Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ այս քառօրյայի մեկնարկին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե, որպես ՀՀԿ-ական եւ ԱԺ նախագահ, ի՞նչ է ձեռնարկելու, որպեսզի գազը չթանկանա, եւ արդյո՞ք ԱԺ նախագահը կողմնակից է կառավարության կողմից գազի սակագնի սուբսիդավորմանը կամ բարձրացմանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ իր նախաձեռնությամբ մայիսի 23-ին տեղի է ունենալու քննարկում` վարչապետի եւ էներգետիկայի նախարարի մասնակցությամբ: «Գազը ապրանք է, որը ներմուծվում է արտերկրից, եւ յուրաքանչյուր ապրանք ունի իր գինը: Այնպես չէ, որ ՀՀ իշխանությունները կարող են միանձնյա, միահեծան որոշումներ կայացնել եւ գին որոշել այնպես, ինչպես ձեռնտու է մեր ժողովրդին: Իշխանությունները, վարչապետը քննարկումներ են իրականացնում ՌԴ պատկան մարմինների հետ եւ ամեն ինչ անում են, որ հնարավորինս ցածր գնով գազը ներմուծվի Հայաստան»,- նշեց ԱԺ նախագահը:
Փոստանջյանն, իր հերթին, հետաքրքրվեց, թե ԱԺ նախագահը չի՞ կարծում, որ մեր արտաքին դիվանագիտության հետեւանքով է, որ գազը թանկանում է: Նա նշեց, որ երբ ԱԺ-ում քննարկվում էր ռուսական ռազմակայանների հարցը, «մենք մեր ապրանքն անվճար ենք տվել»: «Բայց ՌԴ-ն ունի ապրանք եւ ահռելի գնով է վաճառում այն մեզ: Չե՞ք կարծում, որ սա նաեւ ԱԺ-ի ապաշնորհ քաղաքականության հետեւանքով է»,- հարցրեց Փոստանջյանը: Նա նաեւ հայտարարեց, որ ստեղծված իրավիճակը ՀՀԿ-ի ապաշնորհ քաղաքականության հետեւանքն է, կոչ արեց քաղաքացիներին չհանդուրժել եւ բողոքի ձայն բարձրացնել` գալով ԱԺ-ի մոտ: