Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՏՄ տարածաշրջանում ինտեգրացիոն միավորման ստեղծումը ենթադրում էր, որ պետք է տնտեսական փոխսերտաճման գործընթացները զարգանան։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե գազի գնագոյացման միասնական սակագնի ձևավորմանը, որ առաջարկվում է Հայաստանի և Բելառուսի կողմից, առայժմ ընդունելի չէ։
«Ես ենթադրում եմ այդ գործընթացների փուլային զարգացում։ Բնական է, որ առայժմ չեն ստեղծվել այն բոլոր հնարավորություները և անցումները, որոնք կկարողանային ապահովվել նախօրոք նպատակադրված անցումներին, բայց ԵԱՏՄ-ն իր ստեղծման օրվանից ենթադրում էր լիարժեք տնտեսական ինտեգրում, ինչը պետք է բերեր ապրանքների միասնական շուկայի ձևավորման, պետք է ձևավորվեր մեկ տնտեսական տարածք՝ միասնական արժույթով։
Ծրագրերը, որ մշակված էին մինչև 2025 թ-ը, միտված էին դրան նաև էներգետիկ շուկայում միասնականացմանը։ Հայաստանը կամ Բելառուսը, որ մասնակցել են այդ ինտեգրացիոն գործընթացներին, ունեցել են նաև ավելի էժան էներգետիկ ռեսուրսների ձեռքբերման ակնկալիք։ Սա բնական է, սակայն սպասելի էր նաև, որ վերջին քաղաքական և աշխարհաքաղաքական գործընթացները մեզ ոչ թե մոտեցնում են այդ նպատակին, այլ այս փուլում գոնե հեռացնում են դրանից»,-ասաց Ավետիսյանն՝ ընդգծելով, որ որքան էլ գազի գնագոյացման հիմքը տնտեսական է, այդուհանդերձ, դրա հիմքը նաև քաղաքական է։
Տնտեսագետի դիտարկմամբ՝ այսօրվա գործընթացներն այնքան էլ անսպասելի չէին, որովհետև գործընթացները, որ սկսվել էին 2019 թ-ին և շարունակվում էին 2020 թ-ին՝ այդքան էլ հուսադրող չէին։
«Բանակցություններն այս փուլում ավելի շատ խնդիրներ են առաջացնում, քան լուծումներ են տալիս և դրանք, ցավոք, ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հենք ունեն։ Կարծում եմ այս ուղղությամբ պետք է առավել համակարգված աշխատանք իրականացվի, քանի որ նավթի շուկան ներկայումս գնանկման փուլում է, կորոնավիրուսով պայմանավորված՝ նավթի և էներգառեսուրսների կրճատման միտում կա և ապագա միտումը ևս դեպի կրճատում է, ինչը նույնպես տանում է դեպի գնի նվազման, կամ առնվազն ոչ դեպի բարձրացման։ Այս բոլոր մակրոգործոնները իրական հիմք տալիս են բանակային գործընթացի համար՝ ի նպաստ գազի գնի պահպանման, բայց թե ինչպես դրանք իրականություն կդառնան՝ պայմանավորված են նաև քաղաքական գործընթացներով»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ի վերջո, մեր բոլորի ակնկալիքը պետք է լինի մեր երկրի իշխանություներից, որպեսզի բանակցությունները արդյունքով հանգուցալուծվեն և մեր ռազմավակարան գործընկերոջ հետ ի վերջո գտնվեն լուծումներ, մասնավորապես միջնաժամկետ առումով խնդիրը կարգավորելու համար։
«Կարծում եմ, որ ԵԱՏՄ շրջանակներում միասնական էներգետիկ շուկայի լուծումներն այս փուլում չեն ստացվում, ինչն արդեն ակնհայտ է որովհետև ռազմավարության լուծումները մինչև 2025 թ-ն առկախվել են և ենթակա են փոփոխությունների։ Այս փուլում շեշտադրումը պետք է լինի բանակցությունները երկկողմանի հարաբերություններ դաշտ տեղափոխելը և ՌԴ -ի հետ խնդրի քննարկումները»։
Ավետիսյանն ընդգծեց, որ քանի որ մենք գազ սպառող երկիր ենք և մեզ համար էական է գազի գինը։ Ընդ որում՝ ոչ միայն այսօրվա գինը, այլև ներդրումների տեսանկյունից շատ կարևոր է, թե մենք ինչպիսի հեռանկարային պայմանավորվածություն ունենք, քանի որ ներդրողը դիտարկելու է, թե գազի գինը միջնաժամկետ կտրվածքով ինչպիսի դինամիկա է ունենալու։ Գազի գինն ունենալու է նաև սոցիալական ազդեցություն, քանի որ բացի նրանից, որ գազ սպառում են տնային տնտեսությունները, այլև գազի գինը կարևոր գործոն է առաջին անհրաժեշտության ապրանքների ծառայությունների գնագոյացման համար, սկսած տրանսպորտից մինչև հացամթերք և այլն։ Այստեղ այդ վերամշակող սննդի արդյունաբերության մեջ կարևոր է նաև գազի և էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը։ Հետևաբար գազի գնի բարձրացումը գնաճի գործոն է, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների մասով»։
Նրա դիտարկմամբ՝ եթե մենք ունենանք գազի սակագնի բարձրացում, դա միանշանակ ազդեցություն կունենա տրանսպորտի և հացի գնագոյացման վրա։ «Գազի գինը չի կարող ազդեցություն չունենալ այդ ոլորտներում գնագոյացման վրա։ Դրանք բարձր մրցակցային շուկաներ են։ Ինչպես կարող է, օրինակ, այն պայմաններում, որ արդեն տրանսպորտի սակագնի մեջ հիմնական բաղադրիչը՝ 60-70 տոկոսը հենց գազի գինն է, վերջինիս 10-20 տոկոսով բարձրացման դեպքում՝ չազդել սակագնի վրա, իհարկե ազդելու է։ Հետևաբար ազդելու է մարդկանց կյանքի որակի վրա»,-ընդգծեց Ավետիսյանը։