Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրապարակ թերթը գրում է․
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի խոսքով՝ ոստիկանական բաժիններում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքեր Հայաստանում վաղուց չէին եղել, նման բաներ լինում էին 90-ականներին։ Առաջինը տեղի ունեցավ 4 ամիս առաջ, երկրորդ դեպքը՝ հունիսի 12-ին․ ոստիկանության Կենտրոնի բաժնում բռնության է ենթարկվել փաստաբան Կարեն Ալավերդյանը: Մեզ հետ զրույցում Բաբայանն ընդգծեց․
«Մեր գործընկերներից Կարեն Ալավերդյանը, իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու կապակցությամբ, ոստիկանության կենտրոնի բաժնում բախվում է մի իրավիճակի, նախ՝ նրան որոշակի խոչընդոտներով են թույլատրում, որպեսզի տեսակցի իր վստահորդին, այնուհետեւ, մոտենալով այն սենյակին, որտեղ պիտի գտնվեր իր վստահորդը, լսում է ձայներ, թե ինչպես են խոշտանգում վերջինիս։ Խոսքն այն մասին է, որ վստահորդը բղավում էր, որ իրեն չխփեն։ Մտնելով այդ սենյակ՝ տեսնում է, թե ինչպես են 5-6 ոստիկան հատակին գցած իր վստահորդին ծեծի ենթարկում։ Բնականաբար, այդ կապակցությամբ նա հանդարտեցնում է ոստիկաններին եւ հորդորում, որ իրականացնեն դատավարական գործողություններ, որպեսզի համապատասխան իրավական ընթացք տրվի կատարվածին։ Որոշ ժամանակ հետո իրավիճակը կրկին դուրս է գալիս հսկողությունից, եւ արդեն բռնության է ենթարկվում ոչ միայն վստահորդը, այլեւս փաստաբանը։ Կիրառում են ձեռնաշղթաներ ու արցունքաբեր գազ, ձերբակալում են փաստաբանին, խուզարկություն են իրականացնում, մինչդեռ մենք ունենք հստակ իրավական պահանջ, որ երբ փաստաբանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, կամ վերջինիս անազատության մեջ պահելու որոշում կա, ապա նրանք անհապաղ պետք է տեղեկացնեն Փաստաբանների պալատին։ Մենք, բնականաբար, այդ մասին տեղեկացված չենք լինում, եւ այս վարույթը հանգուցալուծվում է նրանով, որ փաստաբանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, նրան մեղսագրում են հանցավոր արարք։ Մի խոսքով, այս տխուր, շատ վատ իրավիճակն է։ Մեր այսպիսի արձագանքը պայմանավորված է նաեւ նրանով, որ նախ անթույլատրելի է փաստաբանի նկատմամբ նման վարքագիծը, եւ երկրորդը՝ մենք այս իրավիճակը տեսել ենք 4 ամիս առաջ, երբ մեր գործընկերներ Էմանուել Անանյանը եւ Մարզպետ Ավագյանը նույնպես ենթարկվեցին բռնության ոստիկանական բաժանմունքում։ Հատկանշական է, որ այս անգամ եւս մենք չունենք տեսախցիկներ ոստիկանական բաժանմունքում։ Այդ տեսախցիկների տվյալները, կարծես թե, չկան։ Հետաքրքիրն այն է, որ այդ միջադեպին մասնակից են եղել նաեւ պարեկային ծառայության աշխատակիցները, որոնց տեսախցիկների վերաբերյալ եւս տեղեկություն չկա։ Փաստաբանի հաղորդմամբ՝ նա հարցրել է, թե որտեղ են տեսախցիկները, պարեկներն արձագանքել են, որ մարտկոցները լիցքաթափվել են, եւ, հետեւաբար, դրանք բացակայում են։ Այդ վստահորդներին պաշտպանող այլ փաստաբաններ եւս խոսում են այն մասին, որ իրավիճակը բավականին ծանր է այն իմաստով, որ խոշտանգումներն այն աստիճանի բարդության են, որ ծխախոտով այրել են վստահորդներից մեկի դեմքը, թմբկաթաղանթի վնասման, բազում մարմնական վնասվածքների մասին խոսք կա։ Սա խոսում է լուրջ խոշտանգումների մասին, ինչը, բնականաբար, պետք է համապատասխան իրավական գնահատական ստանա»։
Դիտարկմանը, որ Քննչական կոմիտեն փաստաբանին ներկայացրել էր որպես «Տերմինատոր», որը, ինչպես ՔԿ-ի տարածած հայտարարության մեջ էր նշված, «Կոնֆլիկտի մեջ է մտել ոստիկանության աշխատակիցների հետ, քաշել նրանց շորերից, հրել, հարվածել նրանց եւ փորձել է ձերբակալված պաշտպանյալին ազատել եւ տանել բաժնից», Փաստաբանների պալատի նախագահն արձագանքեց․ «Մի այսպիսի հայտնի կոլաժ կար «Քոմեդի Քլաբում», մեր հայրենակից Գարիկ Մարտիրոսյանն էր վարում, ասում էր՝ «Рафик ни в чем не виноват»: Ինձ մոտ շատ անգամ այս մոտեցումը եւ մեր գործընկերների արած հայտարարությունը նմանվում են սրան։ Եկեք հասկանանք, թե ով է եղել փաստաբանի անձը։ Փաստաբանը նախկինում եղել է քննիչ, ավելին ասեմ՝ Սյունիքի մարզի քննչական վարչության պետի տեղակալն է եղել։ Այսինքն՝ ներքին կուլտուրայի եւ դաստիարակության առումով չեմ կարծում, որ մենք խնդիր ունենանք, եւ ինչքան ժամանակ ես վերջինիս հետ շփվել եմ, ապա խոսքը գնում է ինտելիգենտ, հավասարակշռված մարդու մասին։ Այո, փաստաբանը պետք է օրենքով նախաձեռնված բոլոր միջոցները ձեռնարկի, որպեսզի պաշտպանի իր պաշտպանյալին, եւ, բնականաբար, ապացույցները պետք է համապատասխան գործում առկա լինեն։ Մեր գործընկերն ասում էր, որ սպասում է այն ապացույցներին, որոնք կներկայացնեն իր այդպիսի վարքագիծը։ Նա նաեւ հարցազրույցի ժամանակ ասաց, որ գեթ մեկ վիրավորական արտահայտություն ինքը չի փորձել հնչեցնել։ Ես կարծում եմ, որ պետք է առաջ չընկնենք, եւ քննությունը ցույց կտա դրա արդյունքները։ Դիցուք, անգամ փաստաբանը եթե դրսեւորեր ոչ իրավաչափ վարքագիծ, դրա ընթացակարգը ո՞րն է, ձեռնաշղթաներ կիրառե՞լը, արցունքաբեր գազ կիրառե՞լը, երբ ձերբակալվում է փաստաբանը` նրան խուզարկության ենթարկե՞լը․․․ Դա ուղղակիորեն օրենքով արգելված է։ Իսկ ինչո՞ւ տեղյակ չէ Փաստաբանների պալատն այդ մասին։ Ես հիմա ինչ խոսում եմ, ինքնանպատակ չէ, դրանք իրավական կոնկրետ պահանջներ են, որոնք ամրագրված են օրենքով»։
Հարցրինք նաեւ, թե ինչ կարծիքի է այն մասին, որ պարեկների տեսախցիկների մարտկոցներն իբր լիցքաթափված են եղել, իրո՞ք այդպես է, թե՞ գուցե նկարել են, ապա վերացրել ապացույցները։ «Դա բավականին պատասխանատու հայտարարություն է, ես այս պահին ներկայացնում եմ մեր ունեցած փաստերը, որոնց շրջանակներում․․․, հայտարարության մեջ նշվել է նաեւ այն հանգամանքը, որ անցել է որոշ ժամանակահատված, պահանջվել են տեսագրությունները... ներկա են եղել նաեւ պարեկային ծառայողներ, վերջինս հարցրել է, թե որտեղ են նրանց տեսախցիկները, պատասխանել են, որ տեսախցիկների մարտկոցները լիցքաթափվել են, եւ դրանք բացակայում են, թեեւ առկա իրավական կարգավորումներն արգելում են պարեկներին իրականացնել որեւէ գործողություն այդ մարտկոցների բացակայության պայմաններում։ Այն մոտեցումը, որ հատուկ են ապացույցները թաքցվել, քննությամբ պետք է պարզվի»,- պատասխանեց Բաբայանը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում