Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 9-ի հաջողությունից ոստիկանության և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտ առաջացած էյֆորիան ու ինքնավստահությունն այնպիսի մակարդակի են հասել, որը նույնիսկ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու գայթակղություն է ի հայտ եկել, որը դրսևորվում է, այսպես ասած, կադրային հեղափոխական բարեփոխիչների կերպար ձեռք բերելու միջոցով: Սակայն դա ավելի շատ նմանվում է սեփական գլխից վերև ցատկելու փորձի:
Երևանի այլևս նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկության վերաբերյալ ոստիկանությունը որոշեց հանդես գալ պաշտոնական պարզաբանմամբ: «...Դա աշխատանքային մոտեցում է և լիովին տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության և կադրային քաղաքականության շրջանակներում: Ոստիկանության համար սկզբունքային է ծառայության և բիզնեսի համատեղման բացառումը, այսպես ասած՝ սերտաճումը հասարակության որոշակի շերտերի հետ, ինչը անխուսափելի է նույն տեղում տևական աշխատանքի դեպքում ու բացասաբար է ազդում օպերատիվ իրավիճակի և ծառայողական գործունեության արդյունքների վրա»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Այսինքն` փորձ է արվել Նազարյանի պաշտոնանկությունը պայմանավորել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի և բիզնես շրջանակների սերտաճման անթույլատրելիությամբ, ինչից պետք է տրամաբանական հետևություն անել, որ սա ընդամենը որդեգրված կադրային քաղաքականության արդյունքում կայացված որոշում է: Այսինքն` կա'մ Նազարյանը դարձել է այդ քաղաքականության հերթական զոհը` հաշվի առնելով նրա ունեցած բիզնեսները, կա'մ այդ քաղաքականության հետևանք «առաջին ծեծեռնակն է», այսինքն` սրան հետևելու են նոր պաշտոնանկություններ, քանի որ ակնհայտորեն ոստիկանության համակարգում Նազարյանը միակ` բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող բիզնեսմենը չէ:
Իրականում այս պաշտոնանկությունը դրա հետ որևէ առնչություն չունի` երեք պատճառով: Նախ` եթե այդպես լիներ, ապա բարձրաստիճան պաշտոնյաների 90 տոկոսը, եթե ոչ բոլորը, պետք է պաշտոնանկ արվեն, որովհետև անգամ նրանց կողմից ներկայացված եկամուտների հայտարարագրերից պարզ է դառնում, որ գրեթե բոլորը սերտաճած են բիզնեսին, քանի որ հայտարարագրել են իրենց ստացած «համեստ ռոճիկների» հետ ոչ մի աղերս չունեցող ունեցվածք և եկամուտներ: Երկրորդ` նախագահի վերջին ասուլիսից հետո այլևս պարզ է, որ նման բան լինել չի կարող այնքան ժամանակ, քանի դեռ այդ մարդկանց «փաստաթղթերի հետ» ամեն ինչ կարգին է: Իսկ Ներսես Նազարյանը ոստիկանությունում այնքան էլ փոքր ֆիգուրը չէր, որ Վլադիմիր Գասպարյանը կարողանար, իր գլխավորած համակարգը բիզնեսմենններից մաքրելու «սրբազան առաքելությամբ տարված», հանկարծ հակառակվել, թե, այնուամենայնիվ, ոստիկանությունում փասատթղթերի հետ ակնհայտորեն խնդիրներ ունեցող բիզնեսմեն պաշտոնյաներ կան: Եվ երրորդ, որը նաև նախորդի հավելյալ հիմնավորումն է, հաղորդագրության մեջ Նազարյանի` բիզնեսմեն լինելու իրողությունը հաստատող ապացույց փաստացի չկա: Միակ «փաստը» կամ հիմնավորումն այն է, թե բիզնեսի հետ նման սերտաճումն անխուսափելի է «նույն տեղում տևական աշխատանքի դեպքում»: Եթե այս տրամաբանությամբ շարժվենք, ապա բոլոր այն ոստիկանները, պաշտոնյաները, ովքեր, ասենք, 10 տարի աշխատում են նույն պաշտոնում, բիզնեսին սերտաճածներ են, ուստի ենթակա են անհապաղ «կադրերի տրամադրության տակ անցնելու»: Իսկ մասնագիտական ունակությունների, փորձառության նման «մանրուքները», որոնք հատկապես երկարակեցության արդյունքում ձեռք բերվող որակներ են, բնականաբար, «ավելորդություններ» են:
Սակայն այս հիմնավորման մեջ ամենաէական դետալը դա չէ, այլ այն ակնարկը, թե հասարակության բիզնես շերտերի հետ սերտաճումը բացասաբար է ազդում օպերատիվ իրավիճակի և ծառայողական գործունեության արդյունքների վրա: Խնդիրն այն է, որ հաղորդագրության տարածման նախօրեին Վլադիմիր Գասպարյանը մամուլում պնդում էր, թե Նազարյանի անունով գրանցված բիզնես չկա: Այսինքն` կրկին հղում է կատարվում «փաստաթղթերի` կարգին լինելու» գործոնին: Սա նշանակում է, որ Նազարյանը պաշտոնանկ չի արվել բիզնեսներ ունենալու համար, հետևաբար` դա կարող էր պայմանավորված լինել միմիայն մատնանշվող` «հասարակական այդ որոշակիչ շերտերի» շահերը սպասարկելու հետ, և հենց այս հանգամանքն է, որ «բացասաբար է ազդում օպերատիվ իրավիճակի և ծառայողական գործունեության արդյունքների վրա»: Թե ի՞նչ շերտերի մասին է խոսքը, ոստիկանությունն, իհարկե, ոչինչ չի ասում: Սակայն դա որոշակիորեն հուշում է, որ ոստիկանության Երևանի վարչության պետին պաշտոնից ազատելու համաձայնությունը նախագահ Սերժ Սարգսյանից ստանալու համար Վլադիմիր Գասպարյանը կարող էր նրան մոտավորապես հենց նման պատճառաբանություններ, հնարավոր է նաև` ինչ-որ փաստեր ներկայացնել: Եթե այդպես է, ապա Նազարյանը կարող է պատժված լինել իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող «շերտերի» շահերը սպասարկելու համար, ինչը իշխանության կողմից, կարճաժամկետ կտրվածքով, երբեք չի ներվում:
Պաշտոնանկությունից անմիջապես հետո լրատվամիջոցներին տված` Նազարյանի հարցազրույցներում, սակայն, իշխում էր այն տոնայնությունը, որ սա ժամանակավոր է, որ իրեն գործուղելու են այլ պոստեր, և, իբրև զինվոր, ինքը պատրաստ է գնալ այնտեղ, որտեղ կուղարկեն: Չի բացառվում, որ այդպես էլ կլինի: Նազարյանը ո'չ առաջին, ո'չ էլ ակնհայտորեն վերջին նման անձնազոհ «զինվորն է». շատերը, որոնք նման ինքնագլխությունների, վերահսկողությունից դուրս նման գործողությունների են դիմել, իշխանության առջև բավարար չափով «մեղքերի թողության» քավարանով ացնելուց հետո միշտ էլ վերադառնալու շանս են ստացել: Եթե Նազարյանը ևս բավարար «շրջահայացություն» դրսևորի, գուցե այդ շանսը նրան էլ կտրվի, եթե Վլադիմիր Գասպարյան անձի հետ ամբիցիաների բախման գործոնն այլևս չլինի:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ
Հ.Գ Ի դեպ, Նազարյանի այս հեռացումը շատ բանով էր հիշեցնում նախկին ոստիկանապետի` Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությունը. նա ևս լրագրողներից իմացավ, որ ազատվել է աշխատանքից ու համառորեն չէր ուզում դրան հավատալ: Սա, կարծես, վերածվում է տարբեր ռանգի ոստիկանապետերի գլխին կախված անեծքի, որը, ի դեպ, մի օր էլ կարող է իր սև գործն անել Վլադիմիր Գասպարյանի հետ: Քանզի ինչպես իշխանության ներսում ձևավորված մշակույթն է հուշում, համակարգն այդպես է վարձատրում իրեն անմնացորդ ծառայելու երդումներ տվող «զինվորներին»: