Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով հերթական դատական նիստը:
Գործում, որպես պաշտպան, ներգրավվեց Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը: Նա դատարանում կպաշտպանի ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի շահերը: Պաշտպանը հայտարարեց, որ արդեն ծանոթ է գործի նյութերին, և միջնորդեց, որպեսզի դատական բոլոր նիստերին պարտադիր ապահովվի տուժող Պ. Հայրիկյանի ներկայությունը:
Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը անհրաժեշտ չհամարեց Հայրիկյանի պարտադիր ներկայությունը` պատճառաբանելով, որ նա անաշխատունակ է, ի վիճակի չէ ներկայանալ բոլոր դատական նիստերին: Միաժամանակ հայտնեց, որ դատաքննության փուլում` ցուցմունքներ տալու ընթացքում, եթե հարկ լինի, կներկայանա:
Այսօրվա նիստին ամբաստանյալները ներկայացրեցին իրենց անձնական տվյալները: Պարզվեց, որ երեքն էլ իրենց խնամակալության տակ ունեն թոշակառու մայր, երեխա: Մինչ ձերբակալվելը ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը մասնավոր տաքսի է վարել, Սամվել Հարությունյանը զբաղվել է շինարարությամբ, իսկ էպոսագետ Վարդան Սեդրակյանն, ինչպես նշեց, երբեք չի աշխատել: Դատավորի հարցին, թե որևէ կուսակցության պատկանում է կամ պատգամավոր եղե՞լ է, Սեդրակյանը պատասխանեց, որ «նման երջանկության չի արժանացել»:
Մեղադրյալ Պողոսյանը դատարանին հայտնեց նաև, որ տառապում է շաքարախտ հիվանդությամբ, իսկ նախկինում մեկ անգամ դատապարտված է եղել ՀՀ քր. օր.ի 261, 267 հոդվածներով (ապօրինի թմրամիջոց օգտագործելը և իրացմանն աջակցելը): Ամբաստանյալ Հարությունյանն էլ նշեց, որ ամուսնալուծված է: Սեդրակյանի պաշտպան Ա. Սիրունյանի հարցին, թե ի՞նչն է ամուսնալուծության պատճառը, ամբաստանյալը պատասխանեց, որ դա միայն իրեն է հետաքրքիր: Սիրունյանը հայտարարեց նաև, որ Արամ Ամիրզադյանը գործով դատախազ չէ, քանի որ, ըստ դատախազության մասին օրենքի 25-րդ հոդվածի, դատախազը չի կարող փոխվել:
Ամիրզադյանն ապացուցեց հակառակը և դատարանից պահանջեց արձանագրել, որ պատշաճ դատախազ է մասնակցում դատավարությանը, իսկ պաշտպանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ` PR: «Ցավում եմ, որ պաշտպանը մինչև վերջ չի կարդացել այդ հոդվածը, դատավարության ընթացքից պարզ կառնա, թե որքանով եմ ծանոթ գործին»,- հայտարարեց մեղադրողը:
Ի պատասխան դատախազի հայտարարությանը, Սիրունյանն ասաց. «Մենք ուրախ ենք, որ Դուք եք ներկայացնում մեղադրանքը, առանց այն էլ մեղադրանքը բազմաթիվ թերություններով է ներկայացված, սա էլ կգումարվի դրան, կասենք, որ դատեցին առանց դատախազի»:
Սեդրակյանի պաշտպանը միջնորդեց դատարանին բացատրել մեղադրանքի հիմքը: Իսկ Սեդրակյանն էլ դատարանին խնդրեց ամբաստանյալներին, այդ թվում` իրեն, ենթարկել հոգեբանական փորձաքննության: «Միգուցե ե՞ս եմ հիվանդ»,- ասաց էպոսագետը: Այս կապակցությամբ Սիրունյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին: Պաշտպանը միջնորդեց ամբաստանյալներին ենթարկել դատահոգեբուժական, հոգեբանական և նարկոլոգիական փորձաքննության: Մյուս ամբաստանյալների պաշտպանները միացան միջնորդությանը, իսկ ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանն ասաց, որ առաջինը պետք է հետազոտել հենց Վարդան Սեդրակյանին:
Դատավորը հետաձգեց միջնորդության քննարկումը և մեղադրող դատախազին խնդրեց հրապարակել մեղադրական եզրակացությունը: