կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-22 19:25
Աշխարհ

Վառնայում մեկնարկեցին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները

Վառնայում մեկնարկեցին Հայոց ցեղասպանության հիշատակի  միջոցառումները
Ապրիլի 19-ին Բուլղարիայի Վառնա քաղաքի քաղաքապետարանի նիստերի դահլիճում ցուցադրվել է  Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» ֆիլմը, որը գերմանացի վավերագրող Էրիկ Ֆրիդլերի եւ պատմաբան Բարբարա Զիբերտի երկարատեւ աշխատանքի արդյունքն է։ Ֆիլմի ցուցադրմանը ներկա էին տեղի հոգևոր հովիվ Արժ. Տ. Բարդուղիմեոս քհն. Հակոբյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, բուլղար բարեկամներ և Վառնայի ավագանու ներկայացուցիչներ:

 

 

Նախքան ֆիլմի ցուցադրումը, ներկաներին ողջունեց Վառնայում Հայոց ցեղասպանության 98-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների համակարգող հանձնախմբի ներկայացուցիչ Ներսես Կետիկյանը: Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին իրենց ներկայության համար և հակիրճ ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը, ինչպես նաև այն շեշտադրումները, որոնք դրված են նրանում: Նա նաև տեղեկացրեց, որ «Աղետ» ֆիլմի ցուցադրմամբ Վառնայում մեկնարկում են Հայոց ցեղասպանության 98-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը:

 

Ֆիլմի ավարտից հետո Ներսես Կետիկյանը ներկաներին ներկայացրեց ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումների ծրագիրը, ըստ որի, այդ օրը Վառնայի Ս. Սարգիս հայկական եկեղեցում տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի կողմից կմատուցվի Ս. Պատարագ: Երեկոյան ժամը 17:00-ին եկեղեցու բակում գտնվող Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի առջև կկատարվի Հոգեհանգստյան կարգ, որից հետո Վառնայի հայ երիտասարդները կներկայացնեն իրենց պատրաստած գեղարվեստական ծրագիրը: Այնուհետև տեղի կունենա սգո երթ դեպի Հայոց ցեղասպանության հուշակոթողը, որը գտվում է Վառնայի քաղաքապետարանի հարևանությամբ: Հուշակոթողի մոտ նախատեսվում են ելույթներ և ծաղիկների զետեղում: