Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Էներգետիկ անվտանգությունը, առհասարակ, յուրաքանչյուր երկրի կարեւորագույն` ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրներից է:
Հայաստանի համար, որը չորս հարեւաններից երկուսի հետ թշնամական հարաբերություններ ունի, երրորդը բավականին լարված հարաբերություններ ունի համաշխարհային խաղացողների հետ եւ անկայուն վիճակ, չորրորդն էլ մեր «ոխերիմ բարեկամն» է, էներգետիկ անվտանգությունը առաջնային նշանակություն է ստանում, առավել եւս, որ չունենք էներգակիրների բնական պաշարներ:
Ղարաբաղյան հակամարտության ժամանակ էլ հստակ երեւաց, թե որքան առաջնային է մեզ համար էներգետիկ անվտանգությունը, քանի որ մենք արդեն այդ անվտանգության խաթարման ժամանակաշրջանի անուն էլ ունենք` «մութ ու ցուրտ տարիներ»: Ու երբ այդ տարիներից հետո անցնում են մոտ 20 երկարուձիգ տարիներ, մենք պետք է ոչ թե էներգետիկ անվտանգության հարցը կարգավորած լինեինք, այլ այն աստիճանի դիվերսիֆիկացրած, որ աշխարհում ոչ մի նավթի, գազի ու բենզինի թանկացում չկարողանար հայ հասարակության առջեւ ծառացնել այն խնդիրներն ու մարտահրավերները, որ մենք այսօր ունենք գազի թանկացման պատճառով:
Անցյալ տարի ԱՄՆ-ում մի միտք շրջանառվեց, որ անմիջապես «խլեցին» մեր շատ ու շատ չինովնիկներ ու սկսեցին գլուխ գովել, թե տեսեք-տեսեք` Հայաստանն այնպիսի երկիր է, որ նույնիսկ ԱՄՆ-ն է օրինակ բերում, որ Հայաստանում ավտոմեքենաների հիմնական մասը աշխատում են գազով, իսկ իրենց մոտ գազով աշխատող մեքենաների հարաբերակցությունը մյուս մեքենաների հետ շատ ցածր է:
Այդ ժամանակ, իհարկե, չէինք անհանգստանում, որ Հայաստանի գազը մատակարարվում է Ռուսաստանից: Իհարկե, կառուցվեց նաեւ Իրան-Հայաստան գազատարը, սակայն դրա շահագործման ու օգտագործման իրավունքն էլ է վերապահված Ռուսաստանին. այստեղ մենաշնորհ է: Իսկ դա նշանակում էր, որ մի գեղեցիկ օր, ինչպես մայիսի 14-ն էր, Հայաստանի միակ գազամատակարարողը ուղղակի կարող է գազն այնքան թանկացնել, որ 1.2 բալոնով մեքենաների համար մեկ անգամ գազ լիցքավորելը նախկին 2700 դրամի փոխարեն արժենա 4200 դրամ, ու այդ դեպքում ինքնըստինքյան թանկանան նաեւ հասարակական տրանսպորտը, տաքսիները, առհասարակ` տրանսպորտը:
Ու ի՞նչ որակում կարելի է տալ մի քաղաքականության, որի արդյունքում տարեկան մոտ 6 միլիարդ 623 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա արտադրող, էլեկտրաէներգիա արտահանող երկիրը, որը չունի նավթ, գազ ու այլ էներգակիրների պաշարներ, հրաժարվում է էլեկտրատրանսպորտից ու անցնում ներքին այրման շարժիչներով տրանսպորտի…
Այս ամենի համար, անբուժելի լավատես լինելու դեպքում, կարելի է արդարացումներ գտնել: Բայց այդ ամենից հետո, երբ երկրիդ էներգետիկան, կապը, երկաթուղային տրանսպորտը, ձեռնարկություններիդ մեծ մասը հանձնում ես մի այլ երկրի` անունը գործընկերություն, գույք պարտքի դիմաց դնելով, դրանից հետո ինչպե՞ս ես պատկերացնում այդ նույն երկրի թանին թթու ասելու երեւույթը: Չէ՞ որ բոլոր լծակները տվյալ երկրի ձեռքում են, ու երբ ձգի, կխեղդվես:
Գոնե այժմ պետք է մտածել, թե ինչպես կարելի է դիվերսիֆիկացնել Հայաստանի` ոչ միայն առաջնահերթություն համարվող, այլ առհասարակ բոլոր ոլորտները: Այս տարածաշրջաում, այսպիսի հարեւանների առկայությամբ, այլ ելք ուղղակի չկա: Իսկ գազը, ամեն դեպքում թանկանալու է` իր բոլոր բացասական հետեւանքներով, բոլոր տեսակի ապրանքների գնաճով` Հայաստանի համար իսկապես ստեղծելով լինել-չլինելու լրջագույն խնդիր, որովհետեւ թշնամիները քնած չեն եւ անհամբեր սպասում են, թե երբ ենք թուլանալու…
Գեւորգ ԱՎՉՅԱՆ