Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը որոշում է կայացրել անորոշ ժամանակով հետաձգել Երևան-Վան ուղիղ չվերթերի իրականացումը. այսօր հաղորդագրություն է տարածել թռիչքների կազմակերպիչ «Նարեկավանք Տուրը»:
««Նարեկավանք Տուրն» ափսոսանքով հայտնում է, որ երեկ՝ մարտի 28-ին, Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն անորոշ ժամանակով հետաձգել է Վան-Երեւան-Վան ուղիղ չվերթների իրականացումը: Այս չվերթը պետք է իրականացվեր հայկական «Նարեկավանք Տուր» ընկերության, թուրքական «Բորաջեթ» ավիաընկերության եւ Վանի «Այանիս» տուրիստական գործակալության կողմից: Չվերթի գլխավոր նպատակն էր զարգացնել տուրիզմը եւ ժողովուրդների միջեւ մշակութային կապերը տարածաշրջանում, ինչպես նաեւ նպաստել տնտեսական եւ գործարար համագործակցությունը:
Չվերթի կազմակերպիչները խանդավառությամբ արձանագրում էին այն փաստը, որ նախաձեռնությունը չի արգելակվում ոչ Հայաստանի, ոչ էլ Թուրքիայի իշխանությունների կողմից: Այս դրական իրողությունը բազմիցս ողջունել են Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունն ու Թուրքական տուրիստական գործակալությունների ասոցիացիայի Վանի մասնաճյուղը:
Կազմակերպիչները միանգամայն քաղաքականությունից հեռու մնալու մոտեցումով էին առաջնորդվում: Ափսոսանքով հայտնում ենք, որ նույնը չկարողացան անել թուրքական իշխանությունները, որոնք ի վերջո թույլ տվեցին, որ քաղաքականությունը բացասական կերպով միջամտի այս խոստումնալից նախագծին: Մենք դեռ հույս ունենք, որ Թուրքիայի իշխանությունները ողջամտություն կցուցաբերեն եւ կվերանայեն իրենց որոշումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: