կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-30 12:42
Առանց Կատեգորիա

''Ռադ'' եղեք

''Ռադ'' եղեք

Կրթության և գիտության նախարարության, դրա եվրաինտեգրված նախարարի գործունեությանը թեկուզ միայն թռուցիկ հետևելիս դժվար չէ տեսնել, որ հայոց կրթական համակարգի, մասնավորապես` դպրոցական հանրակրթության ամենամեծ թշնամին, որ տասնամյակներ շարունակ խափանել է աճող սերնդի կրթության ու դաստիարակության գործը, ոչ թե դպրոցները պատուհասած կաշառակերությունն է, երբ դպրոցական կրթության համակարգ յուրաքանչյուր նորեկի միայն «ոտնամուտն» արժե 3-ից 7 հազար դոլար` նայած դպրոցի կարգավիճակին ու գտնվելու վայրին, ոչ թե հնացած մեթոդական զինանոցն է, որ բարոյական տեսակետից մաշված էր նույնիսկ ամենալավ ժամանակներում` խորհրդային տարիներին, ոչ թե դպրոցում դասավանդող մանկավարժական կադրերի` գերակշիռ մասով կիսագրագետ վիճակն է, այլ… դրամահավաքությունը:

 

Այո, հայոց կրթության երերուն նավը համաշխարհային ջրերում ղեկավարող աշոտյանական միտքը վերջին մի քանի տարվա ընթացքում կրթական համակարգին նետված ավելի մեծ մարտահրավեր, այդ համակարգի ավելի զորեղ թշնամի չտեսավ, քան դպրոցներում իրականացվող դրամահավաքությունն է, որի «գլխին» էլ բարդվեցին հայ դպրոցի` տասնամյակներ շարունակվող ձախորդություններն ու ձախողումները, թերություններն ու թերացումները: Կամաց-կամաց դրամահավաքությունը դարձավ մի յուրօրինակ քավության նոխազ, որը և պաշտոնապես կնքվեց համակարգում արմատացած բոլոր հոռի երևույթների, շարունակվող-խորացող կոռուպցիայի, մարտնչող անգրագիտության միակ ու գլխավոր «պատասխանատուն»: Նախարար Աշոտյանի ձեռամբ տասնյակ հրաման ու հրահանգ իջան դպրոցներ` դրամահավաքություն կոչվող նենգ թշնամուն տեղի չտալու, նրա գայթակղություններին դիմակայելու և հաղթահարելու, դպրոցն այդ չարիքից ազատագրելու հայրենասիրական հորդորով: Եվ ԿԳ նախարարությունն ավելի մեծ «ստեղծագործական» նվաճում, քան այդ հրաման-հրահանգներն էին, այդպես էլ չունեցավ:

 

Սակայն նախարարության գերատեսչական համեստ ուժերն ակնհայտորեն բավարար չէին նենգ թշնամուն վնասազերծելու համար, ահա թե ինչու նախարարության թիկունքին է կանգնել նաև Երևանի քաղաքապետարանը` քաղաքապետի «մակարդակով», և հանգամանալից անդրադարձել է հարցին` հերթական ահասարսուռ որոշումն ու հրահանգը իջեցնելով դպրոցներ, որպեսզի այստեղ հանկարծ չփորձեն ենթարկվել դրամահավաքության «սադրանքներին»: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ երեկ քաղաքապետ Տարոն Մարգարյանը «քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչությունների աշխատակիցների, ինչպես նաև ֆոտոլուսանկարիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ մեկ անգամ ևս հանձնարարել է խստորեն վերահսկել հանրակրթական դպրոցներում տարբեր առիթներով դրամահավաքության երևույթները բացառելու գործընթացը»: Այս հույժ ուսումնանպաստ խորհրդակցության ժամանակ, մասնավորապես, հատուկ ուշադրության են արժանացել դպրոցական ավարտական երեկույթները. քաղաքապետարանում նախազգուշացրել են բոլոր դպրոցների տնօրեններին` զերծ մնալ այդ երեկույթներին մասնակցելու, առավել ևս կազմակերպելու «գայթակղությունից»: Հորդոր է հղվել, որ, եթե, այնուամենայնիվ, երեկույթներ կազմակերպվելու են, դրանք պետք է անցկացվեն դպրոցներից դուրս և առանց ուսուցիչների. «Տարոն Մարգարյանը ոլորտը համակարգող քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանին և հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին հանձնարարել է ծնողական կոմիտեների հետ խորհրդակցություններ անցկացնել և հորդորել, որ նմանատիպ նախաձեռնությունները իրականացնեն առանց դպրոցների տնօրեններին և ուսուցչական անձնակազմին ներգրավելու»:

 

Զարմանալի է, թե ի՛նչ պատճառաբանությամբ ու հիմնավորմամբ են քաղաքապետարանցիները շրջանավարտ երեխաներին միայնակ` առանց մանկավարժի հսկողության թողնում նրանց կյանքում թերևս ամենակարևոր, ինչու չէ, նաև վտանգավոր` դպրոցական երեկույթների ժամանակ, ինչպե՛ս են այդ երեկույթները զրկում երեխաների համար ամենաթանկ մարդկանց` ուսուցիչների ներկայության հմայքից, ինչպես են երեխաներին, փաստորեն, «ռադ» անում դպրոցից, ինչ է թե ազատվեն ամեն տեսակ պատասխանատվությունից: Հետաքրքիր է` այս խորհրդակցության մասնակիցներն իրենք ինչպե՞ս են անցկացրել դպրոցական հրաժեշտի երեկոները` առանց ուսուցչի՞, առանց դասղեկի՞, առանց տնօրենի՞: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օրինակ, դպրոցական հրաժեշտի երեկոյի համար փող չի՞ հավաքել, ու նրա դասղեկն այդ երեկույթին չի՞ մասնակցել: Ընդհանրապես, ո՞վ է որոշել, որ դա այդքան հակադաստիարակչական-հակակրթական միջոցառում է:

 

Քաղաքապետարանում անցկացված վերոնշյալ խորհրդակցության ժամանակ հանդուրժողական մի քայլ, այնուամենայնիվ, արվել է` թույլ է տրվել, որ երեխաները գումար հավաքեն գոնե ավարտական հուշալբոմների համար: Ի՛նչ զիջողամտություն:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ