Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Նույնիսկ առանց ազատամարտիկների պահանջներին ծանոթ լինելու` ցանկացած տրամաբանող մարդու համար պարզ է, որ երկրի համար իրենց կյանքը չխնայած անձնավորությունները, եթե ինչ-որ բողոքով են հանդես գալիս, բնականաբար, դա արդարացի է, չի կարող անարդարացի լինել. այսօր Ազատության հրապարակում yerkir.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով հրապարակ էր եկել` լսելու նստացույց անող ազատամարտիկների բողոքն ու իր զորակցությունը հայտնելու նրանց:
Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ինքը ծանոթ է ազատամարտիկների պահանջներին, եւ այս իրավիճակը, որ կա, ոչ միայն ազատամարտիկների, այլ նաեւ մյուս բոլոր քաղաքացիների հետ է կապված եւ խոսում է մի բանի մասին` որ երկրի կառավարման համակարգը դրված է ոչ թե ի շահ ժողովրդի, այդ թվում` ազատամարտիկների, այլ մի խումբ անձանց շահերը սպասարկելու համար:
«Այն, որ ազատամարտիկները շատ արժանի եւ պաշտպանված խավ պետք է լինեն, դա որեւէ կասկած չի հարուցում: Որովհետեւ ցանկացած պետություն, որն ունի պետական հեռանկար, որն ուզում է զարգանալ, իր անվտանգության ռեսուրսները մեծացնել, բնականաբար, այդպիսի պետության ղեկավարությունը մեծ ուշադրություն պետք է դարձնի ազատամարտիկներին, պատերազմի վետերաններին, ինչը, ցավոք, մեր դեպքում չենք ունեցել»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Քանի որ ազատամարտիկների պահանջներից մեկն էլ իրենց կարգավիճակն օրենսդրական կարգավորման դաշտ տեղափոխելն է, Yerkir.am-ը, Արմեն Մարտիրոսյանից, որպես խորհրդարանական ուժի փոխնախագահ, հետաքրքրվեց, թե «Ժառանգության» պատգամավորներն այդպիսի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա՞ն: Նա պատասխանեց, որ եթե ազատամարտիկները դիմեն իրենց, ապա իրենց պատգամավորները միանշանակ այդ հարցով կզբաղվեն, նմանատիպ նախաձեռնությամբ հանդես կգան:
«Ցանկացած պարագայում խնդիրն այն չէ` իրենց կարգավիճակը կա, թե` ոչ, այլ այն, որ այս տարիների ընթացքում, որպես սոցիալական խումբ, անտեսված են եղել, եւ ցանկացած պարագայում իրենց վաստակը պետության առջեւ ըստ արժանվույն չի գնահատվել»,- եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը: