կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-09 13:38
Տարածաշրջան

Ես հայ եմ, նա՝ քուրդ, կողք կողքի կանգնենք՝ գուցե ապստամբություն բարձրացնենք. Արա Գյուլեր

Ես հայ եմ, նա՝ քուրդ, կողք կողքի կանգնենք՝ գուցե ապստամբություն բարձրացնենք. Արա Գյուլեր

Թուրքիայում հայտնի գրող, Աղթամարի եկեղեցին թուրքական իշխանությունների ծրագրած ոչնչացումից փրկող Յաշար Քեմալի մահից հետո «Ակօս» պարբերականը զրուցել է նրա մտերիմ ընկերոջ, հայտնի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի հետ:

 

«Արա» սրճարանում հանդիպում ենք՝ նրա Յաշարի մասին զրուցելու համար: Ինձ հետ է Պերճը (Արաբյան): Պերճը մի քանի տարի առաջ է ծանոթացել Արա Գյուլերի հետ, լուսանկարել նրան: Վարպետի հետ հանդիպելու կապակցությամբ գոնե ինձ չափ հուզված է Սեղանին եմ դնում Յաշար Քեմալի «60 տարի հարցազրույցների մեջ» գիրքը: Գրքում գրողի` տարբեր քաղաքներում, զանազան տարիների արված 26 հիասքանչ լուսանկարներ ու դիմանկարներ կան: Քեմալի կյանքը, խորությունը, ընկալումը, ցավի արտահայտությունը հավերժացնող այս լուսանկարները պատկանում են նրա մտերիմ ընկերոջը՝ Արա Գյուլերին

 

Հենց նստում ենք՝ ձեռքը մեկնում է գրքին: Մեկ առ մեկ պատմում է: «Այս լուսանկարը ես եմ արել: Փարիզում է: Մեզ հետ նաև Ջեյմս Բալդվին է: Այստեղ չի երևում: Երեքով քեֆ ենք անում: Հա, թափառում էինք Կ.Պոլսում Սա էլ սրճարանում է` երիտասարդ տարիներին»: Մեկ այլ լուսանկարում Յաշար Քեմալը խաղում է շան հետ, մյուսում նարդի խաղացողների հետ է, հետո՝ մզկիթում: «Ինձ մոտ անթիվ լուսանկարներ կան դեռ, ճանապարհը երկար էր»,- ասում է Արա Գյուլերը:

 

Հարցնում եմ. «Հիշու՞մ եք այդ ճանապարհի սկիզբը»: Ասում է. «Երկար ժամանակ է անցել, 20-29 տարեկան էինք: Այդ ժամանակ ես ֆոտոլրագրող էի «Կյանքի պարբերական»-ում: Անատոլիայից նոր էր եկել և առաջինն ինձ հետ է ծանոթացել այստեղ: Անատոլիայի բիճեր ենք, էլի»:

 

«Կյանքի պարբերական»-ում մի ժամանակ իրար հետ աշխատած երկու վարպետներ: Միմյանց մասին կատակներով իրար հետ աշխատել և կյանք են կիսել: «Ես հայ եմ, նա քուրդ: Կողք կողքի կանգնենք՝ գուցե ապստամբություն բարձրացնենք»,- ասում է ու բարձրաձայն ծիծաղում: Քիչ է խոսում, երբեմն ասում է՝ չեմ հիշում, սակայն նրա խոսքերում և ժպիտում, ակնհայտորեն,  կա ապրածների թարմ հիշողությունը:

 

-Վերջին անգամ ե՞րբ եք տեսել նրան:


-Գնացել էի հիվանդանոց: Վերակենդանացման բաժանմունք ոչ ոքի թույլ չէին տալիս մտնել:


- Այստեղ («Արա» սրճարանում) հանդիպո՞ւմ էիք:


-Այստեղ` վերևում: Ես էի գնում նրանց տուն: Նրա տունը շատ գեղեցիկ է: Բոսֆորի նեղուցի ափին էր: Յաշարն ու ես լավ անցյալ ենք ունեցել:


-Դուք նրան նախ որպես լրագրող ճանաչեցի՞ք:


-Նա լրագրող էր արդեն: Հետո դարձավ վիպասան: Շատ լավ լրագրող է: Այդ մասնագիտություն նորություններ է բերել: Աղթամարը նա է փրկել, դրա ոչնչացումը նա է կասեցրել:


-Իսկ նրա գրականությո՞ւնը Ձեզ համար…


-Աշխարհի ամենալավ գրականագետն է Յաշարը: Ես ամենաշատը «Արարատ լեռան լեգենդ»-ն ու «Նիհար Մեմեդ»-ն եմ սիրում: Օրինակ՝ կա «Դարբինների շուկայի ոճրագործությունը»


-Առաջինը ո՞ր պատկերն եք մտաբերում՝ հիշելով ձեր՝ իրար հետ այցելած վայրերը:


Մանուշակ» անունով մի տեղ կար, այնտեղ էր նստում, գիտե՞ս: Եշիլքոյից մի փոքր այն կողմ, փոքրիկ գյուղ է: Այնտեղ ձկնորսներ կան, ափին մարդիկ նարդի են խաղում: Նրանց հետ մտերիմ էր, ինձ էլ իր հետ էր տանում, նարդի էինք խաղում: Նա խոսում էր, ես էլ՝ լուսանկարում:


-Միմյանց հետ այցելել եք նաև Անատոլիայի տարբեր վայրեր: Համատեղ ճանապարհորդությունն ինչպե՞ս էր: Ճանապարհից հիշողություններ ունե՞ք:


-Շատ տեղեր` Կարին, Ադանա…, բայց հիմա չեմ հիշի: Հաճելի մարդ էր Յաշարը: Նա քեզ էր պատմում, դու էլ` իրեն, ժամանակը լավ էր անցնում: Վերջին անգամ Համիթե գնացինք, Չուքուրովայում է՝ նրա ծննդավայրում: Այնտեղ նրա արձանն էլ կանգնեցրինք, բացումն արվեց: Հալեթ Չամբելը նրա պատվին ճաշկերույթ կազմակերպեց: Կարևոր անձինք էլ կային:


Երբեմն-երբմեն հայերեն ենք խոսում Արա Գյուլերի հետ: Զրույցի ընթացքում պարբերաբար նշում է, որ լավ ընկեր, լավ բարեկամներ էին: Մի անգամ էլ հայերենով ասաց՝ «աղեկ բարեկամ էր»:


«Ինձ հետ հարցազրույց անելն էլ է դժվար գործ»,- ասում է ու ծիծաղում: Հետո սեղանին դրված գիրքն ենք միասին «փորփրում»: Ու բացվում է Յաշար Քեմալի հետ հարցազրույցից մի էջ: Վարպետ գրողն ասում է. «…հարցազրույցը մեղրանման գրականություն է: Այն լուրից բաժանող որակը գրականության ուժն է: Լուրը ստեղծագործություն չէ, այլ փոխադրություն: Հարցազրույցն է ստեղծագործություն: Ճշմարտությանը չես կարող հասնել` առանց այն իրական կյանքում ստեղծելու»:

 

Փակելով գիրքը՝ Արա Գյուլերը կրկնում է. «Գրականության էլ, լրագրության էլ վարպետ էր Յաշարը»: Վերջում հարց եմ տալիս. «Ո՞րն էր Յաշար Քեմալի՝ Ձեր ամենասիրած առանձնահատկությունը»:  Ասում է. «Ճիշտը դեմքին ասող էր, ոչ մեկից վախ չուներ»: «Հա’, մեկ էլ մերվող, հումորով էր: Ի՞նչ իմանայինք, որ մահանալու ես, արա’ …»:

 

 

Մարալ Դինք

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի