կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-16 11:32
Հասարակություն

Շատ շուտ մոռացանք ազատամարտիկներին

Շատ շուտ մոռացանք ազատամարտիկներին

Նախընտրական թոհուբոհի մեջ նախագահի թեկնածուները տարբեր ու տարաբնույթ ծրագրեր առաջարկեցին, դրույթներ` սահմանադրական փոփոխություններից, կյանքի որակի բարելավումից սկսած` մինչեւ հարեւան եւ հակառակորդ երկրում ժողովրդավարություն տարածելը:

 

Բայց մի ոլորտ կար, որի մասին ոչ ոք այդպես էլ չխոսեց: Խոսքը Արցախյան պատերազմի վետերանների` մեր ազատամարտիկների մասին է: Ընդհանուր դիտարկումներով` հասարակական ճոխ-ճոխ տեսակետներ հայտելիս այս հանրույթի մասին ոչ ոք չխոսեց, բացի գործող նախագահից:

 

Իսկ գործող նախգահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն էլ, ով ամենատարբեր առիթներով իրեն ներկայացնում է, որպես ազատամարտիկ, խոսում իր մարտական ընկերների մասին, իր նախընտրական ծրագրում միայն երեք տող գրեց. «Մի քանի տարում ավարտելու ենք զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային ապահովման խնդրի լուծումը, արագացնելու ենք տեմպերը նաև հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների կարիքների բավարարման ուղղությամբ»:

 

Իսկ այս երեք տողը ոչ թե ինչ-որ հարցերի պատասխանեցին, այլ առաջացրին բազմաթիվ հարցեր, օրինակ` հարգարժան նախագահը, ով բազում մարտական ընկերներ ունի, արդեն հինգ տարի է գլխավորում է Հայաստանի Հանրապետություն կոչվող երկիրը, իսկ մեր ազատամարտիկները միայն վերջերս Հայաստան չեն եկել, կամ նրանց խնդիրներն էլ միայն վերջերս չեն առաջացել, այդ դեպքում ինչո՞ւ են դեռ արդիական մնում ազատամարտիկների խնդիրները:

 

Հետո` Արցախյան ազատամարտին մասնակցած կամավորականների թիվն այնքան էլ սարսափելի չէ, զոհվածներից շատերի ընտանիքներն էլ բնակարանային խնդիրներ չեն ունեցել, այդ դեպքում Հայաստանի պես երկրում, ուր ընդամենը մի քանի տարում է’լ Հյուսիսային պողոտա, է’լ Հյուսիսային ճառագայթ ու էլիտար բազմաթիվ շենքեր են կառուցվել, ինչո՞ւ այդպիսի ընտանիքները դեռ բնակարանային խնդիրներ ունեն` դեռ չխոսենք չզոհված, բայց, այնուամենայնիվ, ազատամարտիկների մասին, որոնք երբեմն ավելի վատ սոցիալական վիճակում են գտնվում:

 

Պետք է հիշել, որ ընդամենը օրեր առաջ yerkir.am-ը բարձրաձայնեց ազատամարտիկներից մեկի առողջական խնդիրների մասին. նրան շտապ վիրահատվել էր պետք, իսկ փող դրա համար չուներ, չուներ նաեւ այդ գումարը գտնելու ակնկալիք: Եվ միայն մեր հրապարակումից հետո որոշ մարդիկ բարեգործական հիմունքներով ու նվիրատվություններով փորձեցին հնարավոր դարձնել վիրահատությունը: Իսկ առողջական խնդիրներ ունեն գրեթե բոլոր ազատամարտիկները:

 

Մի՞թե հնարավոր չէ այս խավի համար սահմանել անվճար բուժսպասարկում` պետպատվերի շրջանակներում: Կամ ինչո՞ւ են Հայաստանում ազատամարտիկները դեռ երթեւեկում ուղեվարձով, երեւի շատ մեծ դժվարություն էր այդ գծատերերին երթուղիները շահագործման հանձնելիս որոշ սոցիալական պատասխանատվություններ սահմանել նրանց համար, այդ թվում` նաեւ ազատամարտիկների մասով: Էլ չենք խոսում ազատամարտիկների սոցիալ-կենցաղային վիճակի մասին, երբ շատերը աշխատանք չունեն, թոշակ չեն ստանում ու, առհասարակ, ոչ մի օժանդակություն պետության կողմից:

 

Ստացվում է` պետությունը միջոցներ է փորձում խնայել` չլուծելով այն մարդկանց խնդիրները, ովքեր անհրաժեշտ ժամանակ իրենց կյանքը չէին խնայում այդ պետության, այս երկրի, այս հայրենիքի համար: Դա նրանց պարտքն էր` կասեն շատերը: Դեմ չենք, բայց որոշակի պարտք էլ բոլորս ունենք նրանց առջեւ, չէ՞, եւ առաջին հերթին` պետությունը, որի հիմքերն ամուր պահեցին ազատամարտիկները:

 

Բայց, արի ու տես, որ, բացի Սերժ Սարգսյանի երկու բառով գրված լղոզված ու ընդհանուր ձեւակերպումից, ոչ մի այլ թեկնածու չփորձեց ազատամարտիկներին վերաբերող հարցեր բարձրացնել. Կյանքի որակից խոսեցին, փոքր ու միջին բիզնեսից խոսեցին, թոշակառուների թոշակը մինչեւ անգամ 80 տոկոսով բարձրացնելուց խոսեցին, ամեն ինչից խոսեցին, բացյ ոչ ազատամարտիկների խնդիրների մասին, ովքեր իրենց կյանքն ու առողջությունը, ապագան ու երազանքները զոհաբերեցին հանուն բոլորի, ընդ որում` հենց այդ նույն ժամանակ այսօրվա թեկնածուներից շատերը առոք-փառոք պաշտոնավարում էին:

 

Ազատամարտիկները դեռ սպսում են արժանի գնահատանքի:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ

 

Հ.Գ Այնպես չէ, որ թեկնածուների ծրագրերում նշված բոլոր դրույթներին կամ նրանց հնչեցրած բոլոր խոստումներին անվերապահորեն հավատում ենք, բայց գոնե դրանց մասին հիշատակումը ցույց է տալիս, թե որ ոլորտներն ու հարցերն են կարեւորվում, եւ որ այդ խնդիրները չեն անտեսվել…