Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ԱԺ-ում մերժվեց Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, քանի որ մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն դեմ է քվեարկել:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ ՀՀԿ-ն դեմ է եղել հանձնաժողովի նիստերին պաշտոնատար անձանց հրավիրելուն, ինչն էլ չի ընդունվել ՀԱԿ-ի կողմից: Ջհանգիրյանը նշեց, որ դատախազներին չհրավիրելու` ՀՀԿ-ի պահանջը կատարել են, բայց մնացած բոլոր պաշտոնյաների` նախաքննության, հետաքննության մարմինների, ոստիկանության աշխատակիցներին չհրավիրելը չի ընդունվել:
«ՀՀԿ-ն դրժեց իր այն հավաստիացումը, որ կողմ են քվեարկելու հանձնաժողովի ստեղծմանը»,- նշեց Ջհանգիրյանը եւ հավելեց, որ առանց բավարար լիազորությունների խորհրդարանական նման հանձնաժողովի ստեղծումը նշանակում է ի սկզբանե տապալել որեւէ հարցի լուծումը: «Մենք չգնացինք վերջին զիջմանը եւ պահանջեցինք դնել քվեարկության, եւ ահա` արդյունքը, օրենքի նախագիծը մերժվեց»,- նշեց պատգամավորը:
Հարցին, թե ի՞նչը ստիպեց ՀՀԿ-ին դրժել խոստումը, նա պատասխանեց, որ գուշակություններ անել չի սիրում, բայց կարծում է, որ հանձնաժողովի հնարավոր ստեղծումը լուրջ անհանգստություն պատճառեց իրավապահ որոշ մարմինների, անհանգստությունը գործադիր իշխանության լծակներով տեղափոխվեց օրենսդիր մարմին, եւ օրենքի նախագիծը մերժվեց: Ջհանգիրյանը չի կարծում, որ այս ամենը ՀՀԿ-ի կողմից ի սկզբանե մշակված խաղ էր, քանի որ հանձնաժողովում էլ կարող էին որոշակի խնդիրներ ստեղծել` օրենքի նախագծին դրական եզրակացություն չտալու համար:
Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանը լավ նշան համարեց, որ հանձնաժողովի ստեղծման հարցի քվեարկության ժամանակ ԱԺ նախագահը ձեռնպահ է եղել: