Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի կնքման երկու տարբերակ կա՝ Բրյուսելյանը և Մոսկովյանը։
Թեև Նիկոլ Փաշինյանը, թաքնվելով «Հավաստի Աղբյուրի» անվան տակ, խոստացել էր ներկայացնել, թե որոնք են Արևմուտքի մոտեցումները, սակայն դա չարեց։ Նա միայն գրեց, թե ինչ է ուզում Ալիևը և մուտիլովկաներ արեց Ռուսաստանի ցանկությունների մասին։
Արևմուտքի կամ որ նույնն է՝ Թուրքիայի տեսակետները նա թաքցնում է, բայց դրանք հայտնի են բաց աղբյուրներից։ Ուշադիր լսելով Շարլ Միշելի, եվրաչինովնիկների, ԱՄՆ կոնգրեսականների, Նենսի Փելոսիի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ու մյուսների հայտարարությունները, կարելի է հեշտությամբ պարզել, թե ինչպես է Արևմուտքը տեսնում հայ–ադրբեջանական հարաբերությունների հեռանկարն ու Ղարաբաղի հարցի լուծումը։
Ինչ է ուզում Բրյուսելը
Շարլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցող բանակցությունները մեկ գլոբալ նպատակ են հետապնդում՝ հեռացնել Ռուսաստանին Արցախից, Հայաստանից ու ի վերջո՝ ամբողջ տարածաշրջանից։ Թե ո՞րն է լինելու դրա գինը, Արևմուտքին չի հետաքրքրում։ Արևմուտքը Հայաստանի թշնամին չէ, բայց Ռուսաստանի թշնամին է և ցանկացած գնով Ռուսաստանին վնասելն Արևմուտքի համար առաջնային է։ Իսկ որ դրա գինը լինելու է Հայաստանը (Հայաստան, որ ասում ենք, Արցախը հետն է), չի տեսնում միայն անմեղսունակն ու նիկոլականը։
Արևմուտքը Հայաստանի դեմ ռազմական ագրեսիան կդատապարտի, Փելոսին կլացի, Մակրոնը գրառում կանի, Էյֆելյան աշտարակի վրա Հայաստանի դրոշը կհայտնվի, Ուրսուլան կբացատրի, որ ադրբեջանական գազն ավելի կարևոր է, քան հայերի արյունն ու Հայաստանը։ Սրանից այն կողմ Արևմուտքից բան սպասելը հիմարություն է։ Հո՞ իրենց ՆԱՏՕ–ական դաշնակից Թուրքիայի դեմ չեն կռվելու կամ հո՞ չեն հրաժարվելու ադրբեջանական գազից, այն էլ՝ այս խառը իրավիճակում ու սպասվող ցուրտ ձմռան նախաշեմին։
Բրյուսելն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում և ցանկանում է փակել այդ թեման։ «Խաղաղության» համաձայնագրի Բրյուսելյան մոդելում չկա որևէ բառ Արցախի մասին։ Դա ասաց նաև Ալիևը Աստանայում։ Միշելն օգտագործում է «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» ձևակերպումը, ինչը նշանակում է, որ ղարաբաղցիները պետք է լինեն ազգային փոքրամասնություն Ադրբեջանում։ Միշելի պատկերացրած այդ հեռանկարը նշանակում է Արցախի հայաթափում՝ նոր ցեղասպանության կամ մեծ արտագաղթի միջոցով։
Ալիևը Նիկոլի ներկայությամբ հայտարարեց, որ Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի, ղարաբաղցիները որևէ կարգավիճակ չեն ունենալու, դա իրենց ներքին հարցն է։ Ալիևը հատուկ ընդգծեց, որ Պրահայում որևէ մեկը չի վիճարկել իր այս մոտեցումները։ Հիշեցնենք, որ Պրահայում Ղարաբաղի հարցը քննարկվել է Միշելի, Մակրոնի, Փաշինյանի, Ալիևի մասնակցությամբ։
Ինչ է ուզում Մոսկվան
Մոսկվայում կորցրել են վստահությունը Հայաստանի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը դասակարգային թշնամի է Մոսկվայի համար և դա հնարավոր չէ փոխել։ Մոսկվայում Նիկոլին դիտարկում են որպես արևմտյան շպիոն՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
Ռուսաստանը չի ուզում կորցնել Հայաստանն ու իր ազդեցությունը Հարավային Կովկասում, սակայն Հայաստանում չունի դաշնակից իշխանություն։
Մյուս կողմից՝ ուկրաինական ճգնաժամը մոտեցրել է Ռուսաստան–Թուրքիա, Ռուսաստան–Ադրբեջան հարաբերությունները՝ դրանց դարձնելով գործընկերային/դաշնակցային։
Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության արդյունքում Ռուսաստանը հայտնվել է մի վիճակում, երբ մեծացել է այդ երկրի կախվածությունը Թուրքիայից։ Սա աննախադեպ կախվածություն է, որի հետևանքները բացասական են ազդելու ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի վրա։
Ստեղծված միջազգային իրավիճակը, հայ–ռուսական հարաբերությունների թշնամացումը Նիկոլի կողմից, Ռուսաստանի հնարավորությունների սահմանափակումն իրենց ազդեցությունն են թողնում հայ–ադրբեջանական հարաբերություններում Մոսկվայի միջնորդական գործունեության վրա։
Մոսկվայում, ինչպես Բրյուսելում կողմ են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին։ Տարբերությունը հետևյալն է՝
1.Բրյուսելում ուզում են փակել Ղարաբաղի թեման, որպեսզի փակեն Ռուսաստանի թեման մեր տարածաշրջանում։ Բրյուսելյան մոդելում ղարաբաղի մասով բառ անգամ չկա։ Մոսկովյան մոդելում (համաձայնագրի 15–րդ կետով) առաջարկվում է Ղարաբաղի հարցի վերջնական կարգավորումը թողնել ապագային, բայց ֆիքսել, որ նման հարց կա։ Ալիևը կողմ է Բրյուսելյան մոդելին և դեմ Մոսկովյանին հենց Ղարաբաղի կետի պատճառով։
2.Բրյուսելն առաջարկում է հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիա, սակայն հայտնի չէ, թե ինչ քարտեզներով։ Բրյուսելյան մոդելի դեպքում Ալիևը Սյունիքը, Սևանն ու Երևանը համարում է ադրբեջանական։ Մոսկովյան տարբերակով դելիմիտացիան իրականացվելու է սովետական քարտեզներով, որոնց հղում է անում նաև Նիկոլը՝ պահանջելով 29.800 քառակուսի կիլոմետր։ Ալիևը դեմ է սովետական քարտեզներին։ Ակնհայտ է, որ Բրյուսելյան մոդելը բերելու է պատերազմի, փլուզումների, ՀՀ–ի վերացմանը։ Դրա համար էլ՝ Թուրքիան ու Ադրբեջանը կողմ են Բրյուսելյան մոդելին։
Ինչ է ընտրել Նիկոլը
Թե՛ Բրյուսելյան, թե՛ Մոսկովյան մոդելները Հայաստանի ու Արցախի համար ցավոտ են։ Չկա՛ լավ կամ ավելի լավ տարբերակ։ Կա վատ ու վատագույն տարբերակ։ Մոսկվայինը վատն է, Բրյուսելինը՝ վատագույնը, ավելի ճիշտ՝ կատաստրոֆիկը։ Բրյուսելյան մոդելը մահվան դատավճիռ է մեզ համար, իսկ ահա Մոսկովյան մոդելում կա Հայաստանը փրկելու շանս։
Առաջին հայացքից թվում է, թե Նիկոլ Փաշինյանը պետք է ընտրի Մոսկովյան տարբերակը, սակայն նա գնացել է Բրյուսելի ուղղությամբ։
Ո՞րն է Նիկոլի մոտիվացիան։ Նիկոլին բացառապես սեփական կաշին է հետաքրքրում։ Նա գիտի, որ երկու տարբերակներն էլ ծանր են ու ինքը դրանք կյանքի կոչելուց հետո դուրս է գրվելու։ Նիկոլը հասկանում է, որ դուրս գրվելուց հետո ֆիզիկական անվտանգության խնդիր է ունենալու, իր թալանածը պահելու խնդիր է ունենալու։ Մոսկվան նրան այդ երաշխիքները չի տալիս, կամ էլ՝ տալիս է, բայց Նիկոլը դրանց չի հավատում։
Նիկոլին անվտանգության ու ապաստանի երաշխիքներ տալիս է Արևմուտքը, եթե, իհարկե, նա գնա Բրյուսելյան մոդելով, այսինքն՝ վարի հակառուսական քաղաքականություն՝ «ա լյա Զելենսկի»։
Նիկոլը շատ լավ հասկանում է, որ Բրյուսելյան մոդելով Հայաստանը փլուզվելու է, սակայն ընտրել է այդ տարբերակը, քանզի այդ դեպքում իր կաշին կարող է փրկել։ Համենայնդեպս ինքն այդպես է կարծում։
Բրյուսելյան մոդելն ընտրելու շրջանակներում Նիկոլը Հայաստանում տոտալ հակառուսական քարոզ է սկսել, մեր երկիրը մտցրել է աշխարահքաղաքական խաղերի կիզակետ ու փոթորիկ է բերում։
Հայաստանն այսօր գոյություն ունի բացառապես ռուսական և իրանական գործոնների շնորհիվ, բայց Նիկոլն անում է քայլեր, որոնք նյարդայնացնում են Մոսկվային ու Թեհրանին։
Նիկոլի անձնական փրկության միակ տարբերակը Հայաստանի կործանումն է և նա ընտրել է փրկվելու տարբերակը։ Եթե նա գնա մինչև վերջ, ապա կարող ենք արձանագրել, որ մեկ մարդը կարողացավ պետություն վերացնել։ Համաձա՞յն է այս սցենարի հետ հայ ժողովուրդն ու նրա քաղաքական վերնախավը, կերևա շատ շուտով։
Շատ Հավաստի Աղբյուր