Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-05-05 13:09
Առանց Կատեգորիա

ԿԸՀ-ն՝ ինքնավար կեղծարար

ԿԸՀ-ն՝ ինքնավար կեղծարար

Կեղծիքը, որը պատրաստվում է անել իշխանությունը Երեւանի ավագանու ընտրություններին, արդեն փորձարկվել է նախորդ` առնվազն 4 ընտրությունների ժամանակ: Այդ կեղծիքը ցույց է տվել քվեարկության ընթացքում իշխանության իրականացրած բոլոր ապօրինությունների ու հանցագործությունների անօգտակարությունը: Այդ կեղծիքը հետին պլան է մղել ե'ւ ընտրակաշառքները, ե'ւ լցոնումները, ե'ւ ահաբեկումները, ե'ւ դրանց բոլորի փաստական ապացույցները:

 

Կեղծիքների իրականացման առյուծի բաժինը վիճակված է ԿԸՀ-ին: Այդ կեղծիքում լցոնում չկա, ահաբեկում չկա, քվեաթերթիկների տեղափոխություն չկա: Ըստ էության` շոշափելի որեւէ հանցագործություն չկա: Նույնիսկ ցուցակներում ուրիշների փոխարեն ստորագրություն չկա: Ինչի՞ մասին է խոսքը: Բանն այն է, որ նախորդ` առնվազն 4 ընտրությունների ժամանակ հիմնական կեղծիքը կատարել է ԿԸՀ-ն: ԿԸՀ-ի բոլոր նախագահներն էլ գիտեն, որ դա պակաս բացահայտելի է: Առաջին տվյալները, եթե ուշադիր լինեք, հրապարակելիս, ԿԸՀ-ն չի վկայակոչում առանձին վերցրած ոչ մի տեղամասի: Ինքը պարզապես թվեր է կրակում: Իշխող հիմնական քաղաքական ուժի, իսկ նախագահի ընտրությունների դեպքում՝ նրա առաջնորդի համար, հենց սկզբից ԿԸՀ-ն կրակում է 85-87 տոկոսը: Ինքը ձեռքի տակ ոչ մի տվյալ չունի: Բայց կրակում է: Մյուս քաղաքական ուժերի հետ քվեների նման հսկայական տարբերությունը ԿԸՀ-ին, այսինքն` իշխող քաղաքական ուժին, անհրաժեշտ է այդ տարբերությունը կամաց-կամաց, բայց անվտանգ ձեւով իջեցնելու համար: Ոչ ոք չպետք է կասկածի, որ նման տարբերությունը ռեալ է: Այս կեղծիքի իրացման համար չափազանց կարեւոր է լրատվամիջոցների դերը: Հատկապես՝ իշխանական: Թեպետ, անկախ կամ ընդդիմադիր լրատվամիջոցները նույնպես կուլ են տալիս այս խայծը: Նրանք, ինչպես ասում են, ականջները ձայնին սպասում են, թե ԿԸՀ-ն երբ է հրապարակելու առաջին տվյալները: Իսկ ԿԸՀ-ն այդ տվյալները հրապարակում է իրեն հարմար որեւէ ժամի:

 

Այս կեղծիքը մինչեւ հիմա չի վիճարկվել քաղաքական որեւէ ուժի կամ այդ ուժի առաջնորդի միջոցով: Որովհետեւ առաջին հայացքից պարզ չէ, թե ինչպես է հնարավոր նման կեղծիքը՝ երբ ձեռքիդ տվյալներ չկան, սակայն դու հրապարակում ես դրանք: Այդ ընթացքում, երբ ընթանում է քվեարկությունը, իշխանամետ լրատվամիջոցները, հատկապես` հեռուստաընկերությունները, սովորաբար որեւէ առարկայական կեղծիք չեն հրապարակում, զուտ տեխնիկական թերություններ: Այսինքն` հեռուստադիտողն ինքն էլ կամաց-կամաց հաշտվում է այն մտքի հետ, որ այս անգամ նույնպես ընդդիմությունը «տակ տվեց»: Ընդդիմությունն իր հերթին, քափ քրտինք կտրած, ձեռքի տակ եղած կեղծիքներով փորձում է վիճարկել ընտրությունների օրինականությունը: Գրեթե ցանկացած քաղաքական ուժ, հիշում եք, ինչպես է հակադարձում այդ կեղծիքներին. «Մենք չենք ասում, որ կեղծիքներ չեն եղել, բայց դրանք չեն ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա»: Որովհետեւ, իսկապես, ինչպե՞ս կազդեն, եթե հենց սկզբից իշխանության օգտին քվեարկած է լինում 85-87 տոկոս մարդ:

 

Գործող քաղաքական ուժերը պետք է կարողանան ԿԸՀ-ից կորզել այն տեղամասերի տվյալները, որոնց արդյունքներն առաջինը հրապարակում է այդ հիմնարկը: Իհարկե, նման դեպքում էլ ԿԸՀ-ն չի դադարեցնի իր մասնակցությունը կեղծիքներին: Այն, այսպես թե այնպես, ընտրություններից մի քանի օր հետո կասի, թե որ տեղամասերի արդյունքներն է առաջինը հրապարակել: Պարզապես արդեն կսկսի այդ արդյունքները հարմարեցնել հրապարակածին: Եվ, ընդհանրապես, այդ պահանջից հետո ԿԸՀ-ն ոչ թե կլինի ինքնավար կեղծող, այլեւ սերտորեն կաշխատի հանձնաժողովների եւ նույնիսկ որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի վստահված անձանց հետ:


Սեյրան Հանոյան

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: