կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-10 15:01
Տնտեսական

Հարկային բեռն ընկնում է խոշորի, ստվերի ու շքեղության վրա

Հարկային բեռն ընկնում է խոշորի, ստվերի ու շքեղության վրա

Հարկային փաթեթի փոփոխման վրա մեր օրենսդիրներն աշխատում են արդեն երկու ամիս, դրանից հանված են հիմնական մտահոգությունները. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը (ՀՀԿ):

 

Այսօր հարկային փաթեթրը ներկայացվել է կառավարության նիստի օրակարգ, վաղն այն արդեն կքննարկվի ԱԺ տնտեսական հանձնաժողովում:

 

Ըստ Ավյազյանի` փոփոխությունների է ենթարկվում նաեւ «Ընդերքի մասին» ՀՀ օրենքը. «Դրանով կապահովենք 2012 թվականի հավաքագրումները»:

 

ՀՀԿ-ական պատգամավորի պնդմամբ` հարկային փաթեթում փոփոխությունները վերաբերում են ակցիզային հարկի որոշակի ավելացմանը, շքեղության հարկը տարածվում է 90 հազար դոլար արժեք ունեցող ավտոմեքենաների վրա, պետական տուրքի մեջ է փոփոխություն կատարվում, խաղատների դեպքում կավելացվի հարկային բեռը, հանվել են նաեւ անհարիր ստուգումները եւ այլն:

 

«Նախկին տարբերակը լուրջ մտահոգության տեղիք էր տալիս, բայց քաղաքական քննարկում եղավ կոալիցիոն ուժերի միջեւ, եւ մնաց այն, ինչ մնաց: 46 մլրդ դրամից մնացել է 14 մլրդ դրամ, եւ բեռն ընկնում է խոշորի, ստվերի ու շքեղության հարկի վրա»,- ասաց պատգամավորը:

 

Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ պետական բյուջեն պետք է տարանջատել հարկային փաթեթից. «Վերջինս ավելի երկարաժամկետ է: Սկզբում լուրջ մտահոգություններ կային, բայց դրանք հանվեցին: Իսկ երբ փաթեթը ստանանք, վերջնական գնահատական կտանք»:

 

Ա. Մինասյանը նաեւ նշեց, որ ՀՆԱ-ում հարկային հավաքագրումները չեն գերազանցում 17 տոկոսը, մինչդեռ զարգացում ունենալու համար հարկավոր են ավելի շատ հավաքագրումներ. «Ստվերը մեր տնտեսությունում գնահատվում է 30-50 տոկոս, եւ հավելյալ հնարավոր է հավաքել 250 մլրդ դրամ, որը նաեւ Համաշխարհային բանկի փորձագետների կարծիքն է: Ռեսուրս կա, որ կարելի է բերել: 1-10 մլրդ դրամի եկամուտ ունեցողների դեպքում կա թերակատարում ուղղակի հարկերի գծով, իսկ 10 մլրդ-ից ավելիի դեպքում` անուղղակի հարկերի: Մութ սենյակում սեւ կատու փնտրելու կարիք չկա»:

 

ՀՅԴ պատգամավորը օրինակ բերեց նաեւ հարեւան Վրաստանին, որտեղ անցած երեք տարիներին 15 տոկոս հարկային հավաքագրումները հասցրել են 25 տոկոս. «Ինչու նրանք կարող են, իսկ մենք չենք կարող»:

 

ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի դիրքորոշումը դրական է հարկային օրենսդրության բարեփոխումների առումով: «Այսօր նոյեմբերի 10-ն է, բայց հարկային փաթեթը դեռեւս հրապարակված չէ: Լուրջ փոփոխություններն արդյունավետ կարող են լինել, եթե երկարաժամկետ օգտագործվեն: Հարկային բեռը`հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, 27 տոկոս է: Ինչքան հարկային փաթեթը բաց ու հրապարակային լինի, այնքան կշահի պետությունն ու հասարակությունը»:

 

Ա. Մինասյանը հիշեցրեց ՀՀԿ տնտեսական ֆորումին ընդունված բանաձեւում բառացի գրվածը. «Կառավարությունն իրագործել է ՀՀ նախագահի նախընտրական ծրագիրը, սակայն կա բացահայտ անհամապատասխանություն, մեր ժողովուրդը հիմա ավելի վատ է ապրում, քան առաջ, 2008-ին հրապարակված որևէ թիվ չի համընկնում ստացված արդյունքներին»:

 

Իսկ ըստ Վ. Այվազյանի` հարկային փաթեթը գաղտնիք չէ. «Շատ լուրջ քննարկումներ են իրականացվել` ամեն նախադասության հետ կապված: ԱԺ-ում չկա որևէ մեկը, որ տեղյակ չլինի փաթեթում առկա առաջարկներից: Բիզնեսի կողմից բողոք չկա` հարկային փաթեթի հետ կապված»: