Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-09-09 13:14
Հասարակություն

Կառավարությունը սկսել է մարդկանց «պատրաստել» էլեկտրաէներգիայի թանկացմանը

Կառավարությունը սկսել է մարդկանց «պատրաստել» էլեկտրաէներգիայի թանկացմանը

Սեպտեմբերի 11-ին` ժամը 18:30-ին, Ազատության հրապարակից «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խումբը կիրականացնի բողոքի հավաք-երթ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ սեպտեմբերի 1-ից իրենք սկսել են պայքարի 2-րդ փուլը, քանի որ տեսան, որ կառավարությունը հերթական անգամ խաբում է ժողովրդին:

«Մենք պետք է շարունակենք էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման չեղարկման մեր պայքարը, քանի որ հասկացանք, որ մեր երկրում, փողոց դուրս գալուց բացի, այլ ելք չի մնում: Այս կարճ ժամանակահատվածում էլ, երբ սպասում էինք, որ տեսնեինք` ի՞նչ է անում կառավարությունը, նրանք օգտվեցին դրանից և սկսեցին մարդկանց մասերի բաժանել»,- ասաց Մաքսիմը:

Նա նշեց նաև, որ մինչ այդ` վաղը` ժամը 17-ին, տեղի կունենա իրազեկման ավտոերթ` Բրազիլիայի հրապարակից:

Ըստ Մաքսիմի` կառավարության կողմից սուբսիդավորման ձևաչափը դեռ պարզ չէ: «Կառավարությունը «կռուտիտների» արդյունքում ստեղծեց մի իրավիճակ, որից անգամ ինքը գլուխ չի հանում: Կառավարության բոլոր քայլերը տանում են նրան, որ հոսանքն, այո, պիտի թանկանա, և նրանք կամաց-կամաց սկսել են պատրաստել մարդկանց դրան»,- ասաց նա:

Հարցին, թե կրկին պատրաստվո՞ւմ են դեպի Բաղրամյան պողոտա քայլերթ իրականացնել, Մաքսիմը պատասխանեց, որ չեն պատրաստվում ամեն ինչ ասել, սակայն հանրահավաք-երթն իրազեկված է:

Խմբի անդամներից մեկ ուրիշն էլ` Ռիմա Սարգսյանը, նշեց, որ նախագահի հայտարարությունն ու դրան հաջորդած գործողությունները փաստեցին, որ այդ ամենն օդում ասված խոսքեր էին` ամբողջությամբ խաղ, որը հասարակությունն էլ հասկացավ: «Այն, որ բոլորիս էլ խաբում են, պետք էլ չէ, որ ինչ-որ մեկն ասի: Բոլորն էլ կառավարության քայլերից հասկանում են ինչն ինչոց է»,- ասաց նա: