Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Աբովյան քաղաքում Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությունից առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հստակություն մտցրեց` հայտարարելով, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ:
Ծառուկյանի այս հայտարարության վերաբերյալ Yerkir.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանից (Բելաջոյի Գրիշ), ով նախկինում, ինչպես հայտնի է, նախ ԱԺ ՕԵԿ խմբակցության, այնուհետեւ ՀՀԿ խմբակցության անդամ էր:
Նա հայտարարեց, որ Ծառուկյանի երեկվա հայտարարությանը ծանոթ չէ, իսկ երբ ծանոթացրինք, ասաց` դիմեք խմբակցության ղեկավարին կամ քարտուղարին:
«Ձեզ համար սպասելի՞, թե՞ անսպասելի էր ԲՀԿ նախագահի այդ հայտարարությունը, որ ԲՀԿ-ն չի կարող դառնալ ընդդիմություն, հարցս ընդամենը սա է»,- հետաքրքրվեցինք Մարգարյանից: Ի պատասխան` պատգամավորը եւս մեկ անգամ հայտարարեց, որ արդեն չորրորդ եւ վերջին անգամ է կրկնում` նմանատիպ հարցերով դիմել խմբակցության ղեկավարին կամ քարտուղարին:
«Սպասելի էր, սպասելի չէր... մենք ստեղ բախտագուշակ չենք, ես ԱԺ պատգամավոր եմ: Էլի եմ ասում` նմանատիպ հարցերով դիմեք իրանց կամ բախտագուշակի»,- արդեն փոքր-ինչ բորբոքված հայտարարեց նա:
Դիտարկմանը` մի՞թե տեղին է Գրիգորի Մարգարյանի անձնական կարծիքն իմանալու համար դիմել ԲՀԿ խմբակցության ղեկավարին կամ քարտուղարին, պատգամավորն արձագանքեց. «Իմ անձնական կարծիքը, հնարավոր եւ անհնարինի հետ կապված, ես չեմ ուզում կարծիք արտահայտել»:
«Իսկ Դուք ուրա՞խ եք, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի դառնալու» հարցին էլ պատասխանեց. «Ազի'զ ջան, ես քաղաքական դաշտում եմ, ստեղ հարսանիք չի, որ ես ուրախ կամ դիլխոր ըլնեմ... Էս ի՞նչ անհեթեթ հարցեր եք տալիս»:
Երբ պատգամավորին հիշեցրեցինք, որ, մամուլի որոշ հրապարկումների համաձայն, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների գործարար հատվածը չի ցանկանում ընդդիմություն դառնալ, պատգամավորը հայտարարեց, որ «բամբասանք.ամ» լրատվական ծառայություններ կան, ովքեր էլ տարածում են այդ տեղեկությունները:
«Ինչ անհեթեթ հարց եք տալիս` Դուք ուրա՞խ եք, որ ԲՀԿ-ն չի դառնալու ընդդիմություն... Ես էլ Ձեզ եմ հարցնում` Դուք ուրա՞խ էիք, որ առավոտյան արեւ էր...Այ այսպիսի անհեթեթ հարց եք տալիս: Ես Ձեզ խուրհուրդ կտայի մի քիչ որակական առումով, գիտելիքների իմացության մակարդակը Ձեր բարձրացնեիք եւ նմանատիպ անհեթեթ, մանր հարցեր չտայիք»,- հայտարարեց նա եւ եւս մեկ անգամ կոչ արեց «համապատասխան հարցեր տալ ԱԺ պատգամավորին»:
Մեր դիտարկմանը, թե գազի գնի բարձրացման եւ, մասնավորապես, մարդկանց կենսամակարդակի վրա դրա ազդեցության վերաբերյալ հարցը «որակական առումով» իրեն բավարարո՞ւմ է եւ կարող է այդ հարցին պատասխանել, ի զարմանս մեզ, պատգամավորը արձագանքեց. «Գազի գնից զանգ տվեք «ՀայՌուսգազարդի» տնօրենին հարցեք: Պատգամավորները օրենքներ են գրում»: