կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-04 18:10
Մշակույթ

Նկարներս հավնեցաք՝ հավնեցաք, չհավնեցաք` ի՞նչ ընեմ. Արա Գյուլեր

Նկարներս հավնեցաք՝ հավնեցաք, չհավնեցաք` ի՞նչ ընեմ. Արա Գյուլեր

«Բարեւ ձեզ»` այս խորագրով Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը, որն ընդգրկում է շուրջ 100 լուսանկար:

 

Լրագրողների հետ զրույցում Գյուլերը նշեց, որ 130 նկար է բերել, որոնք հետո նվիրելու է Հայաստանին:

 

«Հավնեցաք՝ հավնեցաք, չհավնեցաք` ի՞նչ ընեմ»,- ասաց նկարիչը:

 

Գյուլերը հիշում է` արվեստի ոլորտում իր առաջին քայլերն արել է թատրոնում եւ սկզբնական շրջանում բոլոր ներկայացումները ետնաբեմից է տեսել: «Հենց այդ ժամանակ էլ հասկացա, որ թատրոնը կեղծ է։ Արվեստը սուտ բան է, ամեն օր Համլետ չի ծնվում, բայց տեսեք` արդեն քանի Համլետ կա: Իսկ ահա լուսանկարն իրականություն է, քանի որ կյանքի մի պահն է ցուցադրում»,- նշեց լուսանկարիչը:

 

Ըստ նրա` իր կյանքի հիշարժան պահերից մեկը Արարատը բարձրանալն է եղել, մյուսը` պատերազմ լուսանկարելը:

 

Ինչ վերաբերում է վերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին, ապա դրանց մասին Գյուլերն առհասարակ չուզեց խոսել` պատճառաբանելով, որ դրանք պետական գործեր են, իսկ քաղաքական գործիչների մասին միայն ասաց. «Աշխարհի բոլոր քաղաքական գործիչները թող գրողի ծոցը գնան: Թող գրողի ծոցը գնան բոլորը»:

 

Գյուլերը նշեց, որ իր` հայ լինելը, երբեք ինչ-որ հարցում խոչընդոտ չի հանդիսացել, եւ ինքը երբեք չի թաքցրել այդ հանգամանքը:

 

«Հայ լինելն առավելություն է: Մամայիս կողմից 400 տարվա պոլսեցի եմ, պապայիս կողմից Շապինգարահիսարից եմ»,- ասաց լուսանկարիչը:

 

Սա Գյուլերի առաջին այցը չէ Հայաստան, ըստ նրա` նախորդ այցից հետո շատ բան է փոխվել այստեղ. առաջին աչքի զարնող փոփոխությունը բարձրակրունկ կոշիկներ հագած աղջիկներն են. «Բարձր, բարձր կրունկներ են հիմա բոլորն այստեղ հագնում»:

 

Ի դեպ, «Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի» որոշմամբ` Արա Գյուլերին շնորհվեց ասոցիացիայի պատվավոր անդամի կոչում։

 

Մանրամասները` տեսանյութում: