|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջոյի Գրիշը, ով մեծամասնականով ընտրված պատգամավոր է, պատասխանելով Yerkir.am-ի հարցին` ինչպե՞ս են իր ընտրատարածքի բնակիչներն ընդունել էլեկտրաէներգիայի թանկացման հարցը և ի՞նչ խնդիրների առաջ են կանգնելու, պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ հոսանքի թանկացումից գոհ մարդ կա, բոլորն էլ դժգոհ են: Կտեսնենք` առաջիկայում ինչ կլինի: Անձամբ ես դեմ եմ, որովհետև եթե մի հիմնարկ կատարել է սխալ տնտեսական քաղաքականություն, կուտակելով այդքան պարտքեր, չեմ կարծում, որ բնակիչները պետք է վճարեն դրա համար»:
Մեր այն դիտարկմանը, որ, ըստ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի, միայն օբյեկտիվ պատճառներն են ներառվելու սակագնի բարձրացման մեջ, այլ ոչ` ՀԷՑ-ի ճոխ ծախսերի հետևանքները, պատգամավորը պատասխանեց. «Դեռ թող բերեն, հիմնավորեն, տեսնենք` ինչն են հիմնավորում: Չեմ կարծում, որ կառավարությունը, իշխանությունները այդ թանկացման մեջ մեղք ունեն, դա այդ հիմնարկի սխալներն են, և նա պետք է պատասխանատու լինի»:
Հարցին` արդյո՞ք գործարարների բիզնեսին չի հարվածի էլեկտրաէներգիայի թանկացումը, Մարգարյանը պատասխանեց, որ էլեկտրաէներգիայի թանկացումը մեծ հարված է հասցնելու բոլորին` թե\' գործարարներին, թե\' ամբողջ ազգաբնակչությանը՝ փոքրից մեծ: «Այսօրվա վիճակում էլեկտրաէներգիայի թանկացումը անհնար բան է, չի կարելի»,- ասաց նա:
Թե ինչպե՞ս պետք է լուծվի այդ սոցիալական խնդիրը, պատգամավորը դժվարացավ պատասխանել, իսկ հարցին` լսումների ժամանակ անձամբ կբողոքի՞, իր դժգոհությունը կհայտնի՞, պատասխանեց. «Բողոքեմ, ի՞նչն ա ավելանալու, ես եթե իմանամ` երկու ամիս իրար վրա բողոքեմ, հոսանքի գինը չեն բարձրացնի, կբողոքեմ»: