Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 19-ից «Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Լիոն կանոնավոր ուղիղ չվերթեր կիրականացնի: Երեկ ֆրանսիական Լիոն քաղաքի «Սենթ-Էքզյուպերի» օդանավակայանը կազմակերպել էր ամենամյա ուորքշոփ, որին, ընդհանուր առմամբ, մասնակցում էին 35 ավիաընկերություն և 170 տուրիստական գործակալություններ:
Ուորքշոփին առաջին անգամ մասնակցում էր նաև «Արմենիա» ավիաընկերությունը՝ ներկայացելով չվերթերի տոմսերի գներն ու առաջիկա ծրագրերը: Երևան-Լիոն ուղիղ չվերթի կայացմանը վաղուց էին սպասում Լիոնում: Հենց երեկ առաջին իսկ պայմանավորածությունը ձեռք բերվեց: «Քարտիե լիբր» տուրիստական կազմակերպության կոմերցիոն գծով պատասխանատու Սեսիլիա Շմիթը նշեց, որ առաջիկայում իրենց գործակալության միջոցով մեծ խմբեր կօգտվեն չվերթից:
«Վստահ եմ, որ շատ շուտով Երևան-Լիոն ուղիղ չվերթը կդառնա ամենապահանջված չվերթերից մեկը ֆրանսիացիների համար: Մենք այսօր էլ կազմակերպում ենք դեպի Երևան այցեր, սակայն թռիչքներն իրականացվում էին երրորդ երկրով: Բնականաբար, ուղիղ չվերթերը շատ կհեշտացնեն մեր աշխատանքը»,- ասաց Շմիթը:
Երևան-Լիոն ուղիղ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու օր հաճախությամբ, իսկ չվերթի տոմսի գինը կլինի մրցունակ: «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանի խոսքով՝ Երևան-Լիոն ուղիղ չվերթի տոմսի գինը կսկսվի 170 եվրոյից: «Նման գին, մեծ առումով, ոչ մի ընկերություն չի առաջարկում: Մենք այնպես ենք արել, որ տոմսի գինը լինի մրցունակ և մատչելի»,-ասաց նա:
Երևան-Լիոն ուղիղ չվերթի կայացմանը սպասում էին ոչ միայն հայերը, այլ նաև ֆրանսիացիները: Լիոնի «Սենթ-Էքզյուպերի» օդանավակայանի մարքեթինգի ղեկավար Ստեֆան Ժեֆրուան նշեց, որ վաղուց էին փնտրում ավիաընկերություն, որը կիրականացներ Երևան-Լիոն ուղիղ չվերթեր: «Վստահ եմ, որ ինչպես Երևանից Լիոն, այնպես էլ հակառակ ուղղությամբ մեծ թվով ուղևորներ ենք ունենալու: Լիոնից Երևան թռչող ինքնաթիռների ոչ մի նստատեղ դատարկ չի լինելու»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքն էլ անպայման կօգտվի ուղիղ չվերթով Հայաստան այցելելու հնարավորությունից:
Նշենք նաև, որ միջոցառման ավարտին յուրաքանչյուր ավիաընկերություն խաղարկության միջոցով անվճար տոմսեր նվիրեց այս կամ այն մասնակցին: