կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-13 17:41
Մշակույթ

Առաջարկում եմ այրել Սերժ Ավեդիկյանին էլ, նրա բեմադրած ''Անուշն'' էլ

Առաջարկում եմ այրել Սերժ Ավեդիկյանին էլ, նրա բեմադրած ''Անուշն'' էլ

Ի՞նչը պետք է դրդի մտավորականներին` նամակ գրել ՀՀ նախագահին` խնդրելով արգելել Սերժ Ավեդիկյանի բեմադրած «Անուշը»: Ինչո՞ւ ՀՀ նախագահին, ինչո՞ւ արգելել: Հարգելինե'րս, արդյոք ճի՞շտ չէր լինի միանգամից դիմել ՀՀ կաթողիկոսին. պետք չէ թերագնահատել «Անուշի» գեղագիտական եւ հոգեւոր արժեքը:

 

«Անուշը» չպետք է արտահանվի, այո, այդ գումարը կարելի է ծախսել Լիլիթ Հովհաննիսյանի համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպելու համար:

 

Հարգելի' բողոքողներ, որտե՞ղ էր ձեր համախմբված բողոքի ձայնը, երբ հայ աստղերը համերգներ էին տալիս «Կոդակներ»-ում եւ «Կրեմլներում»` օտարերկրացուն ներկայացնելով ՀԱՅ երգարվեստը, թե՞ այդ դեպքերում օտարերկրացին հայ երգարվեստի մասին կարծիք կազմելու ցանկություն չի ունեցել:

 

Իսկ գիտե՞ք, որ Վահան Արծրունուն, ով հիանալիորեն մշակել է մաշտոցյան շարականները ու, ձեր որակմամբ, «անաղարտ եւ մաքրամաքուր» արվեստ է ներկայացնում, այդպես էլ մենահամերգ չի ունեցել մեծ դահլիճներում: 

 

Քանդակագործ Արա Ալեքյանին գիտե՞ք. նրա աշխատանքները զարդարում են ուրիշ երկրների քաղաքների փողոցները եւ «Մոսկվա» կինոթատրոնի առջեւ դրված սարդն ու ցուլն էլ գուցե շուտով վաճառվեն. մանր խնդիր է, չէ՞, որ քաղաքապետարանը նման արժեքները չի գնահատում, իսկ, ասենք, Բրյուսելի քաղաքապետարանն արդեն որերորդ գեղեցիկ գործն է գնում Ալեքյանից:

 

Օձունի եկեղեցին համարվում է 5-րդ դարի քրիստոնեական սրբավայր, իսկ այնտեղ եղած մի շարք քանդակներ, օրինակ` եռաթեւ հրեշտակի քանդակը, որը մ. թ. 4-5-րդ դարի է, ուղղակի դրված է եկեղեցու ներսում` գետնին, եւ սա բազմաթիվ օրինակներից մեկն է ընդամենը:

 

Ինչո՞ւ չեք պահանջում լռեցնել նրան, ում ձեռքերը հասնում են անգամ Հակոբ Հակոբյանին` բողոքում է, թե ինչո՞ւ են Հակոբ Հակոբյանին հետմահու ներկայացրել նախագահի մրցանակի. գուցե պետք էր սահմանափակվել Արման Հովհաննիսյանին «Վաստակավոր արտիստի կոչում» տալո՞վ:

 

Քննադատել ասելիս միշտ հասկացել եմ ճկուն ու առողջ միտք, գիտելիքների մեծ բազա` նյութի հետ կապված, բայց ոչ երբեք` համեմատություն` ադրբեջանական չգիտեմինչի հետ: Ուզո՞ւմ եք գույները մգեցնել, բայց այս կերպ Դուք ձեր գույնն եք կորցնում:

 

Կարծում եմ` պետք է կոչով դիմել ՀՀ նախագահին` արգելելու նաեւ «Անտարես»-ին «Արգելված գրքեր» շարքը հրատարակել. չէ՞ որ դրանք ժամանակին արգելված են եղել, եւ այժմ ոչ ոք չի քննել դրանց բարոյահոգեբանական ազդեցությունը ընթերցողի վրա. արդյո՞ք դրանք չեն խաթարի հայկականության արմատները:

 

Որպես ստեղծագործական մտքի ազատության վառ արտահայտում` առաջարկում եմ դիմել ՀՀ նախագահին` առհասարակ, ցանկացած ստեղծագործության երկրորդ տարբերակը ստեղծելն արգելելը. մեկով բավարարվենք, հարգելինե'րս:

 

Որպես հավելում` առաջարկում եմ այրել Սերժ Ավեդիկյանին էլ, նրա բեմադրած «Անուշն» էլ. արգելելու պահանջն այնքան էլ հարիր չէ մտավորականին, չէ՞ որ մտավորականը պետք է ազատության «ծնունդ» լինի:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ