կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-10 15:45
Տնտեսական

Իշխանությունները ստեղծել են ստվերի մեծացման հավելյալ ռիսկեր

Իշխանությունները ստեղծել են ստվերի մեծացման հավելյալ ռիսկեր

2013 թվականի դեկտեմբերին իշխող մեծամասնությունը ԱԺ-ում հապճեպ ընդունել տվեց փոփոխությունների մի մեծ փաթեթ: Դեռեւս այն ժամանակ այդ փոփոխությունների կապակցությամբ բողոքի ալիք բարձրացրին ստոմատոլոգներն ու անշարժ գույքի առքուվաճառքի ոլորտի ներկայացուցիչները: Մինչդեռ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշում էր, որ միայն այս երկու ոլորտում, այլեւ մի շարք այլ ոլորտներում եւս փոխվել են խաղի կանոնները, եւ դեռ դժգոհողներ շատ են լինելու:

 

Եվ, իրոք, արդեն սկսել են դժգոհել ինտերնետային գովազդով զբաղվողները եւս: Մասնավորապես` նախկին 10 տոկոսի փոխարեն, այժմ Հայաստանում շահույթ հետապնդող ոչ ռեզիդենտները պարտավոր են 20 տոկոս շահութահարկ վճարել:

 

Սա նշանակում է, որ հայկական փոքրիկ ընկերությունները, որոնք, օրինակ, ինտերնետային գովազդի ծառայություններ էին մատուցում Facebook, Google եւ այլ ցանցերի միջոցով, նրանց փոխարեն պետք է շահութահարկ վճարեն: Վճարումները կատարում են հետեւյալ եղանակով` հիշյալ ցանցերում ստեղծում են իրենց աքաունտները, դրանց կցում իրենց ընկերության կրեդիտ քարտը, ու երբ տվյալ ընկերությունները ինչ-ինչ ծառայություններ են մատուցում, վերջում այդ քարտից ավտոմատ եղանակով քաշում են իրենց հասանելիք գումարները:

 

Որպեսզի այդ ընկերությունների փոխարեն հայկական ընկերությունները ոչ ռեզիդենտի շահութահարկեր չվճարեն, պետք է այդ կազմակերպություններից ներկայացնեն համապատասխան տեղեկանքներ, իսկ դա գործնականում անհնար է: Քանի որ նախկին 10 տոկոս շահութահարկը հայկական ընկերությունները մի կերպ վճարում էին, այս դեպքում կփորձեն չվճարել: Դա գործնականում հնարավոր է, ու առաջանում են ստվերի չափը մեծացնելու որոշակի ռիսկեր: Մասնավորապես` ընկերությունները կարող են արդեն այնպես անել, որ այդ կրեդիտ քարտը պատկանի ոչ թե իրավաբանական, այլ ֆիզիկական անձի: Այսինքն` ձեռնարկությունը հրաժարվի ձեռնարկության կրեդիտ քարտով վճարումները կատարելուց եւ ձեռնարկության անդամներից որեւէ մեկի անձնական կրեդիտ քարտից սկսեն վճարել:

 

«Այս փոփոխությունը, իրոք, այդպիսի վտանգ է պարունակում, որ ընկերությունները որոշեն այլեւս գլուխ չցավեցնել ոչ ռեզիդենտի շահութահարկի ձեւակերպումներով, ընկերության համար քարտ ձեռք բերելով եւ այլն, ու արդեն կարող են պատվիրված գովազդի համար վճարումներն իրականացնել անձնական քարտերով, եւ դա չի երեւա ոչ մի հարկային մարմնում: Յուրաքանչյուր ընկերություն ինքը պետք է իր համար որոշի` ուզո՞ւմ է այդպես անել, թե՞ ոչ: Այսինքն` խաղի նոր կանոնները մեր ոլորտում ստվերի ավելացմանը խթանող վտանգներ են պարունակում»,- մեզ հետ զրույցում ասաց IP Marketing ընկերության տնօրեն Արսեն Սուլթանյանը:

 

ԱԺ-ում այս փոփոխությունների ընդունմանը նախորդած քննարկումների ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը պնդում էր, որ էականորեն փոխվում են խաղի կանոնները, ինչը հղի է հավելյալ վտանգներով: Սակայն քաղաքական մեծամասնությունն արեց իր ուզածը:

 

«Ցավոք, այս տիպի նախաձեռնություններն այդպես էլ չեն ձեւակերպում իրենց խորքում, թե, ի վերջո, ինչի են միտված ու ինչ նպատակ ունեն: Անգամ եթե մենք դիտարկենք օրենքի նախագծի հիմնավորումները, տեսնում ենք, որ չկա հստակ ձեւակերպված նպատակ` ի վերջո, արդյոք բյուջեն հավելյալ գումարներ լցնելո՞ւ, թե՞ ստվերային տնտեսությունը կրճատելու, թե՞ խաղի կանոնները հեշտացնելու եւ փոքր ու միջին բիզնեսին աջակցելու ծրագրերի իրականացման տեսակետից: Այս փոփոխությունները հիմնականում տանելու են ոլորտի մենաշնորհացմանը, եւ հավելյալ բացասական ռիսկեր են ներառում: Մասնավորապես` աշխատատեղերի կրճատում, գների կտրուկ աճ` ոլորտի ծառայությունների համար, ծավալների էական նվազեցում: Եվ, ի վերջո, որպես բացասական վերջնական արդյունք, նաեւ ֆիսկալ տեսակետից` բյուջետային մուտքերի նվազեցմամբ: Սրանք ոչ միայն տեսական, այլեւ պրակտիկ դատողություններ են»,- դեռեւս փետրվարի 2-ին yerkir.am-ին տված հարցազրույցում ասել էր ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

 

Ստացվում է, որ ընկերություններին ու կազմակերպություններին «ստիպում են» մտնել ստվեր, ցույց չտալ իրենց իրական եկամուտներն ու ծախսերը` խուսափելու համար անտրամաբանական ու հսկայական հարկային բեռից:

 

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ