կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-25 12:53
Հասարակություն

Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի գլխավոր միջոցառումները՝ Թեհրանի հայ համայնքում

Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի գլխավոր միջոցառումները՝ Թեհրանի հայ համայնքում

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Թեհրանի հայոց թեմում, Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի առիթով գլխաւոր միջոցառումների շրջագծում, ապրիլի 23-ի երեկոյեան, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու շրջափակում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի յուշահամալիրի մօտ տեղի ունեցաւ կրօնական արարողութիւն, ժողովրդական ծաղիկների մատուցում եւ երիտասարդական համահաւաք: Միջոցառումը մեկնարկեց կրօնական արարողութեամբ եւ բարեխօսական աղօթքով, որը իրականացաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ, որից յետոյ Սրբազան Հայրն իր խօսքն ուղղեց ժողովրդին: Աւարտին ժողովուրդը ինքնակամ մասնակցեց ծաղիկների մատուցման: Աւելի ուշ նախաձեռնութեամբ «Ռոստոմ» երիտասարդական միութեան, տեղի ունեցաւ երիտասարդական համահաւաք եւ գեղարւեստական ծրագիր, ֆիլմի ցուցադրութիւն, ընթերցւեց օրւայ հաղորդագրութիւնը եւ «Ռոստոմ» երիտասարդական ու «Քրիստափոր» պատանեկան միութիւնների խօսքը եւ վերջում ջահերով համահաւաք, որի ընթացքում երիտասարդները հնչեցնում էին յեղափոխական-ազգագրական երգեր, որոնց ձայնակցում էր ժողովուրդը: Հակառակ ցուրտ եղանակին, ժողովուրդը մինչեւ ուշ երեկոյեան, ներկայ էր եկեղեցու տարածքում:

- Ապրիլի 24-ի առաւօտեան Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում Թ. Հ. թեմի առաջնորդի ձեռամբ մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ, ի յիշատակ աւելի քան մէկուկէս միլիոն նահատակների: Պատարագի ընթացքում քարոզեց Սրբազան Հայրը, ապա թափօրը մօտեցաւ եկեղեցու բակում տեղադրւած Բիւրաւոր Նահատակների յուշարձանին, ուր տեղի ունեցաւ կրօնական արարողութիւն, որից յետոյ ծաղիկների մատուցում՝ մասնակցութեամբ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանի, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի, «Ալիք» հաստատութեան, ազգային իշխանութեան, ազգային մարմինների ու միութիւնների եւ կրթական հաստատութիւնների ներկայացուցիչների: Ապա ներկաներին խօսք ուղղեցին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետը, Իսլ. խորհրդարանի պատգամաւորը եւ Սրբազան Հայրը:

Վերջում ընթերցւեց 9 կէտերից բաղկացած բանաձեւը, որի ամբողջութիւնը հաստատւում էր ժողովրդի կողմից: Ապրիլեան ոգեկոչման բողոքի համահաւաքը աւարտւեց «Սարդարապատ» քայլերգով:

- Նոյն օրը երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում մեծ թւով հայրենակիցների ներկայութեամբ իրականացաւ կենտրոնական գեղարւեստական դասախօսական երեկոյ, նախաձեռնութեամբ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի: Օրւայ դասախօսն էր «Ալիք» կայքէջի պատասխանատու Արամ Շահնազարեանը, հրաւիրւեց արտայայտւելու Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, իսկ եզրափակիչ խօսքի համար Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Գեղարւեստական նորաոճ եւ յաջող ծրագրի կատարմամբ հանդէս եկան համայնքի երիտասարդ նւագակցողներ, ճանաչւած երգիչ-երգչուհիներ եւ Հ.Մ.Ա.Կ-ի պարախումբը:

Նոյն օրը մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւել էր աշակերտական ձեռարւեստի ցուցահանդէս, համագործակցութեամբ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի: