կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-18 14:24
Քաղաքական

Եթե ադրբեջանցիները, փոխզիջում ասելով, հասկանում են ինքնավար հանրապետություն, տվայտանքների մեջ են. Շարմազանով

Եթե ադրբեջանցիները, փոխզիջում ասելով, հասկանում են ինքնավար հանրապետություն, տվայտանքների մեջ են. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ԼՂՀ-ն կարող է դառնալ ինքնավար հանրապետություն՝ Ադրբեջանի կազմում: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ Իլհամ Ալիևը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1988թ. սկսել է պայքարել ազատ և անկախ ապրելու իրավունքի համար: Եթե պարոն Ալիևը տեղյակ չէ, ապա ես տեղեկացնեմ, որ բանակցային սկզբունքներից մեկը ինքնորոշման իրավունքի իրացումն է: Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ ինքնորոշման իրավունքի իրացումը երեք սկզբունքներից մեկն է՝ տարածքային ամբողջականության և խաղաղ կարգավորման հետ մեկտեղ»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը, ապա հավելեց, որ Ադրբեջանի կազմում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության գոյությունը լավագույն վկայությունն է, որ հայերը չեն կարող ապրել ինքնավար հանրապետության քաղաքացու կարգավիճակում՝ Ադրբեջանի կազմում:

«Ի՞նչ տեղի ունեցավ Նախիջևանում: Մենք տեսանք, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը և ադրբեջանցիները ոչ միայն հայ ժողովրդին էին հետապնդում, ոչ միայն կազմակերպում էին ջարդեր Սումգայիթում և Բաքվում, այլև նրանք կազմակերպեցին հոգևոր, մշակութային հուշարձանների՝ համաշխարհային ժառանգություն համարվող տասնյակհազարավոր խաչքարերի ոչնչացումը: Ադրբեջանցիներն անգամ հայկական խաչքարերի նկատմամբ չկարողացան հանդուրժող լինել, հայ ժողովրդի նկատմամբ ինչպե՞ս կարող են հանդուրժող լինել»,- ընդգծեց նա:

Շարմազանովի խոսքով՝ Արցախի ժողովուրդը պետք է օգտվի ինքնորոշման իրավունքից և կայացնի իր որոշումը: Նա վստահություն հայտնեց, որ նոր հանրաքվեի դեպքում Արցախի բնակչությունը կկայացնի նույն որոշումը, որը կայացրել էր 1991 թվականին:

«Ես կարծում եմ, որ Ալիևի հայտարարությունները, մանավանդ` ռուսական լրատվամիջոցներին, անտեղի են: Եթե պարոն Ալիևը ցանկացել է ասել` անկախ հանրապետություն, գուցե, դա՞ է ճիշտը»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ Ալիևը ցանկանա, թե` ոչ, աշխարհը հիմա գնում է ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով, իսկ գետի հունին հակառակ գնալն անհնար է:

«Արցախի հարցում մեզ համար ամենակարևորը կարգավիճակի հարցն է: Արցախը որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում, սա է մեր պատասխանը պարոն Չեմբեռլենին»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Հարցին` ինչո՞ւ չի կայանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, Շարմազանովը պատասխանեց, որ խնդիրն ադրբեջանական կողմում է:

«Երկու օր առաջ ՀԱՊԿ-ի երևանյան գագաթաժողովի մասնակիցները կոչ են արել կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Դուք կարո՞ղ եք ասել, որ ադրբեջանական կողմը, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին ընդառաջ, որևէ գործնական քայլ է կատարել: Խնդիրն ադրբեջանցիների մեջ է: Եթե ադրբեջանցիները, փոխզիջում ասելով, հասկանում են ինքնավար հանրապետություն, ապա նրանք տվայտանքների և ինքնախաբեության մեջ են: Փոխզիջումը ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է, իսկ թե ինչի՞ դիմաց, կորոշի ԼՂՀ ժողովուրդը»,- ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը չբացառեց, որ Ալիևի կողմից նման հայտարարության հրապարակումն այս պահին դյուրագրգիռ և նյարդային պատասխանն է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հայտարարությանը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, մանավանդ, որ ադրբեջանական լրատվամիջոցներում ալիևամերձ քաղաքագետները սկսել են կարծիքներ հայտնել, որ հայկական կողմի ճնշումների ներքո Մոսկվան փոխել է դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և չունի ադրբեջանամետ դիրքորոշում:

Դիտարկմանը, թե Իլհամ Ալիևը չի բացառել, որ Ադրբեջանը կարող է անդամակցել ԵՏՄ-ին, Շարմազանովը պատասխանեց. «Եթե պարոն Ալիևը դա չի բացառում, իսկ քաղաքականությունն էլ հնարավորի արվեստ է, նա չպետք է բացառի նաև ԼՂՀ միջազգային ճանաչումը»: