայաստանին` նրան դրդելով գազային ու սոցիալական ճգնաժամը հաղթահարել Ադրբեջանի հետ «կառուցողական» երկխոսության մեջ մտնելով: Սա իսկապես հետաքրքրական ռևերանս է Ադրբեջանի կողմից: Բոլոր դեպքերում միջնորդների մոտ ի հայտ եկած հույսերը կարող էին պայմանավորված լինել պաշտոնական Բաքվի կողմից տրված ինչ-որ հավաստիացումներով:

 

Ի վերջո, բանակցություններն ընդհատվել են հենց ադրբեջանական կողմի դիրքորոշումների կարծրացման պատճառով, ինչի արդյունքում 2010-ին տապալվեց Կազանում կարգավորման հիմնարար սկզբունքներն ամրագրող շրջանակային փաստաթղթի ստորագրումը: Բացի դրանից, Հայաստանն այս ընթացքում բազմիցս է հայտարարել, թե իր մոտեցումներն ամբողջությամբ համընկնում են միջնորդների և միջազգային հանրության դիրքորոշումներին:

 

Հանդիպման անցկացման` Բաքվի նման հանկարծակի շահագրգռությունը պայմանավորված է հիմնականում հոկտեմբերին այդ երկրում սպասվող նախագահական ընտրություններով: Ստեղծելով բանակցությունների շարունակման հարցում շահագրգռության պատրանք` Ալիևի վարչակազմն իրականում փորձում է դրական սպասողականության մթնոլորտ ստեղծել իր շուրջը, դրանով իսկ մեղմելով Ալիևի` երրորդ անգամ անընդմեջ նախագահի պաշտոնում առաջադրվելու, իշխանությունը բռնի ուժող վերանվաճելու հարցում միջազգային հանրության կանխատեսելի բացասական ռեակցիան: Եթե Բաքվին դա հաջողվի ԼՂ հարցում որոշակի զիջումների գնալու պատրաստակամության մեջ միջնորդներին համոզելու եղանակով, ապա Ալիևը կարող է հենց սկզբից ապահովել իր արտաքին լեգիտիմությունը և դրա միջոցով հասարակությանը զրկել հակաիշխանական շարժման արտաքին աջակցությունից: Այս իմաստով «Բանակցություն հանուն բանակցությունների» կոնցեպցիան մերժող ալիևյան վարչակազմի համար տակտիկական առանցքային խնդիր է դառնում գոնե ամռանը ամենաբարձր մակարդակով նման հանդիպում կազմակերպելը` այդ ֆոնն ամրապնդելու համար:

 

Ալիևի այս մարտավարությունը Հայաստանին դնում է հակասական իրավիճակում: Եթե Երևանն ընդառաջում է նոր հանդիպման անցկացմանը, կամա թե ակամա ջուր է լցնում Ալիևի ջրաղացին: Եթե համաձայնություն չի տալիս, տապալում է այդ պլանները, բայց դա նրբորեն չանելու պարագայում վտանգ է ստեղծում իր նկատմամբ բանակցությունները տորպետահարողի ընկալում ձևավորելու հարցում: Հայաստանի համար էական է դառնում երկու հիմնական խնդիր` նախ հիմնավորել, որ Ադրբեջանի իշխանությունը ոչ թե հակամարտությունը կարգավորելու, այլ ներքին լեգիտիմություն ապահովելու նպատակ է հետապնդում այս շահագրգռությամբ, երկրորդ` հասկանալ, թե, ի վերջո, Ալիևի` իշխանության մնա՞լն է ձեռնտու ԼՂ կարգավորման տեսանկյունից, թե՞ հեռացումը: Նախագահ Սարգսյանի` Ադրբեջանի մասով օրերս Ազգային անվտանգության խորհրդի նիստում արած հայտարարությունը, կարծես, հուշում է, որ ՀՀ իշխանություններն առաջնորդվում են երկրորդ, այսինքն` Ալիևի հեռացման նախընտրության տրամաբանությամբ` անընդհատ շեշտելով այդ երկրում հաստատված բռնապետական կարգերը:

 

Բոլոր դեպքերում, հիմնական կողմնորոշիչը մնում է այն, թե որքանո՞վ են ՄԽ համանախագահներից յուրաքանչյուրը շահագրգռված, օգտագործելով Ալիևի ներկայիս խոցելիությունը, նրան դրդել իրական, այլ ոչ թե վիրտուալ զիջումների: Այլ կերպ ասած` Հայաստանի խնդիրը տվյալ դեպքում ոչ թե Բաքվի հետ է, այլ հենց ՄԽ համանախագահների` հենց նրանցից ստանալու համապատասխան երաշխիքներ, որ նրանց հաջողվել է բռնել Ալիևի «կոտոշներից»: Թեև այդ երկրի նկատմամբ միջազգային հանրության ցուցաբերած երկակի ստանդարտների քաղաքականությունը նաև այդ հարցում մեծ ակնկալիքների տեղ չի թողնում: Բոլոր դեպքերում` միայն այդ ժամանակ իմաստ ունի համաձայնել Սարգսյան-Ալիև հանդիպումն անցկացնելուն: Անգամ եթե այն լինի բանակցություն հանուն բանակցությունների, Հայաստանը հետագայում գոնե կկարողանա պահել իր դիրքային առավելությունը և հակազդել զիջումների գնալու միջազգային հանրության ճնշումներին:

 

Այս պահի դրությամբ որևէ հիմք չկա կարծելու, թե Բաքվի դիրքրոշումները ենթարկվել են էական վերանայումների: Մամեդյարովի` Մոսկվայում արած հայտարարություններն այն մասին, թե իրենց հիմնական գլխացավանքը հայկական զինված ուժերի առկայությունն է «իրենց օկուպացված» տարածքներում, ինչպես նաև վերջերս նախագահ Ալիևի հերթական զառանցանքները Հայաստանի` ադրբեջանական տարածքը լինելու և հակամարտությունը ուժով կարգավորելու վերաբերյալ, ոչ մի լավատեսություն չեն ներշնչում: Ու թերևս հենց դա է պատճառը, որ Հայաստանը փաստացի մերժում է առաջիկայում նման հանդիպում կազմակերպելու առաջարկը, որի մասին անուղղակի հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` «Ռեգնում»-ի հետ հարցազրույցում ասելով. «Հայկական կողմերը միշտ խրարուսել են հանդիպումներ կազմակերպելու` միջնորդների նախաձեռնությունները, այդ թվում` նաև ամենաբարձր մակարդակով: Այդպիսի հանդիպումները հակամարտության կարգավորման մեջ դրական տեղաշարժերի իմաստով կդառնան արդյունավետ միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվի ստի վրա հիմնված ապակառուցողական քաղաքականությունից»:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ