կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-16 13:15
Հասարակություն

Ամոթ ա, տենց հարցեր չարժե տալ. Բելաջոյի Գրիշը բարկացավ

Ամոթ ա, տենց հարցեր չարժե տալ. Բելաջոյի Գրիշը բարկացավ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանի (Բելաջոյի Գրիշ) պահվածքի մասին մեկ անգամ չէ, որ գրել ենք: Սույն պատգամավորը, որ թեեւ անկուսակցական է, բայց մի ոտքով ՀՀԿ-ում է, մյուսով՝ ԲՀԿ-ում, այս օրերին, երբ ԲՀԿ-ն քննադատում է իշխանությունների արածները, հայտնվել է, մեղմ ասած, ոչ նախանձելի վիճակում:

 

Նրան, օրինակ, դուր չեկավ մեր լրագրողի հարցը, թե` հնարավո՞ր է ինքն էլ է մտադիր առաջիկայում վայր դնել իր պատգամավորական մանդատը կամ դուրս գալ ԱԺ ԲՀԿ խմբակցությունից: Ներքաղաքական նոր իրավիճակի հետ կապված` մամուլը անհավանական չի համարում ԲՀԿ խմբակցությունում գտնվող գործարար հատվածի դժգոհությունները ԲՀԿ քաղաքականությունից եւ, ըստ այդմ, հեռացումը խմբակցությունից:

 

ԲՀԿ խմբակցության այս պատգամավորը համարում է, որ լրատվամիջոցները պարապ են մնացել, շոու են սարքում, հետո` գնում այդ շոուի հետքերով: «Ամոթ ա, տենց հարցեր չարժե տալ, պարապ ե՞ք մնացել, ժողովո'ւրդ: Իհարկե` ոչ, ինչի՞ պետք ա դուրս գամ: Դավիթ Քոչարյանը պատճառ ունի, դուրս ա գալիս ԲՀԿ խմբակցությունից»,- բարկացած հայտարարեց պատգամավորը:

 

Մեր դիտարկմանը, որ հարցի մեջ որևէ ամոթալի բան չկա, նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել, պատգամավորը զարմացած պատասխանեց. «Ի՞նչ գործընթացներ են որ, ի՞նչ թեմա ա եղել որ»: Նշեցինք, որ խոսքը նոր վարչապետի, նոր կառավարության և ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելու արդյունքում ԲՀԿ գործարար հատվածի դժգոհությունների մասին է: Գրիգոր Մարգարյանը պատասխանեց. «ԲՀԿ-ից դուրս գալու որևէ նման հարց չկա, վարչապետ էր, փոխվեց»:

 

Խոսելով նոր վարչապետի նշանակման մասին` արդեն հանգիստ, պատգամավորը նշեց, որ շատ լավ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանի մասին. «Ես չեմ պատկերացնում, որ, բացի Աբրահամյան Հովիկից, էլ ով կարող էր այդ պաշտոնը զբաղեցնել: Վստահ եմ, որ նա կկարողանա դրական փոփոխություններ կատարել»: